Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Յուրովի մեկնաբանություն

Ապրիլ 27,2011 00:00

Եվս մեկ անգամ՝ ղարաբաղյան կարգավորման  97 թվականի տարբերակի մասին

\"\"Սեփական անձի նկատմամբ կեղեքումները վերջին շրջանում դարձել են ավանդական: Հիմա էլ ՀԱԿ-ի արտաքին քաղաքական պատասխանատուն փորձելով փրկել իր ղեկավարի դեմքը՝ հրապարակում եւ յուրովի է մեկնաբանում 1997թ. այն ամոթալի փաստաթուղթը, որի իրական ադրբեջանամետ բովանդակությունը «տղաները» այդպես էլ չըմբռնեցին: Իսկ «մեկնությունները» ավելի շատ նման են ինքնահրկիզման փորձի: Կարելի է միայն շնորհակալություն հայտնել Կարապետյանին այն բանի համար, որ «ռուսերեն-հայերեն մեկնաբանությունների» բառարանից օգտվելով մեկ անգամ եւս բացահայտում է, որ այդ համաձայնագիրը կարգավորելու էր միայն տարածքների հանձնման, հայկական զորքերի հետ- քաշման եւ հաղորդակցության վերականգնման հարցերը: Իսկ այդ ամենը ավարտվելուց հետո միայն սկսվելու էին նոր բանակցություններ՝ ուղղված Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը: Այսինքն՝ այդ փաստաթուղթը ոչ մի նշանակություն չուներ հիմնախնդրի կարգավորման հարցում, դրանով հայկական կողմին զրկում էին իր հիմնական բանակցային զենքից, իսկ հետո միայն անզեն ու անկռվան նետում էին բանակցությունների հաջորդ փուլ: Դա շատ է նմանվում դարասկզբին երիտթուրքերի իրականացրած ցեղասպանության տակտիկային, երբ նախօրոք զինաթափում էին հայ բնակչությանը, այնուհետեւ՝ կոտորում:

Վերադառնանք, սակայն, փաստաթղթին: Նախեւառաջ, այս փաստաթղթի համաձայնեցման գործում արցախյան կողմը որեւէ մասնակցություն չի ունեցել, կարելի է ասել՝ համաձայնեցում չի էլ եղել: Ավելին, ծանոթանալով դրան, արցախյան կողմը կտրուկ մերժել է: Ասեք խնդրեմ, պարոնայք, եթե դրանով Ղարաբաղին կողմ էիք ճանաչում, հնարավորություն տալիս վետոյի իրավունք իրականացնել, ինչո՞ւ Ղարաբաղը այն մերժեց: Ինչ վերաբերում է ներկայիս բանակցային փուլին, բազմիցս նշվել է, որ վերջնական փուլում Արցախը պարտադիր մասնակցելու է հնարավոր համաձայնագրի մշակմանը, եւ առանց Արցախի համաձայնության որեւէ գործընթաց չի սկսվելու:

Կարապետյանը նշում է, որ համաձայնագրով Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը ստանում էին միջազգային ճանաչում եւ դրանք պետք է ապահովեին Լեռնային Ղարաբաղի եւ Լաչինի շրջանի անվտանգությունը: Իսկ ինչո՞ւ նա չի նշում, որ նույն համաձայնագրով Հայաստանի ամբողջ զորքն ու տեխնիկան պետք է լքեին ոչ միայն արդեն իսկ հանձնված տարածքները, այլեւ բուն Լեռնային Ղարաբաղը: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսին էր լինելու ուժերի հավասարակշռությունը:

Ինչ վերաբերում է իբր թե Արցախին տրվող վետոյի իրավունքին, որը վերջինս կարող է օգտագործել ԼՂ կարգավիճակը «որոշող» բանակցային հաջորդ փուլում, ապա ամենաանտաղանդ սցենարիստի երեւակայությունն անգամ կբավարարեր՝ տեսնելու, թե տարածքները Ադրբեջանին առանց նախապայմանների նվիրաբերելուց հետո ինչպես է վերջինս զվարճանքի ու սարկազմի ողջ ուժով ձգձգելու, իսկ հետո էլ պրովոկացիայով տապալելու հետագա որեւէ գործընթաց: Այս դեպքում էլ ո՞ւմ է պետք Արցախի վետոյի իրավունքը:

Եվ վերջում մի հարց, առանց պատասխանի ակնկալիքի. լինելով արտգործնախարարության մամլո խոսնակ նախագահ Քոչարյանի եւ արտգործնախարար Օսկանյանի օրոք՝ դուք որեւէ կերպ (թաքուն կամ բացահայտ) փորձե՞լ եք լոբբինգ անել ձեզ այդքան դուր եկած 1997 թվականի համաձայնագրի օգտին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել