ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը վրդովված է Արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից այն համատեքստում, որ դրանցում հստակ գործում է ԱՄՆ-ի ձեռագիրը, որը ոտքի է հանել տեղի ժողովուրդներին՝ սեփական օրինական իշխանությունների դեմ: Ռուբեն Թովմասյանը հատկապես վրդովված է, որ ՆԱՏՕ-ն՝ առանց Անվտանգության խորհրդի հանձնարարականի եւ թույլտվության, «քիթը խոթել» է տնտեսական եւ սոցիալական ցուցանիշներով առաջիններից մեկը համարվող Լիբիայի ներքին գործերի մեջ եւ ռմբակոծում է այդ երկրի խաղաղ բնակչությանը: Թովմասյանն ասում է՝ դրանով այդ կառույցն ուղղակի ապացուցում է իր՝ ԱՄՆ-ի ոստիկանը լինելը: «Մի ժամանակ ՍՍՀՄ-ին էին համարում «չարիքի կենտրոն», մինչդեռ հիմա ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն իրական չարիքի կենտրոն են»,- ասում է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարը՝ խստորեն դատապարտելով ՆԱՏՕ-ի գործողությունները, եւ զգուշացնում՝ «թող առիթից չօգտվեն, որ իրենց թեւը քաշող չկա»: Թովմասյանի հիմնական մտահոգությունն այն է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, եւ ՆԱՏՕ-ն ամեն րոպե կարող է սատարել Թուրքիային՝ իր նկրտումներում: