Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԿՀ-ի հոգեւոր առաջնորդի ձեռամբ

Ապրիլ 27,2011 00:00

\"\"Սուրբ Հարության տոնի առթիվ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում, 1997թ.-ին կառուցված եկեղեցում, ձեռամբ քրեակատարողական հիմնարկի հոգեւոր տեսուչ տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի եւ դատապարտյալների մասնակցությամբ, մատուցվեց Սուրբ պատարագ:

Արարողությանը մասնակցում էին քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ Ռ. Հովհաննիսյանը, վարչության պետի տեղակալ Մ. Հարությունյանը եւ ՀՀ ԱՆ «Էրեբունի» ՔԿՀ-ի վարչակազմը՝ հիմնարկի պետ Հ. Պետրոսյանի գլխավորությամբ:

Սուրբ պատարագի ընթացքում հայր Ռուբենը ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունն ու զատկական պատգամը: Այնուհետեւ դիմելով ներկաներին՝ հոգեւոր առաջնորդը ուրախություն հայտնեց ձեւավորվող համագործակցության եւ քրեակատարողական ծառայության պատրաստակամության համար, որի շնորհիվ հնարավոր դարձավ պատարագի կազմակերպումը, ինչպես նաեւ տարբեր ձեռնարկների միջոցով ազատազրկվածների հոգեւոր կանոնավոր խնամատարությունը:

Անդրադառնալով Սուրբ Հարության խորհրդի կարեւորությանը՝ հայր սուրբը մասնավորաբար նշեց. «Սուրբ Զատիկը մեր՝ քրիստոնյաներիս հաղթանակի տոնն է: Տիրոջ հարությամբ ոչ միայն խորտակվեց մեղքի ու մահվան իշխանությունը, այլեւ մարդկային նոր կյանքի սկիզբը դրվեց: Այսօր մենք եւս կանգնած ենք Սուրբ Հարության խորհրդի առջեւ՝ ոչ միայն ամրապնդելու մեր հավատն ու հույսը, այլեւ վերափոխելու մեր կյանքը»:

Սուրբ պատարագի ավարտին եկեղեցու հարեւանությամբ տեղակայված խաչքարի մոտ, որը կառուցվել է 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին, կատարվեց նաեւ հոգեհանգիստ՝ ի հիշատակ Մեծ եղեռնի անմեղ զոհերի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել