Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵ՛Տ ՏՎԵՔ ՄԵՐ ՓՈՂԵՐԸ

Ապրիլ 27,2011 00:00

Անավարտ կոոպերատիվների անդամները կառավարությունից խոստացված փոխհատուցումն են պահանջում

\"\"«Օրինապահ-91» կիսակառույց կոոպերատիվի անդամներն իրենց խաբված են զգում Հայաստանի կառավարության կողմից: «Խորհրդային տարիներին ջանք ու եռանդ չենք խնայել, բնակարան ստանալու հույսով աշխատել ենք ու մեր բերանից կտրելով՝ եղած գումարը վճարել, բայց այսօրվա դրությամբ զրկված ենք ե՛ւ բնակարանից, ե՛ւ մեր գումարից»,- պատմում է «Առավոտին» դիմած «Օրինապահ-91» կոոպերատիվի անդամ Գոհար Թամյանը: Անավարտ կոոպերատիվների փայատերերին կրած վնասների դիմաց փոխհատուցում ստանալու որոշումը կառավարությունը 9 տարի առաջ է ընդունել: Կորուստների դիմաց դրամական օգնության տրամադրման ժամանակացույց է սահմանվել, բայց շատ անավարտ կոոպերատիվների անդամներ այդպես էլ փողի երես չեն տեսել: Տիկին Թամյանը ամեն անգամ թարմ տեղեկություն ստանալու հույսով զանգում է ֆինանսների նախարարություն, բայց միշտ միեւնույն անորոշ պատասխանն է լսում՝ այս տարի ձեր հերթն էլ կհասնի:

«Ոչ մի տեղաշարժ չկա, գործընթացը սառել է: Միայն սուտ հայտարարություններ են տարածում թերթերով, թե՝ շտապ գրանցվեք, թե չէ՝ բաց կթողնեք փոխհատուցման ծրագիրը: 2010 թվականի նոյեմբերին հայտարարել էին, թե «Ուռենի» ու «Էրեբունի» կոոպերատիվների անդամները պետք է առաջիկա 3 ամսվա ընթացքում գրանցվեն, հակառակ դեպքում՝ իրենց հերթը կտեղափոխվի ամենավերջ: Մեր ծանոթները արագ գրանցվեցին, բայց ո՞ւր է, հետաքրքրվել եմ՝ այս կոոպերատիվների անդամներին էլ ոչ մի փոխհատուցում չեն տվել»,- ասում է տիկին Թամյանը:

Մեր զրուցակցի տեղեկություններով, փոխհատուցման ծրագրից վերջին անգամ օգտվել են 2008 թվականին. «Կառավարության որոշումները լավ ուսումնասիրել եմ, ո՞վ է գլուխ հանում դրանցից, մի կետում նշված՝ է փոխհատուցում, մյուս կետում էլ՝ դրամական օգնություն: Եթե օգնություն է, հնարավոր է, ճշգրիտ չփոխհատուցեն էլ, ամեն ինչ սպասելի է»:

Տիկին Թամյանի խոսքով, իրենց կոոպերատիվի անդամներին, ըստ ժամանակացույցի, պետք է հատուցեին անցյալ տարի. «Սպասելով մնացի, ո՞ւր է, հերթս այդպես էլ չի հասնում: Զանգում ենք նախարարություն՝ ոչ մի պատասխան, այնտեղ էլ ոչինչ չգիտեն: Ինչքա՞ն ենք այսպես սպասելու: Ժամանակին 8000 ռուբլի վճարել եմ»:

Ոչ պակաս մտահոգված են նաեւ «Մանկավարժ 91»-ի անդամները: Փոխհատուցման ժամանակացույցում այս կոոպերատիվի անդամներին կառավարությունը նախատեսել էր 2009-ին հատուցել, բայց ավելի քան երկու տարի է անցել, իսկ անդամները հույսները դեռ չեն կտրել. «Մեր կոոպերատիվի 4 հարկն է կառուցվել, կոմունիստները մեռան, մեր փողերն էլ հետը մեռան, շինարարությունն էլ մնացել է, թե ծախել են՝ չգիտենք: Ամեն անգամ նախարարությունում մեզ փոխհատուցման ժամանակացույցի նոր տարեթիվ, նոր ամսաթիվ ու օր են ասում: Վերջին տվյալներով, այս տարվա մայիսին պետք է փոխհատուցեն: Ասում են՝ վարչապետը դեռ չի ստորագրել: Մայիսի 7-ը սարերի հետեւում չէ, տեսնենք այս անգամ էլ՞ են մեզ խաբելու»,- ասաց կոոպերատիվի անդամ Հրաչ Մովսիսյանը: Նրա պատմելով, տարիներ առաջ, երբ հետաքրքրվել էր, թե ինչքան է ստանալու իր վճարած 30000 ռուբլու դիմաց, իրեն ասել էին՝ մոտ $30000: «Բայց հիմա, երբ հարցնում եմ, չեն կարողանում պատասխանել: Շատ բան է փոխվել, հիմա էլ չեն ասում՝ փոխհատուցում, ասում են՝ նյութական օգնություն: Մտավախություն ունեմ, որ արանքում շատ գումարներ տակով կանեն»,- ասում է Հրաչ Մովսիսյանը:

Փոխհատուցման ժամանակացույցի շեղումների մասին ՀՀ ֆինանսների նախարարությունը խոստացավ «Առավոտին» պարզաբանել առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել