Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՂԻ ԳԵՆՈՑԻԴ Է

Ապրիլ 28,2011 00:00

\"\"«Կենտրոնական բանկն ընտրել է գնաճը զսպելու ամենաէժանագին տարբերակը: Թանկացնելով փողը՝ բանկն ուղղակի գենոցիդի է ենթարկում տնտեսությունը»,- երեկվա ասուլիսում ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա, գնաճը զսպելու նպատակով ԿԲ-ն բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքները, որոնք էլ իրենց հերթին վարկերի տոկոսադրույքների բարձրացման պատճառ են դառնում. «Կառավարությունը տեսնում է այս խայտառակ իրավիճակը ու ոչինչ չի ձեռնարկում՝ բացի նոր գնաճ խրախուսելուց: Կառավարության քայլերը անգրագետ են, ու այդ քայլերը կատարողները չգիտեն. թե գնաճի որ տեսակի դեպքում ինչպես պետք է պայքարեն»:
Անդրադառնալով ԿԲ ֆինանսական կայունության եւ զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանի՝ նախօրեի հայտարարությանը, թե միջազգային շուկաներում ընթացող զարգացումները 2010 թվականին դրական են անդրադարձել Հայաստանի ֆինանսական կայունության վրա, պարոն Բագրատյանը նկատեց. «Միայն պաթոլոգիական ապուշը կարող է նման մտքեր հայտնել: Հայաստանում ֆինանսական իրավիճակ չկա: Ի՞նչ կայունության մասին է խոսքը, գերեզմանոցում էլ է կայունություն»:
Պարոն Բագրատյանի համոզմամբ, ստեղծված իրավիճակին նպաստում է նաեւ բանկային համակարգի անվերահսկելի ու մենաշնորհային լինելու հանգամանքը. «Բա՞նկ է մնացել: Փոխարժեքն անընդհատ փոխում են ու առաջացած տարբերությունները թողնում ժողովրդի վրա: Հասարակությանը այսքան բռնաբարելուց հետո ցինիզմ է խոսել բանկային համակարգի կայունությունից: Այն մեր տնտեսության մեկ քառորդն է կազմում, մինչդեռ նորմալ երկրներում բանկային համակարգը տնտեսության 100%-ն է լինում»:
Պարոն Բագրատյանի համոզմամբ, այն, որ Հայաստանում բանկային համակարգը մի քանի անձանց ձեռքում է, հաստատում են նաեւ վիճակագրական տվյալները: Օրինակ՝ Հայաստանում ու Ուկրաինայում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն նույնն է, բայց մեկ շնչի հաշվով ավանդները Ուկրաինայում 5 անգամ ավելի են: Թե տարեվերջին հանրապետությունում գնաճի ինչ մակարդակ կգրանցվի, պարոն Բագրատյանը զերծ մնաց կանխատեսումներ անելուց. «Այսօրվա դրությամբ գնաճը ոչ թե 11, այլ 18% է կազմում: Հնարավոր է, տարեվերջին այն հասցնեն նույնիսկ 3%-ի, բայց բյուջե չունենալու հաշվին: Կառավարությունը երկու խնդիր ունի՝ կատարել բյուջե՞ն, թե՞ զսպել գնաճը: Որ բյուջեն կատարեն, գնաճը պետք է գերազանցի 15%-ը: Նրանք ընտրել են գնաճը զսպելու ճանապարհը»:
Պարոն Բագրատյանը քննադատեց կառավարության ջանքերը գյուղատնտեսության ոլորտում՝ մասնավորապես գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորումը: «Ոչ մի սուբսիդավորում էլ չկա: Խաղ է: Գյուղատնտեսության խնդիրն այդտեղ չէ»,- նշեց բանախոսը: Ըստ նրա, գյուղատնտեսությունը գահավիժեց 2004-ին՝ հողային օրենսգրքի փոփոխություններից հետո. «Եթե նախկինում գյուղում հողակտոր կարող էին գնել միայն համայնքի բնակիչները, ապա այդ փոփոխություններով ցանկացած մարդու գնելու իրավունք տվեցին, ինչի արդյունքում պետական պահուստի հողերի մեծամասնությունը Ռոբերտ Քոչարյանը սեփականաշնորհեց, մի մասն էլ նվիրատվություն արեց իր աշխատակազմի ղեկավարին, մտերիմներին»:
Հ. Բագրատյանի կարծիքով, տրամադրվող գյուղատնտեսական վարկերը մի կոպեկի արժեք չունեն. «Խաղող մթերողներն արդեն հայտարարել են, որ գյուղացուց գնումները կրճատելու են, ինչո՞ւ, որովհետեւ խոշորից են գնելու: Կառավարության բարեփոխումներից նախապատրաստվող վնասն այնքան մեծ է, որ քիչ է մնում ասեմ՝ թողեք փախեք գյուղից, ոչինչ մի՛ արեք»: Պարոն Բագրատյանը համոզված է՝ այս տարի էլ ոլորտում անկումը կշարունակվի. «Չէր կարելի գալ գյուղ ու 15 հեկտարանոց կտորի կողքին ստեղծել 150 հեկտարանոց ու տալ բոլորը չինովնիկներին: Անհնար է, որ գյուղացին նրանց կողքին գոյատեւի»:
Թե ինչպես լուծել ոլորտի խնդիրները, պարոն Բագրատյանը ներկայացրեց հանդիպման ամենավերջում: Ըստ նրա, անհրաժեշտ է փոխօգնության տեսքով կոոպերացիաներ ստեղծել, որոնք կնպաստեն փոքր վերամշակող ձեռնարկությունների եւ ոռոգման համակարգի շահագործմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել