Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵԿ ՕՐՈՒՄ Ի՞ՆՉ ՊԱՐԶԵՑԻՆ

Ապրիլ 27,2011 00:00

Երեկ քաղաքապետարանի պաշտոնյաները երթեւեկել են հասարակական տրանսպորտով՝ իրական պատկերին մոտիկից ծանոթանալու համար

Օրերս Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն իր ենթականերին առաջարկել էր ապրիլի 26-ին չօգտվել ծառայողական մեքենաներից եւ աշխատանքի գնալ հասարակական տրանսպորտով, որպեսզի ավելի լավ պատկերացում կազմեն տրանսպորտի վիճակի մասին: Խոսքը հատկապես վերաբերել է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող տրանսպորտի ոլորտի պատասխանատուներին, որոնք արդեն քանի օր է՝ մոնիտորինգ են անցկացնում՝ պարզելու, թե հատկապես որ երթուղագծերը պետք է բարեփոխվեն: Երեկ «Առավոտը» քաղաքապետարանի պաշտոնյաներից հետաքրքրվեց, թե ո՞ր պաշտոնյաներն են ընդառաջ գնացել քաղաքապետի առաջարկին եւ տրանսպորտով երթեւեկելու արդյունքում ի՞նչ են պարզել:

Պարզվեց՝ մի քանի պաշտոնյաներ իսկապես սեփական մաշկի վրա են զգացել այն, ինչ ամեն օր, օրը մի քանի անգամ զգում են քաղաքային տրանսպորտից օգտվող մեր շարքային քաղաքացիները: Տրանսպորտի ողջ «հաճույքը» երեկ ճաշակել է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Նա աշխատանքի է գնացել թիվ 45 միկրոավտոբուսով: Նկատենք, որ այս երթուղագծի միկրոավտոբուսները երթեւեկում են գերբեռնված, բացի այդ, մեքենաների մեծ մասը բավականին հին է ու կեղտոտ: Ճիշտ է, պարոն Նավասարդյանի բախտն ուղղակի բերել էր եւ նրան բաժին էր ընկել համեմատաբար մաքուր միկրոավտոբուս, բայց, ինչպես Հ. Նավասարդյանը մեզ հետ զրույցում նշեց, նկատել է, որ գազի բալոնները առանց համապատասխան ծածկի են եղել, ինչի համար երթուղայինի վարորդը վարչության պետից նկատողություն է ստացել:

Պարոն Նավասարդյանը երեկ օգտվել է նաեւ թիվ 30 ավտոբուսից. «Դե, գրեթե բոլոր վարորդներն էլ ինձ ճանաչում են, ու որ տեսնում էին ինձ, նորմալ էին վարում մեքենան: Հետո այդ ավտոբուս բարձրացավ նաեւ մեր առաջին բաժնի պետը»:

Քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Կամո Մովսեսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իր տրանսպորտին՝ թիվ 99 երթուղայինին երկար չի սպասել եւ մինչեւ աշխատավայր նստած է երթեւեկել. «Անկեղծ ասած, ես վատ էի տրամադրված եւ սպասում էի, որ ահավոր վիճակ է լինելու: Բայց, ի զարմանս ինձ, այդ մեքենան իդեալական վիճակում էր: Ընդ որում, վարորդը բոլոր ուղեւորների հետ շատ բարեկիրթ էր խոսում եւ կանգառից դուրս կանգառ չէր անում: Փոշմանեցի, որ նրա անուն-ազգանունը չվերցրի: Կարելի է նման վարորդներին խրախուսել»: Պարոն Մովսեսյանը վստահեցրեց, որ այսօր էլ է հասարակական տրանսպորտից օգտվելու:

Ի տարբերություն Հ. Նավասարդյանի եւ Կ. Մովսեսյանի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը աշխատանքի է հասել երթուղային տրանսպորտում կանգնած վիճակում: Նա թեեւ սկզբում նստած է եղել, բայց երբ վարորդը շատ ուղեւոր է վերցրել, վարչության պետի խիղճը չի տարել եւ իր տեղը զիջել է կանգնած տիկնոջը:

Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն էլ երեկ երթեւեկել է տրոլեյբուսով: Նկատենք, որ, ի տարբերություն միկրոավտոբուսների, տրոլեյբուսներն ավելի բարվոք վիճակում են: Ընդ որում, վարորդները թեեւ դանդաղ, բայց ավելի անվտանգ են վարում, քան երթուղայիններինը, եւ դժվար թե տիկին Սողոմոնյանը դժգոհ մնացած լինի տրանսպորտի այս տեսակից:

Չի բացառվում, որ գծատերերը նախապես զգուշացրած լինեին իրենց երթուղագծերի վարորդներին, որ գոնե ապրիլի 26-ին երթուղայինները չգերբեռնեն, վարեն առանց խախտումների, «ռաբիս» երաժշտություն չմիացնեն, սափրված լինեն, նաեւ չծխեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել