Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մասնավոր դպրոցները՝ ինչպես որ կան

Ապրիլ 27,2011 00:00

ԳԹԿ-ն նպատակ չունի կրթօջախները լավուվատ դասակարգելու

ԿԳ նախարարության հակակոռուպցիոն ծրագրով՝ դպրոցները, քոլեջներն ու բուհերն առաջիկա 2 տարիներին կունենան որակից կախված ֆինանսավորում։ «Այն դպրոցները, քոլեջները եւ բուհերը, որոնք կրթության որակ չեն ապահովի, չեն ստանա համապատասխան ֆինանսավորում»,- քանիցս հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Կրթօջախների որակը փաստելու նպատակ ունեն նաեւ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) իրականացրած արտաքին ընթացիկ գնահատումները, որոնց «Առավոտը» պարբերաբար անդրադառնում է: Ի դեպ, բոլոր արդյունքները զետեղված են ԳԹԿ-ի atc.am կայքում:

«Առավոտի» հետ զրույցում ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանը հայտնեց, որ անցյալ տարվա դեկտեմբերին Արզնիում կայացած «Բուհական համակարգի ուսանողների հավաքագրման ընթացակարգը» թեմայով սեմինարի ժամանակ մասնակիցները մի շարք եզրակացությունների են հանգել: Դրանցից մեկն էլ այն է, որ, օրինակ, ավագ դպրոցների շրջանավարտները ընթացիկ արտաքին գնահատման արդյունքներով կարող են մասնակցել բուհական համակարգի հավաքագրման մրցույթին՝ շրջանցելով միասնական քննությունները: Այս եւ մյուս առաջարկները, ըստ Գ. Խաչատրյանի, առաջիկայում կներկայացվեն կառավարություն եւ հավանության արժանանալուց հետո կփորձեն կիրառել: «Եթե ավագ դպրոցում երեք տարի շարունակ ընթացիկ գնահատումներով կարողանանք սովորածը ստուգել, ապա դրա արդյունքում կարող ենք երեխային միանգամից բուհ ընդունել: Սրա առավելությունն այն է, որ 3 տարի շարունակ ընթացիկը լավ հանձնելու համար երեխան իսկապես լավ գիտելիք ձեռք բերելու հնարավորություն կունենա, որովհետեւ կրկնուսույցի մոտ արագ տեմպով ինչ-որ բան սովորելը հեշտ էլ մոռացվում է»,- ասում է ԳԹԿ տնօրենը: Վերջերս ԳԹԿ-ն արտաքին գնահատում է իրականացրել ավագ դպրոցներում, եւ մեր զրուցակցի խոսքով, գործընթացը թերի կլիներ, եթե չներգրավեին ԿԳՆ-ի ենթակայությամբ գործող վարժարաններն ու մասնավոր դպրոցները: Նշենք, որ ոչ պետական դպրոցների 10-րդ դասարանցիների մեծամասնությունը՝ 89%-ը սովորում է Երեւանում, 11%-ը՝ մյուս մարզերում: Գնահատականների մեծ տոկոսը (հայոց լեզվի եւ հայ գրականություն՝ 63%, մաթեմատիկա՝ 53,7%) բաշխված է 4-5 գնահատականների միջեւ, մինչդեռ 9-10 գնահատական ստացել է 10-րդ դասարանի աշակերտների 0,4%ը: Հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայից գնահատականների դրական շեմը չի հաղթահարել աշակերտների 23,9%-ը, մաթեմատիկայից՝ 32%-ը:

Ըստ Գ. Խաչատրյանի, ընդհանուր արդյունքները ցույց են տալիս, որ պետական վարժարանների եւ ոչ պետական դպրոցների միջին միավորներն ավելի բարձր են, քան պետական ավագ դպրոցներինը: Ավագ դպրոցների, պետական վարժարանների եւ ոչ պետական դպրոցների 10-րդ դասարանում սովորողների առաջադիմությունը հայոց լեզու եւ հայ գրականություն եւ մաթեմատիկա առարկաներից ցածր է միջինից՝ 5-ից: Ընդհանուր հաշվարկով, հայոց լեզու եւ հայ գրականություն ու մաթեմատիկա առարկաներից դրական միավորների շեմը չի հաղթահարել ավագ դպրոցների, պետական վարժարանների եւ ոչ պետական դպրոցների՝ 10-րդ դասարանում սովորողների, համապատասխանաբար, 24%-ը եւ 32%-ը, 4-5 գնահատական ստացել են՝ 63%-ը եւ 54%-ը, 6-8՝ 13%-ը եւ 14%-ը: Սովորողներից ոչ մեկը հայոց լեզվից եւ հայ գրականությունից չի հաղթահարել 9 եւ 10 գնահատականների շեմը, առավելագույն գնահատականը եղել է 8-ը, որի շեմը հաղթահարել է 26 աշակերտ: Մաթեմատիկայից 9-10 գնահատական ստացել է 10-րդ դասարանում սովորողների 0,4%-ը՝ 51 աշակերտ, որից 7-ը ստացել է 10 գնահատական: Հայոց լեզվից եւ հայ գրականությունից 22 պետական ավագ դպրոցների (պետական ավագ դպրոցների 25%-ը), 8 պետական վարժարանների (պետական վարժարանների 29%-ը), եւ 14 ոչ պետական դպրոցների (ոչ պետական դպրոցների 37%-ը) միջին միավորները չեն գերազանցում միավորների դրական շեմը, 66 (75%) պետական ավագ դպրոցների, 15 (54%) պետական վարժարանների եւ 16 (42%) ոչ պետական դպրոցների միջին միավորները գտնվում են 4-5, իսկ 5 (18%) պետական վարժարանների եւ 8 (21%) ոչ պետական դպրոցների միջին միավորները՝ 5-7 միավորների միջեւ: Մաթեմատիկայից 49 (56%) պետական ավագ դպրոցների, 7 (25%) պետական վարժարանների եւ 15 (39%) ոչ պետական դպրոցների միջին միավորները չեն գերազանցում միավորների դրական շեմը, 38 (43%) պետական ավագ դպրոցների, 11 (15%) պետական վարժարանների եւ 14 (37%) ոչ պետական դպրոցների միջին միավորները գտնվում են 4-5, իսկ 1 պետական ավագ դպրոցի, 10 (36%) պետական վարժարանների եւ 9 (24%) ոչ պետական դպրոցների միջին միավորները՝ 5-7 միավորների միջեւ: Հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայի ստուգման արդյունքներից երեւում է, որ միջինը 4 միավորի շուրջն է տատանվում: Օրինակ, հայոց լեզվից Գյումրիի «Պրոգրես» համալսարանի բազային դպրոցի միջին միավորը 7 է, Կենտրոն համայնքի «Մաշտոց» մասնավոր դպրոցինը՝ 6,8, Քանաքեռի «Ուսում» հանրակրթական դպրոցի միավորը՝ նույնպես վատ չէ՝ 6,1, «Քվանտ» վարժարանինը՝ 5,5 եւ այլն: Հայերենից ցածր արդյունքներ են գրանցվել Կենտրոն համայնքի «Սլավյանսկայա» դպրոցում՝ 3 միավոր, Ավանի «Մխիթարյան» կրթահամալիրում՝ 3,4, Արաբկիրի «Փոքր Մհերում»՝ 3,3: Մալաթիայի «Մխիթար Գոշ» էլիտար դպրոց-վարժարանը նույնպես «ոչ էլիտար» արդյունք է ցուցաբերել՝ 3,9 միջին միավոր հայոց լեզվից: Մաթեմատիկա առարկայից Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի արդյունքները շատ բարձր են՝ 7,4, Վանաձորի մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների վարժարանի միավորը բարձր է՝ 6,9, ՀՊՃՀ-ի վարժարանը՝ 6,4: Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մաթեմատիկա առարկայի միջին միավորը ցածր է՝ 3,6, նույն արդյունքն ունի նաեւ Ավանի «Օհանյան» վարժարանը: Ցածր է Կենտրոն համայնքի «Գալիոտ» վարժարանի մաթեմատիկայի միջին միավորը՝ 3,2, Արաբկիրի «Փոքր Մհեր» կրթահամալիրինը՝ 3: Մաթեմատիկայից չի փայլել «Փոքրիկ իշխանը»՝ 2,8:

ԳԹԿ տնօրեն Գ. Խաչատրյանն ասում է, որ ամենեւին նպատակ չունեն կրթօջախները լավուվատի բաժանելու՝ իրենք ախտորոշում են: Նրա խոսքով, ընդամենը ցանկանում են ցույց տալ օբյեկտիվ իրականությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել