Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինչ հիշում եմ ինձ՝ բազարում կանաչի եմ ծախում»

Ապրիլ 27,2011 00:00

\"\"Դասերն ու աշխատանքը համատեղող 14-ամյա Գեւորգ Բադալյանը ուզում է հայրենիքի զինվոր կամ բիզնեսմեն դառնալ

2010 թվականի նոյեմբերի 11-ին «Հայ ենք, բայց…» հրապարակմամբ անդրադարձել ենք Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 1992 թվականին ԼՂ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից Հայաստան՝ Այնթապ տեղափոխված Ալվարդ Բալայանի ընտանիքին: Մայրն ու երկու որդին արդեն 5 տարի ապրում են երկաթյա տաղավարում, որը ժամանակին եղել է բենզալցակայանի վաճառակետ եւ տեղադրված է Այնթապ գյուղին պատկանող հողատարածքներից մեկում:

Թեեւ սոցիալական ծանր վիճակին, Ալվարդի փոքր տղան՝ Գեւորգ Բալայանը չի կորցնում հավատն ու չի կտրվում ուսումից:

Գեւորիկը, ինչպես անվանում են նրան թաղեցիներն ու ընկերները, 14 տարեկան է եւ սովորում է Երեւանի միջնակարգ դպրոցներից մեկում: Գուցե ամաչում կամ վատ էր զգում, այդ իսկ պատճառով չցանկացավ հրապարակել դպրոցի անունը: Աշխատանքը դեռ մանկուց Գեւորիկի ընկերն է եղել: «Ինչ հիշում եմ ինձ՝ բազարում կանաչի եմ ծախում»,- անկեղծանում է տղան: Դեռ 5-6 տարեկանից մորն օգնելն ու ընտանիքի հոգսը փոքրիշատե ուսերին կրելը պատանու համար սովորական է դարձել: Այս ամենից հետո անգամ սովորելու ձգտումը Գեւորգի մեջ չի կորել: Նրա ամենամեծ երազանքը սեփական տուն ունենալն է: Իսկ նպատակներից մեկն էլ՝ դառնալ տնտեսագետ, գուցեեւ հաջողակ բիզնեսմեն: Գեւորիկը հասցնում է հաճախել «Պատանի երկրապահներ» խմբակ եւ կուզենար դառնալ հայրենիքին պիտանի զինվոր: Դա վաղը, իսկ այսօր նա դժգոհում է կյանքից. «Էդ ո՞վ գոհ կլիներ էս ձեւով ապրելուց»,- ոչ այն է հարցնում, ոչ այն է՝ հարցին է պատասխանում Գեւորիկը:

Եթե Գեւորիկի տարիքի տղաները դասի ժամանակ մտածում են, թե երբ պետք է գնան տուն, համակարգչով զբաղվեն, բակում ընկերների հետ խաղան կամ ընկերուհուն տեսնեն, ապա Գեւորգ Բալայանը մտածում է, թե երբ տուն կհասնի, իր լեզվով ասած՝ կգնա բանջար հավաքելու, հետո հոգնած տուն կգա ու մորը կօգնի կանաչի մաքրել, լվանալ… Իսկ ո՞ւր մնացին դասերը: Գեւորիկը դասերը սովորում է ուշ երեկոյան, ինչը վկայում է, որ նա ունի պատասխանատվության մեծ զգացում:

«Հաճախ գիշերը 4-ին եմ քնից ելնում, որ հասցնեմ բազար գնալ, հետո գնում եմ դասի, բայց դասի ժամանակ չեմ կարողանում նստեմ, քունս տանում ա»,- ահա այսպես է անցնում 21-րդ դարի Հայաստանի 14 տարեկան քաղաքացու օրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել