Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գիրք՝ Հախվերդյանի հոբելյանին

Ապրիլ 27,2011 00:00

Երեկ «Բյուրոկրատ» գրախանութում կայացավ երգահան, երգիչ Ռուբեն Հախվերդյանին նվիրված գիրքի շնորհանդեսը, որի հեղինակը նախկին լրագրող Շուշան Արզաքանյանն է, ով, ըստ երաժշտի, իր ընկերոջ կինն է:

«Ես չեմ սիրում, որ ինքս կամ ուրիշները խոսեն իմ մասին, բայց ընկերոջս կինն ինձ առաջարկություն արեց, ո՞նց կմերժեի»,- ասաց Հախվերդյանը: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարծիքի է իր մասին պատմող գրքի վերաբերյալ: Ասաց՝ ոչ մի, ու հավելեց. «Ես ծանոթ չեմ գրքին, ինձ չի հետաքրքրում՝ ինչ են գրում իմ մասին… Ինչ ուզում են, թող գրեն»: Նա խոստովանեց, որ իր սիրելի գիրքը «Գանձերի կղզին» է, որը կարդում է այն ժամանակ, երբ ուզում է հեռանալ գարշելի իրականությունից: Երգահանի թիկունքից մեկը նետեց՝ բա «Շրեկի արկածնե՞րը»: Հախվերդյանն էլ շտապեց պատասխանել. «Դա իմ զուգարանի գիրքն է»:

Ռ. Հախվերդյանի մասին պատմող գրքի հեղինակ Շ. Արզաքանյանն ասաց, որ այն նվիրված է երգահանի ծննդյան 60-ամյակին:

Բացի հոբելյարի կենսագրությունից ու մամուլի արձագանքներից, Արզաքանյանը հավաքել է անվանի մարդկանց խոսքը՝ Հախվերդյանի եւ նրա արվեստի մասին. «Փորձ է արվել նյութերի միջոցով ապագա սերունդներին ներկայացնել տասնամյակներ շարունակ Ռուբեն Հախվերդյանի երգարվեստի հանդեպ չմարող հետաքրքրությունն ու անկեղծ հիացումը: Հախվերդյանի անունը մի քանի տասնյակ տարի ճանաչված եւ սիրված է հայ արվեստագետների կողմից: Այսօր գրեթե երեք սերնդի խոհերի, զգացումների, տրամադրությունների ուղեկիցը, նաեւ՝ ուղղորդողը, ընկերը եւ բարեկամն է Ռուբեն Հախվերդյանի երգը: Այդ ամբողջ ընթացքում նրա բազմահազարանոց երկրպագուները սիրելի երգչի մասին տեղեկություններ սովորաբար ստացել են զանգվածային լրատվամիջոցներից: Թեկուզեւ ուշացումով, բայց գոնե իր ծննդյան 60-ամյակի առիթով պատրաստվել է գիրք, որտեղ հաշվի են առնվել նրա արվեստի երկրպագուների չմարող հետաքրքրությունը, գրականագիտական, երաժշտագիտական, վերլուծական նյութերն ու մասնագիտական գնահատանքի խոսքերը: Գրքում զետեղված են հասարակությանը հայտնի եւ վաստակ ունեցող մարդկանց, ազգականների, ընկերների, ծանոթների խոսքերն ու պատմությունները: Կցանկանայի գիրքը փոխանցվեր ապագա սերունդներին՝ որպես մի փոքրիկ պատառիկ այն համազգային սիրո եւ հետաքրքրության, որ առկա է Ռուբեն Հախվերդյանի երգարվեստի շուրջ մեր օրերում»: Գրքում տեղ են գտել նաեւ «Առավոտին» տված հախվերդյանական հարցազրույցները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել