Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԵՐ ՈՒՆԻ, ԲԱՅՑ ՉԻ՞ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ

Ապրիլ 27,2011 00:00

\"\"Լեւոն Պարտագճյանը հող է զավթում, ապօրինի շինարարություն անում ու հարեւանին դատի տալիս

Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան 32 տան բնակիչները բառի բուն իմաստով կրակն են ընկել իրենց հարեւան՝ Ավետարանչական եկեղեցու առաջնորդ Լեւոն Պարտագճյանի ձեռքը: Պարոն Պարտագճյանը ձեռք է բերել Արմենակյան 32 տան շրջակայքի բոլոր 6 տները եւ սկսել շինարարական աշխատանքներ իրականացնել: Սակայն, երբ հերթը հասել է հարեւանների շահերը ոտնահարելուն, վերջիններս պարզել են, որ պարոն Պարտագճյանը այդ ամենն անում է \"\"առանց Երեւանի քաղաքապետարանի շինարարության թույլտվության: Նա, անտեսելով քաղաքաշինական նորմերը, հարեւանների լուսամուտների դեմ դիմաց 6 մետր բարձրությամբ պատ է շարել: Նշենք, որ Արմենակյան 32 տունն ընդամենը 1 հարկանի է, իսկ լուսամուտի բարձրությունը՝ 3 մետր, ուստի 6 մետրանոց պատն ամբողջովին փակել է նրանց լույսը: Եթե 32 տան բնակիչ Վերա Հունանյանը նույնիսկ փորձի պատուհանները տեղափոխել իր տան մեկ այլ հատված, ապա նույնպես փաստի առաջ կկանգնի, քանի որ նրա տան մյուս կողմից էլ վեր է խոյացել Ավետարանչական եկեղեցու առաջնորդի եռահարկ առանձնատունը:

Ինչպես պարզեցինք, այդ հսկայական բարձրությամբ պատերից ներս պարոն Պարտագճյանը որոշել է ավտոկայանատեղի կառուցել, որպեսզի իրեն պատկանող բոլոր ավտոմեքենաները տեղավորի:

Երեկ, երբ այցելել էինք նշյալ հասցե, նկատեցինք, որ չնայած Լ. Պարտագճյանին պատկանող հսկայական հողատարածքին եւ նրան պատկանող մի քանի տներին, Ավետարանչական եկեղեցու առաջնորդը Վերա Հունանյանի հողատարածքից զավթել էր նաեւ 2.5 մետր լայնությամբ եւ 11.5 մետր երկարությամբ հողակտորը՝ ընդգրկելով իր սեփական տարածքի մեջ: Դա էլ բավական չէ, պարոն Պարտագճյանը հարեւաններին դատի է տվել այն բանի համար, որ իբրեւ թե հարեւանը ջրաշիթով փորձել է ապօրինի կառուցված պատերը քանդել: Նա իր հայցադիմումում նշել է, որ հարեւանը իրեն պատճառել է 2 միլիոն 600 հազար դրամի վնաս:

Ըստ Վ. Հունանյանի՝ պարոն Պարտագճյանի արարքները պարզապես «տեռոր» են իրենց ընտանիքի նկատմամբ. «Նա մի քանի անգամ ուզել է մեզնից մեր տունն էլ գնել, տղաս արդեն տուն էր գտել, որ տեղափոխվեինք, սակայն նա այդպես էլ մեզ գումար չտվեց: Ասում էր՝ դուրս եկեք, ես կտամ: Ո՞նց դուրս գայինք: Լավից-վատից տուն ունենք, որ դուրս գայինք, ինչի՞ տեր էինք դառնալու: Հենց այդտեղից էլ սկսվեցին մեր սեւ օրերը: Սկզբում այդ Պարտագճյանի բանվորները նրա տան անձրեւատարները մտցրել էին մեր բաղնիքի օդանցքի մեջ, անձրեւի ժամանակ ամբողջ կեղտաջուրը լցվում էր այն ժամանակ տեղադրած ջրատաքացուցիչի մեջ, քանի որ այդ սարքի խողովակներն օդանցքով էին դուրս բերված: Ստիպված փոխեցինք: Հետո մի քանի օրով բացակայեցինք տնից, եկանք տեսանք՝ մեր տան տակի հողամասում տեղադրած ցանկապատը չկա ու պատ է շարված, այն էլ 2.5 մետր առաջ տված՝ ի վնաս մեզ: Երբ ես ջղայնացա եւ փորձեցի պատասխան ստանալ, Պարտագճյանի փեսան՝ աղջկա ամուսինը՝ Ալենը, ինձ ծեծեց: Պատկերացնո՞ւմ եք, անգամ տարիքս չհարգեց: Ձեռքերս ամբողջությամբ կապտուկներ էր պատվել: Լավ է՝ տղաս տանը չէր, թե չէ վատ էր լինելու: Այդ ծեծկռտուքից հետո ես դիմեցի մեր վարչական շրջանի ոստիկանություն, արդեն 6 ամիս է անցել, 2 հաստափոր հատորներ են կազմվել այս գործով, սակայն ոչ ոք պատասխանատվության չի կանչվում: Մի բան էլ իրենք են դատի տվել մեզ, իբրեւ թե պատը ուզում ենք քանդել: Քանդելու լինեինք՝ ջրո՞վ կքանդեինք: Մեր ջրի ռետինե խողովակը տան տակի մասում է, պատի մոտ իսկի չի էլ հասնում: Դա իր բանվորներն են արել, իմ աչքով եմ տեսել: Բայց լավ է արել, թող դատարան դիմի եւ փորձի ապացուցել մեր մեղքը»:

Այն, որ Լեւոն Պարտագճյանն այս շինարարությունն իրականացնում է առանց համապատասխան թույլտվության, մեզ հետ զրույցում հաստատեցին նաեւ Երեւանի քաղաքապետարանից, սակայն հայտնեցին նաեւ, որ պարոն Պարտագճյանը քաղաքապետի 9.10.2010 թվականի թիվ 5004-Ա որոշումը, որով քաղաքապետարանը Լ. Պարտագճյանի իրականացրած շինարարությունն ապօրինի է ճանաչել, բողոքարկել է, եւ ներկայումս վարչական դատարանի քննարկման փուլում է: Եվ մինչ դատարանի վերջնական որոշումը, նրա հարեւանները վստահեցնում են, որ Լ. Պարտագճյանը գիշերային ժամերին, բոլորից թաքուն շինարարություն է իրականացնում: Տարածք մեր այցելության պահին՝ շինաշխատանքներ չէին կատարվում, բայց մի քանի բանվորներ ինչ-որ չափուձեւ էին անում: Նրանց մեջ կար նաեւ անչափահաս տղա: Հարեւանների խոսքերով, նա եւս Ավետարանչական եկեղեցու անդամ է եւ ընդամենը 14 տարեկան է:

«Առավոտը» պարզաբանումներ խնդրեց նաեւ Լեւոն Պարտագճյանից: Նա նախ հայտարարեց, որ մենք սխալ ենք տեղեկացված, հետո հրաժարվեց հանդիպել՝ շինթույլտվության փաստաթղթերը ցույց տալու համար, պատճառաբանելով, որ շատ զբաղված է. «Որպես ժուռնալիստ՝ կուզեի պատասխանատվություն կրեք այդ հայտարարությունների համար օրենքով սահմանված կարգով: Ես չեմ ուզում քննարկման մտնել ձեզ հետ, քանի որ ձեզ որպես քաղաքաշինության պատասխանատու չեմ ընդունում: Դուք քաղաքաշինության ներկայացուցիչ չեք, մենք ձեզ, ոչ էլ հարեւանին այդ թույլտվությունը ցույց տալու պարտականություն չունենք: Հեռախոսազանգով էլ չեմ պատրաստվում պարզաբանումներ տալ: Ազատ եք ձեր հայտարարությունն անել, բայց եթե սխալ հայտարարություն եք անում, ապա ամեն պետք եղած իրավունքներից օգտվելու ենք եւ մինչեւ վերջ բողոքարկելու ենք ձեր հայտարարությունը: Մենք հարգում ենք ձեզ եւ դուք էլ մեզ պիտի հարգեք: Ես կարող էի ձեզ մեկ ամիս առաջ ընդունել, հիմա՝ ոչ: Այս հարցով շատ ասելիք ունենք, այնքան բան ունենք փաստացի ներկայացնելու, փաստացի ճշմարտությունը, որ դուք ձեր տեսակետը կփոխեք այդ հարցի նկատմամբ»:

Դե ինչ, սպասում ենք պարոն Պարտագճյանի փաստերին եւս:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել