Չի բացառվում, որ շուտով Խորվաթիայի կղզիներից մեկը կոչվի Ֆեյսբուկ՝ սոցիալական հայտնի ցանցի անունով: Կղզին անվանափոխելու գաղափարը պատկանում է խորվաթական Խվար կղզու վրա գտնվող Խվար քաղաքի քաղաքապետին: Այս մասին տեղեկանում ենք lenta,ru-ից, որը մեջբերել է տեղեկությունը «Croatian times»-ից:
Խվարի քաղաքապետ Պյերինո Բեբիչն արդեն իսկ Ֆեյսբուկ սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկենբերգին նամակ է ուղարկել՝ իր առաջարկով, եւ նույնիսկ հրավիրել է ամառային արձակուրդներն անցկացնել Խվար կղզում, որը համարվում է Ադրիատիկ ծովի ամենաարեւոտ կղզին: Եթե Ցուկերբերգը համաձայնվի առաջարկին, ապա Վելի Վոդնյակ կոչվող կղզին, որը գտնվում է Պակլենի կղզիների շղթայում, կանվանափոխվի: Այս նախաձեռնության հեղինակները հուսով են, որ դրանով կգրավեն զբոսաշրջիկների մեծ հոսք դեպի Ֆեյսբուկ կղզի: Ի դեպ, Խորվաթիայի բնակչության 30 տոկոսը գրանցված է Ֆեյսբուկում՝ սոցիալական ցանցում: