Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՈՅԿՈՏՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԴՈՒԹՅՆԵՐԸ

Ապրիլ 27,2011 00:00

Երիտասարդ հայ հայրիկներից շատերը ցանկանում են ծննդաբերության ընթացքում մենակ չթողնել կնոջը

Ամերիկյան ֆիլմերում հաճախ կարելի է հանդիպել տեսարանի, երբ ծննդաբերության ողջ ընթացքին մասնակից է դառնում ապագա հայրիկը, ամերիկացիները երբեմն նույնիսկ նախընտրում են նկարահանել ծննդաբերության ողջ ընթացքը, որպեսզի հետո երեխային ոչ միայն պատմելու, այլեւ ցույց տալու բան ունենան: Հայկական ավանդական ընտանիքներում ոչ միայն ընդունված չէ, որ ծննդաբերությանը մասնակցի ապագա հայրիկը, այլեւ նույնիսկ շատ հայ ընտանիքներում, դեռեւս ավանդույթի համաձայն, շարունակում են պահպանել այն կարգը, ըստ որի՝ ծննդաբերող կնոջ մորից գաղտնի են պահում նրա դստեր՝ ծննդաբերության փաստը: Եվ նա այդ մասին տեղեկանում է միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ արդեն ավարտված է լինում:

Ի վերջո, ավանդական հայկական ընտանիքի այս մոտեցումները ժամանակի ընթացքում սկսել են կորցնել իրենց երբեմնի ուժը, շատ երիտասարդ հայ ընտանիքներ դրանք ծայրահեղական են համարում եւ քիչ-քիչ սկսում են «բոյկոտել» ավանդույթները:

«Առավոտը» փոքրիկ հարցախույզի միջոցով փորձեց պարզել՝ հայ ամուսնական զույգերի մեծամասնությունը կո՞ղմ, թե՞ դեմ է, որ ծննդաբերության ընթացքում կնոջն ուղեկցի նրա ամուսինը: Շուրջ 20 տարբեր տարիքի ամուսնական զույգերի շրջանում կատարված հարցախույզի ընթացքում միայն երեքի դեպքում էր, որ զույգերից գոնե մեկը կողմ էր, որ ծննդաբերության պրոցեսին մասնակցի նաեւ ապագա հայրիկը: Իսկ այդ զույգերի միջին տարիքը մինչեւ 30 տարեկանն է: Աննան եւ Արեգն արդեն երկու զավակ ունեն, ամուսինը՝ 40, իսկ կինը 33 տարեկան է: Մեզ հետ զրույցում Արեգը նշեց. «Կինս երկու երեխա է ունեցել, բայց ոչ մի անգամ ոչ իմ, ոչ կնոջս մտքով չի անցել նման քայլի գնալ: Ես դա ամերիկյան թիթիզություն եմ համարում, որը հայ ընտանիքին պատիվ չի բերում»: Սերինեն ու Վարուժանը ավելի երիտասարդ ամուսիններ են՝ երկուսն էլ 24 տարեկան են եւ սպասում են իրենց առաջնեկին: «Առավոտի» հետ զրույցում պատմեցին իրենց որոշման մասին. «Մենք երկուսս էլ որոշել ենք, որ բալիկի ապագա հայրիկը մասնակցելու է ծննդաբերության ողջ պրոցեսին, որպեսզի հավասարապես կիսի ողջ պատասխանատվությունը: Մյուս կողմից էլ նման էքստրեմալ իրավիճակներում միասին գտնվելն ու դրանք հաղթահարելը ավելի են ամրացնում երիտասարդ ընտանիքի հիմքերը: Այստեղ ոչ մի ամոթ բան կամ թիթիզություն չկա, այլ՝ ընդհակառակը, ամուսնու ներկայությունը վստահություն կներշնչի կնոջը եւ նա ավելի թեթեւ կտանի ծննդաբերության բարդ ընթացքը»: «Առավոտը» զրուցեց նաեւ ավագ սերնդի ներկայացուցիչ զույգի՝ 65-ամյա Աստղիկի եւ 70-ամյա Գրիշայի հետ, որոնք արդեն 2 թոռնիկ ունեն: Քննարկվող թեմայի վերաբերյալ մեր զրուցակցուհին ասաց. «Այսպիսի բաները ավանդական հայ ընտանիքի համար ընդունելի չեն: Հայ ընտանիքներում կինն ամուսնու նկատմամբ այնպիսի խորին հարգանք ունի, որը երբեմն վերածվում է ամոթի: Իսկ ամոթի զգացումը երբեք թույլ չի տա հայ կնոջը համաձայնել, որ ամուսինն իրեն տեսնի այնպիսի իրավիճակում, ինչպիսին է ծննդաբերությունը: Ի վերջո, ամեն ինչ չէ, որ կարելի է ցույց տալ ամուսնուն, կնոջ բոլոր գաղտնիքները պետք չէ բացահայտել ամուսնու առջեւ, քանի որ դրանից հետո կկորչի հետաքրքրությունը կնոջ՝ որպես խորհրդավոր էակի նկատմամբ»:

Ծննդաբերությանը՝ ապագա հայրիկի մասնակցության կապակցությամբ այլ կարծիք են հայտնում հոգեբանները: ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի ասիստենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Գարգրցյանն այս մասին ասաց. «Մեզանում, ցավոք, կնոջը ոչ մի կերպ չեն նախապատրաստում ծննդաբերությանը: Չեն կազմակերպվում հատուկ մասնագիտական դասընթացներ, չկան հղի կանանց ակումբներ, որտեղ ապագա մայրիկները կարող են շփվել միմյանց հետ, փորձ եւ կարծիքներ փոխանակել, ինչը կօգնի կնոջը պատրաստվել ծննդաբերությանը եւ այն ավելի թեթեւ տանել: Մեկ այլ թերություն էլ կա մեր հասարակության մեջ: Որպես կանոն՝ կնոջը ծննդաբերության ընթացքում ուղեկցողներ չկան: Այնինչ՝ արտասահմանյան զարգացած երկրներում պարտադիր յուրաքանչյուր հղի կնոջ կողքին ծննդաբերության ընթացքում մեկը լինում է, որպեսզի հոգ տանի նրա մասին: Դա նաեւ բարոյական, հոգեբանական աջակցություն է, ծննդաբերության ուժեղ ցավերի ժամանակ կինն իրեն մենակ, անօգնական չի զգում, ինչը անհամեմատ հեշտացնում է ծննդաբերության ընթացքը»: Դառնալով այն հանգամանքին՝ արդյոք նպատակահարմա՞ր է, որ հղի կնոջ մասին հոգ տանող անձը լինի հենց նրա ամուսինը, Լ. Գարգրցյանը պատասխանեց. «Ընդհանրապես, ծննդաբերության ողջ ընթացքը բավականին մեծ էմոցիոնալ ցնցում է պարունակում, այն մեծ լիցք կրող իրադարձություն է: Ուստի պետք է ամուսիններն իրենք որոշեն՝ պատրա՞ստ են դրան, թե՞ ոչ: Երբեք պետք չէ դա անել ստիպողաբար: Բայց, անշուշտ, ամենից լավ կնոջ մասին հոգ կարող է տանել նրա ամուսինը, եւ նրա ներկայությունը ծննդաբերության ընթացքում շատ է օգնում կնոջը, բայց միայն այն դեպքում, երբ ամուսինը բավարար գիտելիքների պաշար ունի այդ գործընթացի մասին եւ հոգեբանորեն պատրաստ է ներկա գտնվել այդ իրավիճակում: Բացի այն, որ նա բարոյապես է աջակցում կնոջը, այլեւ հավասարապես կիսում է ողջ պատասխանատվությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել