Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մշակույթը ազգ է պահում, ազգը՝ մշակույթ»

Ապրիլ 27,2011 00:00

Քննարկման հրավեր

\"\"Ճանաչված երգահան Սասուն Պասկեւիչյանը կրթությամբ շինարար-ինժեներ է, սակայն ռոմանտիկ ստեղծագործողի ոգին նրան տարել է դեպի երգարվեստ, պոեզիա: Նրա երգերից շատերը գրված են Չարենցի, Սեւակի, Կապուտիկյանի, Համո Սահյանի եւ այլոց բանաստեղծությունների խոսքերով: Պասկեւիչյանը իր ասելիքը գտնում է այդ հեղինակների գործերում, սակայն շատ երգեր գրել է նաեւ իր իսկ խոսքերի վրա: Նա 1980 թվականին տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ ապրեց 24 տարի: ԱՄՆ-ում Սասունը անմիջապես մտավ սփյուռքի մշակութային կյանք: Սուրեն Բուրսալյանի հետ աշխատակցեց «Սեւան» մշակութային հանդեսի հրատարակչությունում: Հետագայում հիմնեց իր սեփական «Հայաստան» հեռուստատեսությունը, որը մեծ ընդունելության արժանացավ: Սակայն նա՝ իր էությանը հարազատ, չկարողացավ դառնալ ամերիկացի…ու վերադարձավ Հայաստան:

Սասունի տունը Լոս Անջելեսում վերածվել էր հայ մտավորականների, արվեստագետների մի հավաքատեղիի: Նրա տան դռները միշտ բաց էին Հայաստանից ժամանած բոլորի համար: Դրանում իրենց տեղն ունեին նրա ժպտերես, բարեհամբույր կինը՝ Գայանեն (ներկայումս Երեւանի բժշկական համալսարանի դասախոս) եւ զավակները:

Սասունը մեծ քաղաքացի է, իր ազգին եւ երկրին նվիրված: Նա հաճախ ասում է. «Մշակույթը ազգ է պահում, ազգն էլ իր մշակույթը պիտի պահի»: Նա գտնում է, որ հայ երգն այսօր անառողջ է: Այն համապատասխան մանդատների եւ պետական հատուկ ուշադրության կարիքն ունի. «Շատ-շատ երգերում ասելիք, մեղեդի չկա: Մատուցման ձեւն էլ անցել է պարզունակության սահմանը, տեսահոլովակների մեծ մասը վեր է ածվել գռեհկության, սանձարձակության: Հայ ազգային մշակույթի պահպանումը օտարամոլության ազդեցությունից՝ ազգային հարց է: Բարքերի ապականումն ու նյութապաշտությունը արդեն տագնապալի չափերի են հասել: Բոլորս գիտենք, թե ինչ է կատարվում մշակույթում: Մի մասը գիտե, թե ինչու է կատարվում: Քչերը գիտեն, թե ինչ պետք է անել եւ շատ քչերը գիտեն, թե ինչպես անել…»: Սասունը հաճախ նշում է, որ երգը չեն գրում, երգը ստեղծում են. «Մեր այսօրվա երգերը մեծ մասամբ գրվում են: Երգը շնչող օրգանիզմ է (ինչպես ջուրը): Երգը ոչ միայն ժամանակի, այլ ընդհանրապես ասելիքի պրոբլեմն է: Երաժշտական ճաշակը ազգային անվտանգության խնդիր է: Եթե գիշեր ու ցերեկ հաղորդում ու պրոպագանդում են ռոք, ջազ եւ արեւելյան պարզունակ երաժշտություն, ապա դա ո՞ւր է տանելու մեզ…»:

«Երգ երգոցի» վերջին հաղորդումներից մեկը, որ նվիրված էր Սասուն Պասկեւիչյանի երգերին, մեծ արձագանքի արժանացավ: Շատերը անակնկալի եկան, երբ իմացան, որ շատ սիրված երգերի հեղինակը Սասուն Պասկեւիչյանն է: Երգեր, որոնք շատ-շատերի հիշողությունների մեջ էին՝ «Կուզեմ հիմի փչե զուռնեն», «Արագիլները», «Մայրս», «Դու հեռացար, քեզ մոռանալ չի լինի» եւ ուրիշներ:

«Մայրս, մայրս, դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս» (Համո Սահյան):

Երգերում խոսքի եւ մեղեդու համահունչ լինելը ապացուցում է Պասկեւիչյանի երգարվեստի վերը նշված միակ եւ ճիշտ խնդիրը: Նա հաճախ ցավով նշում է, որ մեր ժողովրդի մի մասը հոգեբանական հիվանդ է: Դրսից միտումնավոր, ծրագրված ներմուծված սերիալները բերում են հոգեբանական խաթարումներ: Եթե իշխանությունները չեն կանխում դա, ապա մտավորականությունը պարտավոր է անել: Ո՞ւր ենք գնում, ի՞նչ հանգրվանի կհասնենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել