Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հեղինակները պետք է հետեւողական լինեն

Ապրիլ 27,2011 00:00

Համոզված են հեղինակային իրավունքի խախտումներով  զբաղվող կառույցների ներկայացուցիչները

Երեկ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության եւ «Հայհեղինակ» հ/կ- նախաձեռնությամբ քննարկում էր կազմակերպվել՝ նվիրված Գրքի եւ Հեղինակային ու մտավոր սեփականության համաշխարհային օրերին:

«Հայհեղինակ» հ/կ տնօրեն Սուսաննա Ներսիսյանի խոսքով, Հայաստանում հեղինակային իրավունքի խախտումը տարածված երեւույթ է: Նա նշում էր, որ իրենց կազմակերպությունն ամեն օր առնչվում է խնդրի հետ. «Դա ազդում է երկրի հեղինակության վրա: Շուկայում այնպիսի անօրինական կրիչներ կան, ինչպիսիք են տեսասկավառակներն ու խտասկավառակները… Մի կողմից սա հեղինակներին օգնում է տարածել իրենց ստեղծագործությունները, մյուս կողմից անօրինական կրիչները տարածվում են ամբողջ երկրով մեկ եւ ավելի է բարդանում հեղինակների իրավունքները պաշտպանելը»:

Թե որո՞նք են խախտումների պատճառները, ըստ Ս. Հակոբյանի՝ իրավունքների չիմացությունը. «Ոչ թե օրենսդրությունն է թերի, այլ այն, որ օրենքը չի կատարվում 90 տոկոսով: Նաեւ հեղինակներն են մեղավոր՝ պետք է տեր կանգնեն իրենց իրավունքներին»:

Ս. Ներսիսյանը փաստեց, որ 90-ականներից օրենքը 3 անգամ փոխվել է: Նրա խոսքով. «Հսկիչ նշանների եւ դրոշմանիշների միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին օրենքը պետք է գործեր մարտի 1-ից, սակայն դեռեւս ուժի մեջ չի մտել»:

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության մտավոր սեփականության դեմ պայքարի բաժնի պետ Արթուր Վարդերեսյանը, ներկայացնելով օրենսդրական փոփոխությունները, ասաց. «Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2010թ. ընթացքում վարչության աշխատանքի շնորհիվ բացահայտվել է 39 դեպք, որից 19-ը՝ հեղինակային իրավունքի խախտման: Դրանք հիմնականում վերաբերում են տեսա եւ խտասխավառակների ապօրինի առքուվաճառքին, կաբելային հեռուստատեսությունների կողմից առանց հեղինակային իրավունքի վերահեռարձակմանը, համերգային միջոցառումների կազմակերպմանը՝ առանց համապատասխան պետական վճարումների եւ կեղծ, մասնավորապես՝ «Մայքրոսոֆթ» ընկերությանը պատկանող ծրագրերի ապօրինի տարածմանը»:

Ինչ վերաբերում է ապրանքային նշանների օգտագործման խախտումներին, ըստ Ա. Վարդերեսյանի. «Դրանք հիմնականում վերաբերում են հիգիենիկ միջոցների եւ պարենային ապրանքների՝ օղու, կոնյակի, հանքային ջրերի պիտակների կեղծումով օգտագործմանը»:

Ոստիկանության ներկայացուցիչը խորհուրդ տվեց հեղինակներին՝ ակտիվ լինել իրենց իրավունքների պաշտպանության հարցում եւ խախտումներ արձանագրելու դեպքում դիմել իրավապահներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել