Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԴԱՌՆԱԼ՝ ԱՄԵՆ ԳՆՈՎ

Ապրիլ 27,2011 00:00

Քաղաքական դաշտում սկսվել է լեյտենանտ Շմիդտի որդիների մրցավազքը՝ դեպի պառլամենտ

Արդեն քանի տարի՝ հերթական կամ արտահերթ ընտրություններից առաջ լրագրողական աշխարհը մի տեսակ սարսափների մոլորակում է հայտնվում: Աշխարհը իր շառավղից դուրս է սայթաքում: Բոլոր ծանոթ եւ անծանոթ մարդիկ, քաղաքական ուժերը, գործիչները, անգամ գրասենյակները փոխում են իրենց իրական պատկերը՝ դառնալով անտանելի, չափազանց անտանելի: Ընտրություններից առաջ շատախոս են դառնում անգամ ամենաչխոսկանները, համարձակ են դառնում ամենավախկոտները, առավել ձանձրալի են դառնում ամենաձանձրալիները, շողոքորթ են դառնում ամենագոռոզները։ Մոտ մեկ տարի հետո հերթական ընտրությունների ուղտը կրկին չոքելու է քաղաքական ուժերի դռանը: Նախապատրաստական աշխատանքները սկսվել են արդեն այսօրվանից։ Օրինակ՝ իրար հրմշտելով մամուլի ասուլիսների են գնում իշխանական պատգամավորներ, որոնք անցած չորս տարիների ընթացքում չեն էլ բարեհաճել պատասխանել լրագրողների այս կամ այն հարցին: Ինչ-որ դպրոցներ են վերանորոգում մարդիկ, որոնք կյանքում դպրոց չեն գնացել, բարեգործական ակցիաներ են անում քաղաքական գործիչներ, որոնք այնքան հեռու են բարեգործությունից, որքան հայտնի կենդանին՝ հայտնի մարզաձողից:

Մի խոսքով, քաղաքական իրարանցումն արդեն սկսվել է: Կուսակցություններում արդեն ցուցակների շուրջ ներքին կռիվներ են, մոտավորապես՝ լեյտենանտ Շմիդտի որդիների հոգեբանությամբ: Զավեշտի են հասնում դեպքերը, երբ բավականին տարիքով պատգամավորներ իրար հետ հրապարակավ վիճում են, թե ով է ավելի հանրապետական կամ ով է ավելի բարգավաճ, իսկ օրինացականների մասին խոսք չկա, նրանք ամեն ջանք գործադրում են Արթուր Վահանիչի թեկուզեւ հպանցիկ հայացքին արժանանալու համար: Ցավոք, նույն բարքերն են նաեւ ընդդիմության դաշտում: Օրինակ, ՀԱԿ-ի հանրահավաքներում ելույթ ունենալու համար արդեն կռիվն ընկել է, եւ ամեն հանրահավաքից հետո կարելի է ասել, թե կոնկրետ որ գործիչն է կռիվ տալիս հայտնվելու համար ՀԱԿ-ի համամասնական ցուցակի անցողիկ տեղերում: Դաշնակցությունը թեպետ ավելի փակ կառույց է, սակայն այստեղ եւս պատգամավորական տեղերի համար լուրջ մարտեր են ընթանում, ոմանք՝ ներքին, թիկունքային մարտեր են մղում, ուրիշները, մասնավորապես՝ պատգամավորները ավելի հրապարակային են դրսեւորում իրենց ցանկությունները:

«Ժառանգության» անդամները եւս արեւի տակ տեղ ունենալու կռիվների մեջ են. այստեղ խնդիրը ավելի բարդ է, քանի որ գործող պատգամավորներից բացի, լուրջ հավակնություններ ունեն նաեւ մարդիկ, որոնք պարզապես մղվում են խորհրդարան այնպես, ինչպես դեպի հայրական տուն էին մղվում իրենց մանկության տարիներին:

Բայց, ինչպես հայտնի է, խորհրդարանի դահլիճը առաձգական չէ:

Սրահում 131 տեղ կա՝ եւ ըստ Սահմանադրության, եւ ըստ կոնկրետ աթոռների քանակի: Մի բան ակնհայտ է՝ խորհրդարանում են հայտնվելու սահմանափակ թվով ուժեր: Ըստ քաջատեղյակ կանխատեսումների՝ խորհրդարանում կլինի ՀՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Բարգավաճը», ՕԵԿ-ը՝ հաշվի առնելով որոշ հայտնի հանգամանքներ, իսկ Դաշնակցությունը եւ «Ժառանգությունը» դեռ երկար եւ տաժանակիր աշխատանք ունեն կատարելու, եւ փշոտ է նրանց ճանապարհը դեպի խորհրդարան:

Նոր ուժեր խորհրդարանում չեն հայտնվի: Օրինակ՝ Տիգրան Կարապետյանը իր ԺԿ-ով դարձյալ չի կարող հաղթահարել անհրաժեշտ շեմը, բայց չի բացառվում, որ, օրինակ, «Ժառանգության» հետ դաշինքով պարոն Կարապետյանը մտնի խորհրդարան: Նույն սցենարով, բայց այլ ցուցակով չի բացառվում, որ խորհրդարանում հայտնվեն մեկ-երկու ՄԻԱԿ-ական, մեկ-երկու այլ ջահելներ, ինչպես նաեւ շատ զարմանալի այլ անուններ, որոնց մի մասին մեր հասարակությունը վաղուց մոռացել է, իսկ մյուս մասին ամեն օր այնքան է տեսնում, լսում կամ կարդում, որ պարզապես չի նկատում նրանց գոյությունը: Ճիշտ է, ժողովրդավարության կանոնները հուշում են ասել, որ ընտրությունների արդյունքները որոշում է ընտրողը, հասարակությունը, բայց տարիների փորձն էլ իր հերթին է հուշում, որ արտառոց բաներ չեն լինելու, եւ վերը թվարկված ցուցակը մեկ տարի մեկուկես ամիս հետո կհամալրի օրենսդիր մարմնի նոր գումարման խորհրդարանի շարքերը:

Ըստ մեր տեղեկությունների՝ Հանրապետականի ցուցակում լինելու են ամենից էական փոփոխությունները: Հին անուններ, իհարկե, կլինեն, բայց նորերը այնքան շատ կլինեն, որ գրեթե կծածկեն հներին: Օրինակ, օլիգարխաց ողջ դասը լքելու է խորհրդարանը եւ լքելու է իր սեփական կամքով։ Նրանցից մի քանիսն արդեն հրապարակավ խոսել են այդ մասին եւ սպասում են խոսքից գործի անցնելու ժամանակին: Ասում են, որ կուսակցության համամասնական ցուցակում կհայտնվեն նոր կանայք, ավելի թարմ ու ավելի գեղեցիկ, նաեւ՝ ավելի ընդունելի հասարակության տարբեր շերտերի կողմից: Սրանք լոկ ենթադրություններ են, քանի որ այս կուսակցության ներսում ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ինչքան էլ իրենք իրենց կոտորեն եւ աչքի ընկնելու համար գլուխկոնծի տան, կա մեկ մարդ, ով անձամբ է գրելու ցուցակը, եւ այդ մարդը կուսակցության ու երկրի նախագահն է:

Գրեթե նույնն է լինելու նաեւ «Բարգավաճի» պարագայում: Պարոն Ծառուկյանը կգրի, կուսակցության խորհուրդը կհաստատի: Եվ եթե որեւէ մեկին թվում է, թե մյուս կուսակցությունների եւ ՀԱԿ-ի պարագայում այլ կերպ է լինելու, չարաչար սխալվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել