Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը այդպես է գնահատում վերջին մեկ ամսվա ընթացքում ՀԱԿ-ի ու իշխանության կողմից իրար ընդառաջ արվող քայլերը:
Երեկ իշխանություն-Հայ ազգային կոնգրես հարաբերություններում մի նոր ու, թերեւս, շրջադարձային փուլ սկսվեց: Այդ սկիզբը դրեց ՀԱԿ-ի կողմից նախկինում «ավազակապետություն» որակված համակարգի ղեկավար Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական կյանքի զարգացումներին, իր խոսքի առյուծի բաժինը նվիրելով ՀԱԿ-ին գովաբանելուն ու եզրակացնելով, որ «այսօր մենք ունենք ուժեղ իշխանություն, այսօր մենք ունենք ընդդիմություն, որը թույլ չի տալիս իշխանություններին իրենց զգոնությունը թուլացնել, եւ համագործակցելով՝ մենք կարող ենք իրոք մեր երկրի համար ապահովել լուրջ հաջողություններ։ Այստեղ եւս մենք պատրաստ ենք առաջինը լինելու, պատրաստ ենք լիցքաթափման քայլեր կատարելու, եւ ես արդեն հանձնարարել եմ արդարադատության նախարարին տալ առաջարկություններ»: Ասել է թե՝ եթե ոչ այսօր, ապա առաջիկա մեկ, առավելագույնը երկու ամսվա ընթացքում քաղբանտարկյալների գոնե գերակշիռ հատվածը եւս, բարեբախտաբար, ազատ կարձակվի:
Եվ այդուամենայնիվ, արդյոք վերջին մեկ-երկու ամիսների ներքաղաքական զարգացումները իշխանությունների ու ՀԱԿ-ի գործողությունների համատեքստում այլեւս փաստագրումը չե՞ն այն համառ պնդումների, թե դրանք կողմերի միջեւ արդեն իսկ առկա երկխոսության կամ, եթե կուզեք՝ բանակցության, «արժանապատիվ գործարքի» կամ թե շախմատային քաղաքականության հետեւանք են:
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի համոզմամբ՝ դրանք երկխոսության արդյունք չեն, այլ երկխոսության նախադրյալ. «Ինձ համար շատ հստակ է, որ երկու բեւեռները վերջին մեկ-մեկուկես ամսվա ընթացքում իրար ընդառաջ քայլեր են անում, եւ, ըստ էության, ուզենք, թե չուզենք, բայց Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ է իշխանությունը բավարարել ընդդիմության առաջադրած երեք պահանջներից երկուսը: Եվ, բնականաբար, շատ բարենպաստ միջավայր է ստեղծվել ընդդիմություն-իշխանություն երկխոսության համար: Կարծում եմ՝ 2008թ. ընտրություններից հետո այսօր ամենաբարենպաստ վիճակն է, որպեսզի վերջապես այդ երկխոսությունը կայանա»:
Երեկ «Առավոտի» հետ զրույցում քաղաքագետը պատասխանելով մեր այն հարցին, թե՝արդյոք 2007-ի աշնանը Համաժողովրդական շարժմանը միացած, մարտիմեկյան դեպքերից հետո ՀԱԿ-ի առաջնորդած պայքարի մասնակից տասնյակ ու հարյուր-հազարավոր մարդիկ հենց այդ երկխոսությա՞նն էին ձգտում, թե՞ «ավազակապետության կազմաքանդմանը», երկրում համակարգային փոփոխություններին, նկատեց. «Ցանկացած քաղաքական ուժ ունենում է մաքսիմալ եւ մինիմալ նպատակներ: Իշխանություններն էլ չէին ձգտում փոխզիջումների կամ երկխոսության, ՀԱԿ-ն էլ չէր ձգտում զիջումների կամ երկխոսության: Բայց խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին ընդառաջ երկուսն էլ մի բան հստակ գիտակցեցին. իշխանությունը գիտակցեց, որ չի կարող չեզոքացնել ՀԱԿ-ի գործոնը, Կոնգրեսն էլ գիտակցեց, որ չի կարող հասնել արտահերթ ընտրությունների, եւ գերակա դարձավ քաղաքական պրագմատիզմը, որը հուշում է, որ երկրի երկու առանցքային ուժերի միջեւ պետք է հաստատել խաղի որոշակի կանոններ»: Մանրամասնելով այդ խաղի կանոնները առաջիկայի համատեքստում՝ քաղաքագետն ասաց, թե դրանք վերաբերելու են առաջիկա խորհրդարանական եւ նախագահական հերթական ընտրություններին եւ գործելու են այդ ընտրությունների ժամանակ:
Եթե Սերժ Սարգսյանը ապրիլի 20-ին «Մարտի 1»-ի վերաբերյալ ցուցումներ չտար, եթե Ազատության հրապարակը շարունակվեր փակ մնալ ՀԱԿ-ի համար, ու վերջինս, ինչպես նախորդ դեպքերում, ոստիկանների հետ բանակցությունների ու բազմության ճնշման տակ մտներ հրապարակ, դա ինչ-որ բան փոխելո՞ւ էր, եթե, հենց Սուրենյանցի ասելով, ընդդիմությունը արտահերթ ընտրություններ պարտադրելու ռեսուրսներ չունի: Սուրենյանցի համոզմամբ, եթե իշխանությունները չանեին այն, ինչ արել են՝ ՀԱԿ-ի երկու պահանջները կատարելու ուղղությամբ, ապա դա ավելի կոշտ էր դարձնելու ընդդիմության վարքագիծը, ու քանի որ իշխանությունն էլ չուներ ՀԱԿ-ի պայքարը չեզոքացնելու ռեսուրս, ինչի հետեւանքով երկրում կարող էր շատ ավելի անվերահսկելի իրավիճակ ստեղծվել, որի հետեւանքներն էլ անկանխատեսելի կարող էին լինել, ուստի՝ «կողմերը որոշեցին վերահսկելի խաղի կանոններ հաստատել, որպեսզի թե՛ հասարակության, թե՛ միջազգային հանրության համար պարզ լինեին խաղի կանոնները»:
Բայց արդյոք այդ հաստատված խաղի կանոններն ու իշխանություն-ՀԱԿ փոխադարձաբար ընդառաջ կատարվող քայլերի արդյունքում Կոնգրեսը, ի վերջո, կարողանալո՞ւ է հասնել իր մաքսիմում ծրագրի կատարմանը՝ հաղթել նախագահական ընտրություններում եւ երկրում համակարգային բարեփոխումներ իրականացնել, կամ խորհրդարանական ընտրություններում ստանալո՞ւ է հենց այնքան չկեղծված քվե, որը հասարակությունը որպես վստահության դրսեւորում պատրաստ է տալ Կոնգրեսին: «Չեմ կարծում, թե խաղի այդ կանոնները կանխորոշելու են ընտրությունների ելքը: Խաղի կանոնները վերաբերելու են ընտրությունների որակին: Դրանց արդյունքները ցույց կտան, թե ինչպիսի քաղաքական պատկեր կունենանք, իհարկե, եթե կողմերից որեւէ մեկը չխախտի պայմանավորվածությունը, եւ եթե ընտրություններն անցկացվեն օրինականության դաշտում»,- հայտարարեց քաղաքագետը:
Նա էլ համոզմունք հայտնեց, որ անկախ այն բանից, թե մինչեւ ապրիլի 28-ը քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն, թե ոչ, այսօրվա հանրահավաքը «ջրբաժանի օր» չի լինի: «Դա տրամաբանության շրջանակներում էլ չէր լինի, որովհետեւ ակնհայտ միտում կա, որ իշխանությունը ՀԱԿ-ին ընդառաջ քայլեր է անում: Դրա վկայությունը նաեւ ապրիլի 27-ի Ս. Սարգսյանի հայտարարություններն են: Ինձ համար քաղբանտարկյալների հարցն ամենակարեւորն էր: Այդ հարցում էլ իշխանությունները ընդհանրական պատասխաններ են տալիս, որոնց իմաստն այն է, որ որոշակի ժամանակի մեջ այդ խնդիրը կլուծեն»,- ասաց Սուրենյանցը՝ հավելելով, որ հասարակությունը, ի վերջո, փոփոխություններ է ուզում: Քաղաքական էլիտայի խնդիրն այն է, որ այդ փոփոխությունները անցնցում լինեն, որի դեպքում երկրում հնարավոր կլինի փոփոխություններ իրականացնել: Որ այս իրավիճակը թույլ է տալիս երկրում անցնցում փոփոխություններ իրականացնել՝ քաղաքագետը համոզված է:
Բայց ավազակապետության առաջնորդի հետ որեւէ երկխոսությունը, ռեժիմին ընդառաջ քայլը տեղավորվո՞ւմ է բարոյականության շրջանակներում: «Գուցե ի սկզբանե սխալ էր նման տերմիններ շրջանառելը: Հիմա կողմերը երկուստեք հրաժարվել են «ավազակապետություն», «քիրվայություն» արտահայտություններից, ինչը ավելի ողջունելի է, քան իրար հետ այդ պիտակների լեզվով խոսելը»:
Ի դեպ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսելով՝ Ս. Սուրենյանցը կարծիք հայտնեց, թե ո՛չ իշխանություններին, ո՛չ էլ ՀԱԿ-ին դրանք պետք չեն, ձեռնտու չեն, որովհետեւ նրանք ինստիտուցիոնալ առումով դրանց պատրաստ էլ չեն: