Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԿՆԱԿԱՄԱՐԻ ԱՍՏՂԵՐԸ ՔԻՉ ԵՆ»

Ապրիլ 28,2011 00:00

Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տան գործերն առաջ տանելու համար հյուրանոցային աստղեր են պետք

Եթե մի ժամանակ Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տունը համարվում էր լավագույններից մեկը եւ կարելի է ասել՝ «ընտրյալներն» էին կարողանում այնտեղ իրենց հանգիստը կազմակերպել, ապա այսօր այդ հյուրանոցն իր մասամբ հնամաշ գույքով, սպասարկման ոճով եւ զվարճանքի սրահների բացակայությամբ հետ է մնացել Ծաղկաձորի մյուս հյուրանոցային համալիրներից: Տարեցտարի այս հյուրանոցի հաճախորդները նվազում են: Պատճառը, ըստ հանգստյան տան պատասխանատուների, Ծաղկաձորի անտառների ոչնչացումն է եւ բազմաթիվ ժամանակակից հյուրանոցների առկայությունը: Գրողների ստեղծագործական տուն ոտք դնելիս՝ զբոսաշրջիկն անմիջապես խորհրդային տարիների շունչն է զգում: Հետո անցնելով միջանցքներով ու ճաշարանով, տեսնելով հատակի գորգերն ու խոհանոցի սպասքը, հանգստացողները մոտ 30 տարով տեղափոխվում են անցյալի գիրկը: Անգամ սպասարկող անձնակազմի հագուստն է հիշեցնում խորհրդային ոճը: Սպիտակ գոգնոցներով եւ գլխարկներով կանայք թեեւ շատ բարեհամբույր են հաճախորդի հետ, բայց սպասարկման ոճով եւ շարժուձեւով խորհրդային բուֆետի աշխատողի տպավորություն են թողնում: Եթե այլ հյուրանոցներում սննդի սենյակի դռան վրա գրված է ռեստորան, ապա այստեղ այն մնացել է դեռ «սովետական» շրջանի պես՝ ճաշարան: Սպասարկումն էլ՝ կրկին շատ բարեհամբույր, բայց՝ ճաշարանային: Ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ գոնե ոճային փոփոխություններ չեն անում, արդյոք այդպես ուզում են խորհրդային շո՞ւնչը պահպանել, տնօրենն ասաց. «Փորձում ենք կոլորիտը պահել, բայց ոճի վրա էլ ենք աշխատում: Ինչ վերաբերում է սպասքին, ապա, եթե այն կոտրված կամ ճաքած չէ եւ դեռ կարող է ծառայել՝ օգտագործում ենք»: Տնօրենի խոսքերով, որքան կարողանում են՝ որոշ սենյակներ վերանորոգում են, բայց այդ նորոգումն էլ հնացել է՝ 5 տարվա է. «Հյուրանոցային բիզնեսն այնպիսին է, որ ամեն ինչ շուտ մաշվում է, ուստի 5 տարին մեկ պետք է գույքը փոխել: Մենք այնքան եկամուտ չենք ստանում, որպեսզի կարողանանք հիմնովին նորոգել: Սենյակների մեծ մասը վերջին անգամ 90-ականներին են նորոգվել»: Նշենք, որ Ծաղկաձորի ստեղծագործական տունը Գրողների միության սեփականությունն է, որն էլ, ըստ տնօրենի, ներդրումների հնարավորություն չունի. «Ինչքան կարողանում ենք, մեր եկամուտների հաշվին, որոշ բաներ անում ենք»: Մեր այն հարցին, թե իրենց բիզնեսը զարգացնելու համար ինչո՞ւ չեն ձգտում ներդրողներ ներգրավել, հատկապես, որ հանգստյան տունը բավականին գայթակղիչ վայրում է գտնվում, պարոն Մանուկյանն ասաց. «Դա մեզ համար շատ ցավոտ խնդիր է: Ամբողջ համալիրը վերանորոգելու համար միլիոնավոր դոլարներ են պետք: Ճիշտ է, աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի գործարարներ գան եւ ներդրումներ կատարեն, բայց առայժմ ոչ մի ռեալ բան չկա»: Մեր մյուս հարցին, թե խորհրդային տարիներից հայտնի Գրողների տան ճաշարանում մատուցվող բորշչն ու ոսպով ապուրն է՞լ են մինչ օրս որպես ավանդույթ պահպանում, տնօրենն ասաց. «Համով կերակուր է, պահպանում ենք»:
Այս առնչությամբ «Առավոտը» նաեւ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի կարծիքը լսեց: Նրա ներկայացմամբ՝ ծրագրեր կան Ծաղկաձորի ստեղծագործական տունն ամբողջությամբ արդիականացնել, նույնիսկ այնպես անել, որ հյուրանոցային աստղ ստանան. «Մենք կատակով ասում ենք՝ դե հենա աստղեր ունենք, էլի, այդպիսի հայտնի գրողներ են հանգստանում այնտեղ: Բայց հասկանում ենք, որ երկնակամարի աստղերից բացի, հյուրանոցային աստղեր էլ պիտի ունենանք: Մեր ամբողջ մտահոգությունն այն է, որ Ծաղկաձորի օլիգարխիկ միջավայրում եւ նման մրցակցության պայմաններում կարողանանք շահող դուրս գալ, պետք է արդիական միջավայր ստեղծենք»: Լ. Անանյանի խոսքերով՝ այս տարի արդեն 2 գործարարների հետ բանակցում են, որպեսզի ներդրումներ կատարեն: Մեր այն հարցին, թե այդ գործարարները Հայաստանի՞ց են, պարոն Անանյանն ասաց. «Ոչ, դրսից են: Տեղացիներն արդեն ունեն իրենց հյուրանոցները»: Իսկ այն հարցին՝ ինչո՞վ եք փորձում նորդրողներին գայթակղել, բաժնեմա՞ս եք հատկացնելու, միության նախագահն ասաց. «Հիմա ո՞վ ա երկնքից բերում ոսկիները լցնում խեղճ գրողական համայնքի գլխին: Մեր բանակցությունները տարվում են այնպես, որ ներդրումների չափով գործարարը շահույթ ունենա: Բայց մեկ այլ խնդիր էլ կա: Գրական համայնքը շատ դժվար է ամեն մի փոփոխություն ընկալում: Քանի տարի է՝ փորձում ենք Սեւանի հանգստյան տան համար էլ ներդրող գտնենք, վիճակը բարելավենք: Բայց հենց խոսք է բացվում այդ մասին, գրողները մի տեսակ վերապահումով են արձագանքում. շատ պահպանողական են վերաբերվում: Պետք է զգուշավոր լինենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել