Մայիսի 6-ը «Մարտի 1»-ի զոհերի գործով ՄԻ Եվրոպական դատարան վերջնական գանգատ ներկայացնելու օրն է: Սակայն գանգատը կազմելու համար իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին մի քանի փաստաթղթեր եւ նյութեր են անհրաժեշտ, որոնց ձեռք բերումը, ինչպես հետագայում պարզվել է, բավականին բարդ է: «Դրանցից մի խումբ փաստաթղթերը դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացություններն են՝ կցված գունավոր լուսանկարներով, ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ձայնային արձանագրությունների էլեկտրոնային կրիչները»,- «Ա1+»-ին ասել է իրավապաշտպանը: Թեեւ էլեկտրոնային կրիչների համար համապատասխան պետական տուրքը վճարվել է, եւ հնգօրյա ժամկետում դրանք պետք է տրամադրվեին, սակայն կրիչները նա դեռ չի ստացել, իսկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի լիազոր ներկայացուցիչը չի պատասխանել իրավապաշտպանի հեռախոսազանգերին: Իսկ դատաբժշկական կենտրոնը ընդհանրապես հրաժարվել է տրամադրել անհրաժեշտ փաստաթղթերը: Իրավապաշտպանը այս ամենը համարել է ՄԻ Եվրոպական դատարան դիմելու իրավունքը խոչընդոտելու փորձ: Անկախ նրանից՝ կտրամադրվե՞ն այդ նյութերը, թե՞ ոչ, մինչեւ մայիսի 6-ը գանգատը պատրաստ կլինի եւ կներկայացվի Եվրադատարան: