Վերջերս Երեւանում կայացած Գ. Ծառուկյանի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարի հետ կապված՝ մամուլում կարծիքներ են հնչում՝ դիտարկելով այն որպես Գ. Ծառուկյանի ամբիցիաների դրսեւորում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ մոտեցումը: Պատասխանելով «Առավոտի» այս հարցին՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն ասաց. «Նման տեսակետը ես, առնվազն, հիվանդագին կարող եմ համարել: Գագիկ Ծառուկյանի անունը վաղուց արդեն դուրս է եկել մեր հանրապետության սահմաններից, եւ նման ինքնագովազդի կարիք պարոն Ծառուկյանը չունի: Ամբողջ աշխարհում տարածված պրակտիկա է, երբ միջազգային մրցաշարերը կրում են դրանք նախաձեռնողների անունը (Ղազախստանի նախագահի գավաթ, Ա. Կարելինի գավաթ եւ այլն): Բացի այդ, հենց Գագիկ Ծառուկյանի անմիջական ջանքերով է, որ ընդամենը երկրորդ անգամ Հայաստանում անցկացվող մրցաշարը, ի պատիվ ՀԱՕԿ նախագահի, ընդգրկվել է Եվրոպայի Բռնցքամարտի կոնֆեդերացիայի (EUBC) օրացուցային պլանում եւ ապագայում օլիմպիական վարկանիշային մրցաշար դառնալու միտում ունի: Այս տարի մրցաշարին մասնակցեց մոտ 20 երկիր՝ աշխարհի չորս մայրցամաքներից: Գնալով այս մրցաշարի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է, նորանոր երկրներ են ցանկություն հայտնում մասնակցելու Հայաստանում անցկացվող այս առաջնությանը: Սա պետք է մեզ ուրախացնի, որ Հայաստանի նման փոքր երկիրը դառնում է միջազգային նման բարձր կարգի ստուգատեսների կենտրոն: Իսկ մնացածն ավելորդ բամբասանքներ են եւ պարզ չարախոսություն»: