Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԳԱՂՏՆԻ» ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 27,2011 00:00

\"\"Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրության ժամանակ խորհրդի որոշ անդամներ միմյանց ցույց էին տալիս քվեաթերթիկները, հետո գցում քվեատուփ:

Երեկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ բուհի ռեկտորի ընտրություն: Խորհրդի 32 անդամներից քվեարկությանը ներկա էր 30-ը՝ խորհրդի նախագահ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Մինչ քվեարկության բուն պրոցեսին անցնելը, բուհի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին իր թեկնածությունն առաջադրած միակ թեկնածուն՝ բուհի ռեկտորի պաշտոնակատար Կորյուն Աթոյանը ներկայացրեց այն հայեցակետային դրույթները, որոնք ընկած են լինելու իր գործունեության հիմքում՝ ռեկտոր ընտրվելու դեպքում: Ըստ էության, պարոն Աթոյանը հեծանիվ չհայտնաբերեց եւ թվարկեց այն խնդիրները, որոնք կան գրեթե բոլոր բուհերում՝ հատկապես մագիստրոսական կրթության որակի, ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակերպման արդյունավետության բարձրացում, դասախոսների վերապատրաստում, «համալսարանական ուսանողական կոլեկտիվների» ուժեղացում: Ելույթից հետո խորհրդի անդամներից ոչ ոք հարց չհղեց թեկնածուին: Եղան որոշ գովասանական ելույթներ: Օրինակ՝ Ֆինանսներ եւ վարկ ամբիոնի վարիչ Լուկաշ Բադանյանը նշեց, որ չնայած ինքը անձնական մտերմություն չունի Կ. Աթոյանի հետ, սակայն, տեսնելով նրա մոտեցումները, պաշտոնակատար նշանակված ժամանակահատվածում կատարած աշխատանքները, նրա համեստությունը, «կողմ» է քվեարկելու: Ելույթի վերջին հատվածի կապակցությամբ հնչեց խորհրդի նախագահ Հ. Աբրահամյանի ռեպլիկը. «Համեստությունը մարդուն գեղեցկացնում է, բայց շատ համեստ լինելն էլ մի բան չէ»:

«Գեղարվեստական» մասից հետո անցում կատարվեց գաղտնի ընտրության բուն գործընթացին: Ստեղծվեց հաշվիչ հանձնաժողով, այնուհետեւ հայտարարվեց ընդմիջում, մինչեւ հանձնաժողովը կավարտեր նախապատրաստական աշխատանքները: Այս ընթացքում «Առավոտը» Կ. Աթոյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է ցանկանում անպայման ռեկտոր դառնալ: ՀՀ ֆինանսների նախարարի նախկին խորհրդականը պատասխանեց. «Ողջ կյանքս անցել է կրթության եւ գիտության ոլորտում, ուղղակի վերջին շրջանում կուսակցական աշխատանքի բերումով այլ ոլորտներում եմ հայտնվել: Սակայն դեռ մանկուց ընտրել եմ գիտության ոլորտը եւ ինձ այդ ոլորտի մարդ եմ համարում, հակառակ դեպքում՝ չէի պաշտպանի դոկտորական ատենախոսություն: Քանի որ պաշտոններ միշտ էլ իմ կյանքում եղել- գնացել են, սա ես պաշտոն չեմ դիտում, մյուս կողմից էլ ես նոր տեղ չեմ եկել, չեմ եկել ղեկավարելու»:

Ի դեպ խորհրդի անդամները քվեարկում էին բաց դահլիճում, բոլորի աչքի առաջ, անգամ խորհրդի անդամներից որոշները քվեաթերթիկը ցույց էին տալիս հաշվիչ հանձնաժողովի անդամներից՝ Աբրահամ Բախչագուլյանին: Երբ խորհրդի անդամներից՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի հիմնադիր Բարսեղ Բեգլարյանին հարցրինք՝ ո՞ւմ օգտին քվեարկեց, նա կատակեց՝ օպոզիցիայի: Այնուհետեւ, երբ հարց բարձրացվեց, մի՞թե ինքը գաղտնի քվեարկեց, նա պատասխանեց. «Մտնելու տեղ կար՝ չմտա՞նք»: Քվեախցիկ տեղադրելու կապակցությամբ էլ ասաց. «Երեւի ժամանակ չեն ունեցել, դրա համար էլ չեն տեղադրել»:

Մինչ քվեարկության արդյունքները հրապարակելը, «Առավոտը» ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց, մի՞թե այսպիսին պիտի լիներ գաղտնի քվեարկությունը, ինչո՞ւ քվեախցիկ չէր տեղադրվել: Նա պատասխանեց. «Ամբիոն էր դրված, հերթով կարող էին մոտենալ՝ քվեարկել: Այնպես որ, ոչ մի ընթացակարգային խախտում չկա, քվեարկությունը իրականում փակ եւ գաղտնի է: Մյուս կողմից էլ մեր հասարակությունը ինքնագիտակցության այն բարձր մակարդակն ունի, որ կարծիք հայտնելու իրավունք ունենալու դեպքում, անկախ ամեն ինչից, դա անում է: Եթե ուզենային դեմ քվեարկել, նույնիսկ բաց քվեարկության դեպքում դա կանեին»:

Ընտրության ավարտին հայտարարվեց, որ Կորյուն Աթոյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր ընտրվեց ձայների՝ 28 «կողմ», 1 «դեմ» եւ 1 «անվավեր» բաշխվածությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել