Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ՉՎԱՏՆԵԼ ԵՐԿՐԻ ՓՈՂԵՐԸ

Ապրիլ 27,2011 00:00

\"\"Կամ՝ Տանգոյի փառատոնը շարունակվում է

Հայաստանցի հանդիսատեսին զարմացրել է Ազգային օպերային թատրոնում ապրիլի 29-ին կայանալիք Երեւանյան միջազգային տանգոյի փառատոնի հայտագիրը, որում արգենտինացի աշխարհահռչակ կոմպոզիտորներ Պիացոլայի եւ նրա ուսուցիչ Գինաստեռայի հանրահայտ տանգոների կողքին տեղ են գտել Շոպենի դաշնամուրային առաջին կոնցերտը եւ Վեբերի «Հունգարական անդանտե եւ ռոնդո» ստեղծագործությունը՝ ֆագոտի եւ նվագախմբի համար: Ազգային օպերային թատրոնի նվագախումբը եւ մենակատարներ՝ բանդոնեոնահար Մարսելո Նիսիմանը (Արգենտինա), դաշնակահար Արմեն Բաբախանյանը եւ ֆագոտահար Շմավոն Գրիգորյանը արգենտինացի հայտնի դիրիժոր Ֆագունդո Ագուդինի ղեկավարությամբ հանդես կգան վերը նշված ստեղծագործությունների կատարումներով:

«Առավոտը» հանդիպեց փառատոնի կազմակերպիչներից «Կադանս» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Նիկա Բաբայանի հետ, ով 1996թ. հանդիսանում է միջազգային երկու խոշոր կազմակերպությունների՝ ISPA (կենտրոնը՝ Նյու Յորք) եւ IAMA (կենտրոնը՝ Լոնդոն) անդամ:

Տանգոյի սիրահարների շրջանում դեռ թարմ է «Կադանսի» հրավերով Երեւանում հանդես եկած աշխարհահռչակ ակորդեոնահար Ռիչարդ Գալիանոյի համերգը, ով հանդես եկավ «Կադանս» խմբի հետ, գործընկերներ ունենալով ճանաչված երաժիշտներ՝ դաշնակահար Արման Բաբախանյանին եւ կիթառահար Հակոբ Ջաղացպանյանին: Ասենք նաեւ, որ Գալիանոն առաջիններից էր, որ ջազում սկսեց օգտագործել ակորդեոնը: Նա մի առիթով ասել է, որ ինքը ստեղծում է նոր երաժշտություն եւ չպետք է հնչի այն, ինչը դեռ 1930-ականներին էր, չբացառելով, որ պետք է հաշվի նստել այնպիսի հզոր ազդեցությունների հետ, ինչպիսիք են Ջոն Քոլտրեյնը, Բիլ Էվանսը եւ այլք:

Ինչ վերաբերվում է Պիացոլային, ըստ ակորդեոնահարի, անհրաժեշտ է, որ ցանկացած երկիր լսի նրա ստեղծագործությունները, քանի որ մինչ անցյալ դարի 80-ականները՝ հնացած երաժշտական ուղղություն համարվող տանգոյին հենց Պիացոլան նոր շունչ ու իմաստ հաղորդեց: Պիացոլային Հայաստանում սկսել են ճանաչել վերջին տարիներին՝ 2004թ. հիմնված «Կադանս» անսամբլի ելույթներից:

«Առավոտի» հետ զրույցում Ն. Բաբայանը հիշեցրեց, որ բացի «Կադանսից», ժամանակին իրենց նվագախմբերով տանգո են հնչեցրել դիրիժորներ Արամ Ղարաբեկյանը, Կոնստանդին Պետրոսյանը, Սերգեյ Սմբատյանը՝ հրավիրելով այնպիսի մեծության, ինչպիսին է Մարիո Պիետրոդակին:

Ինչ վերաբերում է կայանալիք տանգոյի փառատոնին տեղ գտած Շոպենի եւ Վեբերի երկերին, մեր զրուցակիցն ասաց, որ ծրագիրը կազմել է դիրիժոր Ագուդինը, մանրամասնելով. «Դիրիժորը մինչ օրս հիշում է Շվեյցարիայում Արմեն Բաբախանյանի եւ Շմավոն Գրիգորյանի հետ ելույթները»:

Հետաքրքրությանը, թե ինչո՞ւ իր անդամակցած երկու հզոր պրոդյուսերական կազմակերպությունները հաճախ համերգներ չեն կազմակերպում Հայաստանում, Ն. Բաբայանը նշեց 4 պատճառ. ա) մենք «թանկ ենք նստում»՝ ճանապարհածախսի առումով, բ) Հայաստանում դեռեւս չունենք եվրոպականին հավասար նվագախումբ, գ) մեր արտիստներին միջազգային շուկա դուրս բերելու համար լուրջ ներդրումներ են հարկավոր, դ) նահանջ է նկատվում կրթական համակարգում: Նա հավելեց նաեւ, որ, ի տարբերություն ակտիվ գործող հայաստանյան «փառատոնային» որոշ կազմակերպությունների, «Կադանսը» հիմնականում շարունակաբար «արտահանում» է երաժիշտների: Բաբայանը օրինակ բերեց 2008թ. արաբ կոմպոզիտոր Սալեմ Աբդուլ Քարեմիի «Կատար» սիմֆոնիայի կատարման առիթով Ստամբուլում, Բեռլինում, Մադրիդում, Լոնդոնում հյուրախաղերի մեկնած տարբեր ազգերի երաժիշտներից կազմված նվագախումբը, որտեղ գերակշռում էին հայերը (ավելի քան 80 երաժիշտ): «Նստել Հայաստանում ու մեր երկրի փողերը ծախսելով բերել մեծ անուններ՝ հերոսություն չէ, եւ եթե գումար կա, ապա որեւէ խնդիր ու գիտելիք հարկավոր չէ ներդնել այդ գործում»,- նշեց Ն. Բաբայանը, տեղեկացնելով, որ հունիսին էլ Երեւանյան տանգո միջազգային փառատոնի շրջանակներում իրենք կներկայացնեն ռուսաստանյան «Տերեմ» քառյակը, որն արդեն մեծ համբավ ունի աշխարհում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել