Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՈՏԱՐՆԵՐԸ ՎԱՐՉԱՊԵՏԻՑ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ Են…

Ապրիլ 27,2011 00:00

Նախկին նորտարը քննադատում է վարչապետի «բացահայտումները»

\"\"Ունեմ 35 տարվա իրավաբանի ստաժ, որից վերջին 8 տարին աշխատել եմ Երեւանի «Աջափնյակ» նոտարական տարածքում՝ որպես նոտար: Համակարգից, առողջական խնդիրների պատճառով, իմ դիմումի համաձայն՝ 2 տարի առաջ դուրս եմ եկել աշխատանքից:

Հրապարակմանս առիթը ՀՀ վարչապետի կողմից 21.04.

2011թ. կառավարության նիստից հետո նոտարական համակարգի վերաբերյալ արված «բացահայտումներն» են: Այժմ նոտարական համակարգում չլինելը ինձ չի ազատում այդ «բացահայտումների» նկատմամբ իմ վերաբերմունքը արտահայտելուց, քանի որ սկսել եմ աշխատել «Նոտարիատի մասին» օրենքի 2002թ. գործողության մեջ դրվելու օրվանից: Իմ բոլոր գործընկերների նման, ես նույնպես վիրավորված եմ ՀՀ վարչապետի կողմից նոտարական համակարգի կոռումպացված լինելու, քաղաքացիների կողմից մասսայական դժգոհությունների վերաբերյալ, ես կասեի, անպատասխանատու հայտարարությունից, որով հեղինակազրկվում է մի ամբողջ կայացած համակարգ: Այդ հայտարարությամբ անձնական վիրավորանք է հասցվում նաեւ համակարգի յուրաքանչյուր նոտարի արժանապատվությանը, մանավանդ որ՝ կոռուպցիոն դրսեւորման որեւէ դեպք չի արձանագրված մինչ օրս: Նոտարները, որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձինք, կաշառքի սուբյեկտ չեն կարող լինել: Նրանք պահում են ոչ միայն իրենց, այլեւ պետությանը, քանի որ կառավարության կողմից 2002թ.-ից սահմանված սակագներով աշխատում են մինչ օրս եւ հարկեր ու սոցիալական վճարներ մուծում իրենց եկամտից: Նույն սակագներով, նույն աշխատաոճով աշխատել են մինչեւ օրս, նույն վարչապետի օրոք՝ 3 տարի, հետաքրքիր է, թե ինչո՞ւ վերջին երեք ամսում հանկարծ համակարգը դարձավ կոռումպացված եւ անհրաժեշտություն առաջացավ սերնդափոխության: Եթե նոտարը 3-5 հազար դրամ գումար ընդգրկող սահմաններում գանձում է 5 հազար դրամ, դա չի նշանակում, որ նա կոռումպացված է: Մանավանդ՝ սակագնում նշված ծառայության վճարները ողորմելի են՝ եվրոպական ցանկացած երկրի համեմատությամբ: Հետաքրքիր է, որ 2002թ.-ից հետո բարձրացել են կադաստրի կողմից գանձվող գումարները, մոնոպոլիստ օլիգարխների ներկրած ապրանքների գները, որը թշվառության է հասցրել ժողովրդին: Իսկ նույն օլիգարխների կողմից կառուցվող եւ վաճառվող անշարժ եւ շարժական գույքի՝ աստղաբաշխական գներով վաճառվելու պարագայում, նոտարը, որը անձնական գույքային պատասխանատվություն է կրում տվյալ գործարքի համար, գանձելու է ծառայության նույն գումարը, ինչ խրճիթ վաճառողից կամ վարձակալության հանձնողից: Կարծում եմ, որ նա իր իշխանությունը ի չարն է գործադրում հեղինակազրկելու նոտարական համակարգը, որը կատարում է ծանր ու անշնորհակալ աշխատանք: Վերջին հաշվով, առանց հիմնավորվածության նման սուբյեկտիվ հայտարարությունը՝ կամ վարչապետի անտեղյակության, կամ նրան տրված սխալ եւ որոշակի շահեր հետապնդող տեղեկատվության արդյունք է:

Գաղտնիք չէ, որ այդ կոռումպացված համակարգում միջոցների առաջ կանգ չառնելով, իր եղբոր 22 տարեկան, մագիստրատուրան դեռ չավարտած աղջկան տեղավորել է այդ համակարգում (այդ մասին հոդված է եղել հենց «Առավոտում»), որն այժմ աշխատում է որպես Կենտրոն նոտարական տարածքի նոտար:

Իմ երկարատեւ իրավաբանական աշխատանքի ընթացքում հազարավոր մարդկանց խորհրդատվություն եմ մատուցել, սակայն ինձ համար անըմբռնելի է, թե ինչ սերնդափոխության կամ փակ համակարգի մասին է խոսում վարչապետը, երբ գոյություն ունի Սահմանադրություն, Աշխատանքային օրենսդրություն եւ «Նոտարիատի մասին» օրենք, որում նշված է նոտարի աշխատանքային գործունեության տարիքը:

Առավել եւս զարմանալի է մասնագիտությամբ իրավաբան արդարադատության նախարարի հայտարարությունը համակարգի կոռումպացված լինելու մասին, որն արվել է ԶԼՄ-ներով եւ հեռուստատեսությամբ՝ առանց որեւէ ապացույցի եւ հիմնավորվածության:

Եթե նորանշանակ նախարարը ցանկություն ունենար կարգավորել իբր թերություններ ունեցող համակարգը, նա ոչ թե Ն.Օ.-ի 22 հոդվածի պահանջի խախտմամբ, որում նշված է, որ աշխատանքային գրաֆիկը սահմանում է նոտարը, հսկում է նախարարը, այլ նախօրոք համակարգին կտեղեկացներ իր նոր պահանջների մասին՝ խախտումների դեպքում համապատասխան պատիժ կիրառելով: Կամ չէր չարաշահի իր պաշտոնեական դիրքը՝ օրենքով չնախատեսված կարգով եւ մեթոդներով՝ իր ուսանողների միջոցով նոտարների աշխատանքային գրաֆիկի ստուգումները կազմակերպելով: Ուսանողները ուսումնառության փոխարեն զբաղված են իրենց չվերաբերող հանձնարարություններով (ապացույց՝ իր հեռուստաելույթը):

Ինչ վերաբերում է քննական կարգում ՀՀ արդարադատության նախարարի նորամուծությանը, ապա որպես նախկին նոտար, համոզված եմ, որ ոչ 5 եւ ոչ էլ 10 տարվա իրավաբանի ստաժ ունեցող անձինք, առանց նոտարի մոտ ստաժավորման՝ չեն կարող հանձնել նոտարի թեկնածուի քննությունները եւ աշխատել որպես նոտար: Մտածելու տեղիք է տալիս նաեւ այն հանգամանքը, թե ինչու պետք է այս տարվա ընթացիկ քննություններում բացառություն լինի եւ դրան մասնակցեն առանց ստաժավորման անձինք, երբ իմ մոտավոր հաշվարկներով 1 տարվա ստաժավորում են անցել եւ քննություններին կարող են մասնակցել 50-60 անձինք (ապացույց՝ Երեւան քաղաքում յուրաքանչյուր նոտարի մոտ ստաժավորում անցնող 2 անձինք): Լինելով բարեփոխումներին կողմնակից, իմ մեծագույն ցանկությունն է, որ իմ երկրում դա արվեր խիստ արդյունավետ, թափանցիկ եւ անշահախնդիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել