Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կապույտ եթեր եւ սեւ բծեր Թատրո՞ն, թե՞ սերիալ

Ապրիլ 27,2011 00:00

ՀՀ հեռուստատեսությամբ ներկայացվող էրոտիկ բնույթի տեսարանները, սարսափազդու ֆիլմերը, անչափահասների վրա բացասական ազդեցություն գործող տարաբնույթ հաղորդումներն ազգային գեղարվեստական արժեքներին մեծ հարված են հասցնում, շատ դեպքերում էլ բարոյազրկում հասարակությանը: Հեռուստատեսությամբ ներկայացվող կոպիտ, խեղաթյուրված, հոգեկան շեղումներով հագեցած սերիալները պատճառ են դառնում բազմապիսի վտանգավոր երեւույթների: Հեռուստատեսությունից դուրս են մնացել արվեստի որոշակի, դաստիարակչական նշանակություն ունեցող ուղղությունները:

Հեռուստասերիալները բացահայտորեն ներխուժելով մարդկային թաքուն ապրումների ու անձնական հարաբերությունների ոլորտ, համեմելով այդ ամենը բռնությամբ եւ սեքսուալ մանրամասներով, գազանային տեսարաններով ու անբարո հանցագործությունների նկարագրություններով, օժանդակում են անձի դաժան ու հակամարդկային բնավորության ձեւավորմանը, խորացնում անհատի՝ հասարակությունից խռոված եւ օտարացած մարդկանց ողբերգությունը: Հեռուստատեսությամբ ցուցադրվող սերիալներն այդ ամենի դասական օրինակներն են: Ով ծանոթ չէ Հայաստանին ու հային, եթե փորձի այդ սերիալների միջոցով ծանոթանալ հայկական բնավորությանն ու կենցաղին, ապա կեզրակացնի, որ Հայաստանում չեն ցանում ու հնձում, չեն արտադրում ու կառուցում, կրթությամբ եւ գիտությամբ չեն զբաղվում, չունեն կինո եւ թատերական արվեստ, նկարում են պատերին ու ասֆալտին: Իսկ գրքի եւ երաժշտության մասին խոսելը նույնիսկ ավելորդ է: Ստացվում է, որ ամբողջ ժողովուրդը (վերից վար) կասկածելի գործարքների մեջ է, կեղծ վայելքների ու զեխությամբ է զբաղվում, արհեստավարժ մարդասպաններ, խարդախներ եւ ակամա զոհեր են: Այս պայմաններում հոգեւոր ու բարոյական արժեքների մասին խոսելը դառնում է ավելորդություն: Ստացվում է, որ ազգն առաջնորդվում է կենցաղի եւ նյութականի չափանիշներով: Հայկական սերիալների եւ անբովանդակ երգիծական պարզագույն հաղորդումների հետեւանքներն արդեն նկատելի են նույնիսկ մանկապարտեզի երեխաների մոտ, էլ չեմ ասում, որ դպրոցականների եւ ուսանողների շրջանում առաջացել է առօրյա խոսակցության տխուր բառապաշար: Իրար դիմում են հեռուստատեսային հաղորդումներից վերցրած ածականներով: Այդ սերիալները ոչ թե արվեստի տեսակ են, այլ բռնության, սադիզմի, գավառականության փայլուն օրինակներ: Ցավալին այն է, որ սերիալների ու հաղորդումների հեղինակները հակառակ կարծիքի են եւ մի շարք արվեստագետների հովանավորությամբ փորձում են արդարացնել սարսափն ու բռնությունը փառաբանող, տգիտությունը տարածող իրենց արտադրանքը՝ շարունակ շեշտելով, որ այն մեծ պահանջարկ ունի ժողովրդի շրջանում: Չեմ կարծում՝ գտնվի մեկը, որ ժխտի այն փաստը, որ հանցագործությունների թիվն ավելացել եւ շարունակվում է աճել սերիալների եթեր բարձրանալուց հետո:

Հարուստների որդիները հեռուստասերիալներում զվարճանում են, իսկ իրենց ծնողները պաշտոնավայրերում բամբասում են, դժգոհում, հեղափոխական կոչեր անում, ժողովրդին խաբում ու հիասթափեցնում: Նրանց ազգակործան չարագործությունների վերջը չկա:

Ոչ՛ կինոյի, ոչ՛ թատրոնի՝ հեռուստասերիալներ արտադրող արհեստանոցը (Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտը) փորձում է բուժել վերքերը: Հիվանդ օրգանի բուժման հարցը պետք է անհանգստացնի առողջ բժշկին: Բայց երբ բժիշկն է անառողջ, ինչպես կարելի է հիվանդին վստահել նրան: Թատրոնն ինչքան կարող է դիմանալ շինող կամ քանդող հարվածների: Անհատի կամ անհատականությունների դերն անհրաժեշտ է: Միայն մասնագետ գիտակը կարող է արդյունքի հասնել:

Այն, որ ազգային մշակույթը վտանգված է, դա փաստ է: Արդի վիճակը դրա լավագույն վկան է: Նեղ, անձնական խնդիրներ չեն, որոնց անդրադառնում եմ, այլ՝ գեղագիտական, ճանաչողական, բարոյական եւ գաղափարական: Հացի պես մեզ անհրաժեշտ է ազգային ոգի ու գաղափար: Բարեփոխությամբ լեցուն իմ գործունեությունը ոգեւորումի ներուժ պետք է դառնա բոլորի համար: Թատրոնն ու հեռուստատեսային սերիալնեը դարձել են կենսաբանության դասաժամեր: Արվեստում մեծ եղեռն է, որի համար ազգը մեզ չի ների:

Կոչ ենք անում մշակույթի, կրթության եւ գիտության, ներքին գործերի նախարարություններին՝ ուշադրության կենտրոնում պահել երիտասարդությանը կործանող այդ վտանգավոր սերիալների ցուցադրությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել