Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈՒՉՄԱՅԻ ԳՈՐԾՈՎ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

Ապրիլ 27,2011 00:00

\"\"Ուկրաինայի գլխավոր դատախազությունն ավարտել է 2000թ.-ին լրագրող Գեորգի Գոնգաձեի (նկարում) սպանության առնչությամբ երկրի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի նկատմամբ իրականացվող հետաքննությունը: BBC-ի մատուցմամբ, այդ մասին հայտնել է Գոնգաձեի այրու՝ Միրոսլավա Գոնգաձեի փաստաբան Վալենտինա Տելիչենկոն: Նրա ասելով, սպանված լրագրողի կինը երեկ հրավիրվել է Գլխավոր դատախազություն՝ գործի նյութերին ծանոթանալու համար:

«Այն, որ գործով միայն մի մեղադրյալ է անցնում՝ վկայում է ոչ միայն դատախազության քննիչների կողմից այլոց արարքներում հանցակազմ չտեսնելու, գործը մինչեւ վերջ չբացահայտելու, պատվիրատուներին ի հայտ չբերելու ցանկության, այլեւ «Դատարանի դահլիճում» եւ «Դատական գործեր» հեռուստաշոուների հետ մրցակցելու մտադրության մասին»,- «Ուկրաինսկայա պրավդային» տված հարցազրույցում հայտարարել է փաստաբանը:

Ընդսմին, Գլխավոր դատախազությունում եւ Կուչմայի գլխավորած «Ուկրաինա» հիմնադրամում նախաքննության ավարտի մասին տեղեկությունները հաստատել առայժմ չեն շտապում:

Կուչման այդ գործի շրջանակներում մեղադրվում է իշխանությունն ու ծառայողական լիազորությունները գերազանցելու մեջ, որը հանգեցրել է իշխանությունների նկատմամբ քննադատաբար տրամադրված լրագրողի սպանությանը:

Ուկրաինայի նախկին նախագահի դեմ քրեական գործը հարուցվել էր այս տարվա մարտի 21-ին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր ոչ թե կալանքը, այլ բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Շատերին էր զարմացրել այն փաստը, որ Կուչմայի դեմ քրգործը հարուցվել էր Վիկտոր Յանուկովիչի նախագահության օրոք, քանի որ Յանուկովիչն այն գործիչն էր, որին 2004-ին Կուչման փորձում էր որպես իր հետնորդի իշխանության բերել: Այդ ծրագիրը ժամանակին ձախողվել էր երկրում տեղի ունեցած «Նարնջագույն հեղափոխության» պատճառով:

2001-ին ուկրաինական ընդդիմությունը լրագրողի սպանության մեջ մեղադրում էր հենց նախագահ Կուչմային եւ նրա շրջապատին: Որպես դրա ապացույց, մատնացույց էին արվում պետական պահպանության նախկին պետ Նիկոլայ Մելնիչենկոյի ձայնագրությունները, որոնք արվել էին, ինչպես պնդում էին, Կուչմայի աշխատասենյակում:

Ձայնագրության մեջ Կուչմայի ձայնին նման մի ձայն հրահանգներ էր տալիս՝ Գոնգաձեի «հարցերը լուծել»: Այդ ձայնագրությունները՝ որպես իրեղեն ապացույցներ, կցվել էին Կուչմայի դեմ հարուցված քրեական գործի նյութերին: Կուչմայի փաստաբանը խոստացել էր բողոքարկել այդ որոշումը: Ինքը՝ Կուչման, կտրականապես հերքել է իր առնչությունը Գոնգաձեի սպանությանը, իսկ ավելի վաղ սպանությունը որակել էր նաեւ միջազգային սադրանք, որն անհրաժեշտ էր քաղաքական որոշակի շրջանակներին ու օտարերկրյա հատուկ ծառայություններին: Արդեն 2008-ին լրագրողի սպանության գործով 12 եւ 13 տարվա ազատազրկման էին դատապարտվել սպանությունն իրականացնելու մեջ մեղադրված երկու անձինք, իսկ 2009-ին կալանավորվել է Ուկրաինայի ՆԳՆ արտաքին դիտարկման նախկին պետ Ալեքսեյ Պուկաչը, որին նախաքննական մարմինը համարում է սպանության գլխավոր հանցակիցներից մեկը: Կուչմայի դեմ հարուցված գործով նախկին նախագահը նաեւ Պուկաչի հետ էր առերեսվել: Նախաքննությունը պնդում էր, որ Պուկաչը լրագրողի սպանությունը կազմակերպել է իր անմիջական վերադասի՝ այն ժամանակ ՆԳ նախարար Յուրի Կրավչենկոյի ցուցումով: Վերջինիս դին՝ հրազենային վնասվածքներով, հայտնաբերվել էր 2005-ի մարտին, որը պաշտոնապես որակվել էր ինքնասպանություն:

BBC-ի մատուցմամբ, քրեական օրենսդրության այն հոդվածը, որով մեղադրվում է նախկին նախագահ Կուչման, 10 տարվա վաղեմություն ունի, որն արդեն լրացել է, ուստի՝ չի բացառվում, որ դատարանը կարող է հրաժարվել գործը քննելուց եւ կարճել այն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել