Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Ապրիլ 27,2011 00:00

Նազիկ Ավդալյանը կրկին ավտովթարի է ենթարկվել

\"\"Երեկ ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին «Toyota» մակնիշի իր անձնական օգտագործման ավտոմեքենայով շրջվել է: Վթարը նկատած վարորդները նրան մեկ այլ մեքենայով հասցրել են Գյումրիի «Գյուլբենկյան» հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ առաջին բժշկական օգնություն ցույց տալուց հետո մարզուհուն բերել են Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոն: Մանրամասն հետազոտությունները ցույց են տվել, որ կոտրվել են Նազիկի ողնաշարի մեկ ող եւ ձախ երկու կողեր, սակայն, բարեբախտաբար, մարզուհու կյանքին վտանգ չի սպառնում: Երեկոյան Նազիկ Ավդալյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ երկու օրվա ընթացքում պետք է շարունակեն պրոցեդուրաները եւ նախապատրաստեն վիրահատության:

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հետ «Էրեբունի» բժշկական կենտրոնում այցելեց Նազիկին: Նա բժիշկներին հանձնարարեց վերջնական եզրակացության գալուց հետո իրեն տեղյակ պահել, թե ինչ է անհրաժեշտ անել: Պարոն Ծառուկյանը պատրաստակամություն հայտնեց անվանի մարզուհու լիարժեք բուժումը կազմակերպելու համար անհրաժեշտության դեպքում նրան ուղարկել լավագույն մասնագետների մոտ՝ աշխարհի որ ծայրում էլ կլինի:

Հիշեցնենք, որ սա մեկ տարվա ընթացքում Նազիկ Ավդալյանի արդեն երկրորդ ավտովթարն է:

Նախավերջին տեղում

Մոսկվայում մեկնարկեց գեղասահքի աշխարհի առաջնությունը: Այն պետք է կայանար մարտ ամսին՝ Ճապոնիայում, սակայն մեկնարկից մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով մարզաձեւի միջազգային ֆեդերացիան մրցումը տեղափոխեց Ռուսաստանի մայրաքաղաք: Մարզաձեւի աշխարհի առաջնության անցկացումը մեկ անգամ էլ հետաձգվել է հիսուն տարի առաջ՝ 1961 թվականին, երբ մրցավայր մեկնող ԱՄՆ-ի ազգային հավաքականի անդամները զոհվեցին ավիաաղետի հետեւանքով:

Հայաստանն աշխարհի մոսկովյան առաջնությունում ունի մեկ ներկայացուցիչ՝ 19-ամյա մենասահորդ Սարգիս Հայրապետյանը, որը, սակայն, անհաջող հանդես եկավ որակավորման փուլում՝ 24 մասնակիցների պայքարում 77,25 միավորով գրավելով նախավերջին հորիզոնականը: Տղամարդկանց մենասահքում Հունգարիայի դրոշի ներքո հանդես եկող Տիգրան Վարդանյանը 91,16 միավորով զբաղեցրեց 16-րդ տեղը:

Պարտություն՝ մեկնարկում

Աստանայում մեկնարկեց ֆուտբոլի Ղազախստանի նախագահի գավաթի խաղարկության միջազգային երիտասարդական մրցաշարը: Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականն անհաջող մեկնարկեց խմբային մրցաշարում՝ 3:5 հաշվով զիջելով Վրաստանի իր հասակակիցներին: Գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանի թիմը երկրորդ հանդիպումն անցկացնելու է այսօր՝ Ուկրաինայի ընտրանու հետ: Առաջին խմբի մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են Վրաստանը եւ Ուկրաինան: Թուրքիան եւ Հայաստանն առայժմ միավոր չունեն:

\"\"Տաթեւ Աբրահամյանը մտավ եզրափակիչ

Սենթ-Լյուիս քաղաքում ընթացող շախմատի ԱՄՆ-ի կանանց առաջնությունում ՖԻԴԵ-ի վարպետ Տաթեւ Աբրահամյանը կիսաեզրափակչում երկու պարտիաներում հաղթելով գրոսմայստեր Քամիլա Բագինսկայտեին՝ մտավ եզրափակիչ, որտեղ չեմպիոնության համար կպայքարի Աննա Զատոնսկիխի հետ:

 

Մրցափորձի պակաս կար

Ֆրանսիայի Սեն-Ժոզեֆ քաղաքում ավարտվեց ֆուտբոլի պատանեկան միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր նաեւ «Փյունիկ 2» թիմը: Մեր ֆուտբոլիստներն այդպես էլ ոչ մի միավոր չվաստակեցին՝ հերթականությամբ պարտվելով Սլովակիայի «Նիտրային», Ֆրանսիայի «Նիմին», Պորտուգալիայի «Բատյուկին», իսկ յոթերորդ տեղի համար հանդիպումում՝ նաեւ «Հավրին»:

Յուրի Վարդանյանի կյանքին վտանգ չի սպառնում

Հանրահայտ ծանրորդ, օլիմպիական խաղերի չեմպիոն եւ աշխարհի 43 ռեկորդների հեղինակ Յուրի Վարդանյանի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին «Livesport.ru»-ին տեղեկացրել է Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը՝ նշելով, որ Վարդանյանը գիտակցության է եկել, սակայն դեռ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում: Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն:

Վարդանյանը մի քանի օր առաջ Մոսկվայում էր, որտեղ նրա կոնքոսկրի մեջ դրված մետաղական ձողը կոտրվել էր, ինչի համար Երեւանում նոր վիրահատության անհրաժեշտություն էր առաջացել: Սակայն արդեն Երեւանում վիրաբույժները հարկադրված են եղել վիրահատությունն ընդհատել՝ ընթացքում առաջացած բարդությունների՝ սրտանոթային համակարգի սուր անբավարարություն առաջանալու պատճառով:

Յուրի Վարդանյանը անցած տարվա հոկտեմբերի 8-ին Երեւան-Գյումրի մայրուղում ավտովթարի էր ենթարկվել, որից հետո նրան տեղափոխել էին «Նաիրի» բժշկական կենտրոն եւ հաջող վիրահատել:

Պահանջում են Անդրեասյանի հրաժարականը

«Բանանց» ֆուտբոլային ակումբի ֆանատների կայքէջը տպագրել է «Արարատ» ակումբի իրենց գործընկերների հետեւյալ հայտարարությունը. «Վերջին շրջանում Հայաստանի ֆուտբոլային շրջանակներում քննարկվում են «Արարատ» ՖԱ-ի ծայրաստիճան անհաջող մրցելույթները երկրի առաջնությունում եւ ակումբի փոխնախագահ Արկադի Անդրեասյանի անհասկանալի վարքագիծը:

Վերջին իրադարձությունների հետ կապված (ֆոտոլրագրողին ծեծի ենթարկելը, դարպասապահ Պետուխովի հետ կապված իրավիճակը), որոնց մեջ ներքաշված է Ա. Անդրեասյանը, «Արարատի» երկրպագուների համբերությունը սպառվել է: Երկրպագուները նամակներ են ուղարկել բոլոր ինտերնետային հրատարակություններին՝ իրենց պահանջները հրապարակելու խնդրանքով: Նրանց պահանջը մեկն է՝ Անդրեասյանի հրաժարականը:

«BananaBoys.ru»-ն եւ «Բանանց» ֆուտբոլային ակումբի բոլոր երկրպագուներն ըմբռնումով են վերաբերվում իրենց «գործընկերներին» եւ պատրաստ են աջակցել «Արարատ» ՖԱ-ի ֆանատներին:

«BananaBoys.ru»-ն դեմ է հայկական ֆուտբոլում ամենաթողությանը:

Անդրեասյան, հեռացիր»:

Ի դեպ, երեկ ՀՀ ոստիկանության տեղեկատվական վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ ֆոտոլրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել