ԱԺ նախկին պատգամավոր Էմմա Խուդաբաշյանի բաց նամակը Վարդան Օսկանյանին
Հարգելի նախկին արտգործնախարար
Հայաստանի Հանրապետության բնակիչների մեծամասնությունը, ի տարբերություն Ձեզ, վստահ է, որ եթե «ՀՀ նախագահի»՝ Սերժ Սարգսյանի «ինաուգուրացիայից անմիջապես» առաջ «քաղաքական պատճառներով» մարդիկ չձերբակալվեին, «բոլորովին այլ մթնոլորտ կստեղծվեր երկրում»: Եկեք ընդունեք՝ սեփական երկրում սեփական ժողովրդի հետ դիվանագիտական նման պարզունակ խաղեր խաղալն ազնիվ չէ: Այսօր ամեն ինչ այնքան մերկապարանոց է, որ բացարձակ ճշմարտությունները վերաձեւելու ու սեփական պլաններին հարմար «հասարակական կարծիք» ձեւավորելու ժամանակներն արդեն անցել են:
Պարոն Օսկանյան, փառք տանք Աստծուն, որ հոկտեմբերի 27-ին Քերրի Քովանոյին էիք ուղեկցում… այլապես Ձեր աչքերով ամեն ինչ կտեսնեիք ու գուցե նույնքան սրտացավ ասուլիս անեիք, որքան մարտի 1-ին: Եվ եթե մի երկու «կուժ» բանտում կասկածելի հանգամանքների զոհ դարձան, մի քանիսն էլ ձերբակալված են, կարծո՞ւմ եք՝ «կուլաներին» չգիտեն, կամ վաղ թե ուշ նրանց անունները սեւով սպիտակի վրա չե՞ն գրելու:
Փորձեք գոնե մի անգամ հանգիստ թողնել միջազգային կառույցներն ու նրանց գնահատականները, ի վերջո ամենակարեւորն այս երկրում ապրողների գնահատականն է, այս ժողովրդի հավաքական հիշողությունը, որ «Վասակ» անունը հարյուրամյակներ շարունակ համարյա չի օգտագործում… Ուզում եմ հիշեք 1998, 2003 թվականների ընտրությունները… հիշեք դրանց արդարացիության աստիճանը, «Ա1+»-ի եթերում երեւացող պաշտոնյաների ձեռքի քվեաթերթիկների տրցակները, որ քվեատուփ էին լցնում… հիշեք ապրիլի 12-13-ի Բաղրամյան պողոտան, երբ ջրցան մեքենաներով ու էլեկտրաշոկերով էին ցրում արդարություն պահանջող ժողովրդին… Չեմ հասկանում, բա մարտի 1-ին այդ ամբողջ տեխնիկան ո՞ւր կորավ, մի քանի տարվա մեջ ի՞նչ պատահեց մեր ոստիկանության «պրոֆեսիոնալիզմին»… Ինչո՞ւ արյուն հեղվեց… Իսկ գուցե այդպես էր պետք, գուցե հետընտրական իրողությունները Ռուսաստանում իրականացված սցենարից էին շեղվում… Իսկ գուցե պետք էր հոկտեմբերի 27-ին արյունատես դարձած ժողովուրդը մարտի 1-ին արյունաթաթախ լիներ, որ հետո դառնար արյունատենչ… Եվ այսպես մտածողների համար շատ ավելի խորհրդանշական ու ցինիկ է հնչում արաբական երկրների հիմնականում արհեստածին իրադարձությունների մասին ձեր հիշատակությունը…
Հարգելի պարոն Օսկանյան, միանշանակ համաձայն եմ Ձեզ հետ, որ երկրում իրավիճակը շատ բարդ է, բարդ է արդեն քսան տարի, եւ չկա մեկը, որ հակառակը պնդի, բայց պարզվում է՝ նույն երկրում ապրելով՝ դուք բոլորիցս տարբեր օդ եք շնչել, որովհետեւ դրա մեջ «զարգացում եք զգացել»: Դեռ լավ է, որ ինքներդ եք համեստորեն խոստովանում «ժողովրդավարական գործընթացներում կաղալու» մասին, մի՞թե կարծում եք՝ մենք բոլորս մոռացել ենք, թե որն է ավտորիտարիզմը, թե ինչպես էին նկարվում զարգացման, Ձեր ասած, երկնիշ թվերը, իրականում ում բանկային հաշիվներն ու արտադրություններն էին բազմապատկվում, ինչպես էին քվեարկում երկրից բացակաները, հանգուցյալներն ու դեռ չծնվածները:
Բոլորս մեր մաշկի վրա զգացել ենք ոչ թե «ձեւական», այլ իրական դիկտատուրան, իսկ «ջայլամային ամնեզիայով» տառապողների ուշադրությունն ուզում եմ կենտրոնացնել, թե ինչ պահ եք ընտրել կրկին հանդես գալու համար. մեծ ընդմիջումից հետո մեր երկրում իշխանությունն առաջին, թեկուզ եւ փոքրիկ քայլն է անում սեփական ժողովրդին ընդառաջ, ասեմ նաեւ, որ դրա համար մի կողմից՝ մեծ քաջություն է պետք, իսկ հակառակ կողմից՝ քաղաքական իմաստություն… Առաջին անգամ ընդամենը մի թիզ հող է ստեղծվում քաղաքակիրթ երկխոսություն սկսելու համար, եւ հանկարծ հին ու նոր տարբեր անհանգստացած ուժե՞ր են գլուխ բարձրացնում…
Մեծարգո պարոն Օսկանյան, որեւէ «ձեւ»աչափով քաղաքականություն վերադառնալու մտադրություն ունեցողները պարտավոր են եթե ոչ ապաշխարել, ապա գոնե ճշմարտությունն ասել… Ուրեմն խոստովանեք, որ «կուժ» եք ասում «կուլայի» փոխարեն, խոստովանեք, որ ինչպես 2008 թվականի մարտին, այնպես էլ Ձեր այս հարցազրույցն ու ներկայիս քաղաքական ակտիվացումը թելադրված են: «Հիմա ասելիք ունենալը» կամ «իրավիճակի վատթարացումը» կուժն է, իսկ կուլան տրամադրությունները տնտղելն է: Ժամանակին դա «զոնդաժ» էին անվանում: