Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր զոհ՝ Կապանում

Ապրիլ 28,2011 00:00

Երեկ, ժամը 15-15.30-ի սահմաններում, Կապանի «Ճանշին»  ձեռնարկության ասֆալտի գործարանում, զոդման աշխատանքներ կատարելիս, թթվածնի բալոնի պայթյունից մահացել է 1943թ.-ին ծնված Կապանի բնակիչ Ռուբիկ Սարգսյանը:

Ինչպես «Առավոտին» տեղեկացրեցին Սյունիքի մարզային փրկարարական վարչությունից՝ վիրավորներ ու այլ մահացածներ չկան: Կապանի բժշկական կենտրոնի շտապօգնության բաժանմունքից մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեցին, որ կանչ ստանալուց անմիջապես դեպքի վայր են այցելել, շատ լուրջ դեպք էր, պայթյունից մահացածի մարմինը բազմաթիվ կտորների էր բաժանվել, որպես ամբողջական մարմին չեն գտել:
68-ամյա Ռուբիկ Սարգսյանը թոռնատեր է եւ ունի 2 աղջիկ, մեկ տղա, ծանոթ-հարազատների պատմելով՝ շատ լավ ու հասարակ մարդ էր ու բոլորի հարգանքն էր վայելում:
Երեկ տեղեկացրել ենք, որ Քաջարանում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով Սյունիքի մարզի Եղեգ գյուղի բնակիչ 27-ամյա Իսահակ Մայիլյանը մահացել է, իսկ 25-ամյա Զորի Բաբայանը, 24-ամյա Էրիկ Գասպարյանը եւ 61-ամյա Տիգրան Շահբազյանը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ամենաշատ վնասվածքներ ստացել էր Տիգրան Շահբազյանը եւ Քաջարանից տեղափոխվել Կապանի բժշկական կենտրոն: Ըստ Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանի՝ երեկ երեկոյի դրությամբ տուժածի վիճակը շարունակում է մնալ ծանր կայուն: «Նրան հիվանդանոց ենք ընդունել շոկային վիճակում, զույգ սրունքների բաց բեկորային կոտրվածքների տեղաշարժով, ստորին եւ վերին վերջույթների, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի բազմաթիվ ծակած, պատառոտված վերքերով: Երեկվա համեմատ վատացում չի արձանագրվել եւ շատ մեծ է ապրելու հավանականությունը: Եթե հաջողվի 3-4 օր այս վիճակում պահել ոտքերի, վատացում չլինի, հետո կկարողանանք վիրահատական միջամտություն անել վրա»,- «Առավոտին» տեղեկացրեց բժիշկ Աթաջանյանը: Իսկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից տեղեկացրեցին, որ դեպքը կոմբինատի աշխատանքների հետ կապ չունի: Մահացածն ու վիրավորները «Վահրամ եւ Նորայր» ՍՊԸ-ի աշխատակիցներ են: Ընկերությունը կոմբինատի հետ ունեցած պայմանագրի համաձայն՝ գազիֆիկացման աշխատանքներ էր իրականացնում: «Վահրամ եւ Նորայր» ՍՊԸ տնօրեն Գառնիկ Հակոբյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ դեպքի մասին այլ մանրամասներ հայտնի չեն, գործ է հարուցված, պարզվում են դեպքի պատճառները: «Միայն գիտենք, որ թթվածնի բալոն է պայթել, պայթյունի պատճառների մնացած մանրամասները պարզ կդառնան հետաքննությունից հետո: Նման դեպք՝ մահացու ելքով եւ վիրավորներով, մեր գործունեության ընթացքում առաջին անգամ է եղել, արդեն 10-12 տարի է՝ ՍՊԸ-ն գործունեություն է ծավալում, եւ հենց ստեղծման օրվանից համագործակցում ենք Քաջարանի կոմբինատի հետ: Այս դժբախտ պատահարը բացառիկ ու եզակի դեպք է: Մեր ընկերությունը բնականաբար աջակցություն կցուցաբերի, ինչ-որ ձեւով կօգնի մահացածի ընտանիքին»,- ավելացրեց «Վահրամ եւ Նորայր» ՍՊԸ տնօրեն Գառնիկ Հակոբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել