Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրաքանչյուրի Մորիկյանը

Ապրիլ 28,2011 00:00

\"\"Երեկ Ազգային գրադարանում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետություն» թերթի հիմնադիր եւ մինչեւ 1997թ. խմբագիր աշխատած, այնուհետեւ տարբեր տարիների՝ «Օրրան», «Ժամանակ» թերթերը, «Հայացք Երեւանից» ամսագիրը խմբագրած Այդին Մորիկյանին նվիրված «Հանդիպում» գրքի շնորհանդեսը: Ուսուցչի մասին գիրք հրատարակելու մտահղացումը Ա. Մորիկյանի ուսանողներինն էր: Գրքի հրատարակության եւ տպագրության հարցում ուսանողներին աջակցել են Ա. Մորիկյանի ընկերները:
«Նրա հետ յուրաքանչյուր հանդիպում նորի, լավի, բարու բացահայտում էր, եւ մենք չէինք ուզում, որ այդ հանդիպումներն ավարտվեին»,- ասում է նրա ուսանողներից Ռուզաննա Մինասյանը: «Հանդիպում» գրքի խմբագիր Մեսրոպ Հարությունյանը խոստովանեց, որ փորձել է քիչ խմբագրել ուսանողների աշխատանքները, որոնք տեղ են գտել այս գրքում: «Հանդիպումը» գրված է առաջին դեմքով, եզակի թվով, իսկ նյութերն անստորագիր են, քանի որ ուսանողների խոստովանմամբ՝ ուսուցչի մասին իրենք բոլորն ունեն մեկ միացյալ հիշողություն: «Այս գրքում այն է, ինչ ստացել ենք դասերի ընթացքում»,- նշեց ուսանողուհի Ռուզան Մինասյանը:
Շապիկի նկարը նախկին վարչապետ Արամ Սարգսյանինն է, որը վերջինս նվիրել է Ա. Մորիկյանին: Այն կոչվում է «Ճանապարհ դեպի լույսը» եւ պատկերում է դեպի տիեզերք գնացող մարդու: «Շատ դժվար է ընկերոջդ այդպիսի նկար նվիրել, առավել եւս, երբ գիտես նրա հիվանդության մասին»,- խոստովանում է Ա. Սարգսյանը:
2009թ. մայիսի 21-ին պետք է տեղի ունենար ուսանողների ավարտական միջոցառումը, բայց մայիսի 19-ին մահացավ Ա. Մորիկյանը; Ուսանողները մեկ ամիս հետաձգեցին միջոցառումը եւ նվիրեցին այն Ա. Մորիկյանի հիշատակին: Գրքի շնորհանդեսի ժամանակ նաեւ փոքրիկ հատված ցուցադրվեց այդ միջոցառումից: Ուսանողների խոստովանմամբ՝ իրենց բոլորի հաջողությունների եւ կայացման մեջ մեծ ներդրում ունի իրենց ուսուցիչը: Լրագրող, հրապարակախոս Անահիտ Ադամյանի ձեւակերպմամբ էլ. «Յուրաքանչյուրն ունի իր Մորիկյանը, ով չի սահմանափակվում 1958-2009 թվականներով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել