Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔՐԳՈՐԾ՝ «ԼԵՎԻ» ՓՈՂԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Ապրիլ 27,2011 00:00

Արթիկի թիվ 5 դպրոցի տնօրեն Գոհար Ղուլիջօղլյանին ուսուցիչները մեղադրում են այն բանի համար, որ ոչ միայն դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտն է խաթարել, այլեւ «ապօրինի» հաստիքներ պահել, իր ազգուտակին՝ Ռուսաստանում գտնվող հորաքրոջ որդուն՝ Մուշեղ Ափոյանին, մորը՝ Ժորժետա Աբրահամյանին, եղբորը՝ Արամ Ղուլիջօղլյանին, ինչպես նաեւ դպրոցի հաշվապահի Ռուսաստանում գտնվող եղբորը՝ Ստյոպա Հարությունյանին որպես աշխատակիցներ ձեւակերպել ու նրանց միջոցով փողեր մսխել: Բողոքավորների հաշվարկներով, Գոհար Ղուլիջօղլյանն ամեն ամիս մոտ 400 000 դրամ «լեւի» փող է ունեցել: Այժմ գլխավոր դատախազությունում նրա դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 2 հոդվածներով՝ 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով՝ պաշտոնեական դիրքի չարաշահում ու յուրացում՝ մի խումբ մարդկանց լուռ համաձայնությամբ, եւ 314 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիքի կատարում: Հետաքրքիրն այն է, որ գործը 5 ամիս շարունակ քննելուց հետո Շիրակի մարզի դատախազության դատախազ Կարեն Հովսեփյանը փակել էր այն՝ հանցակազմի բացակայության պատճառով, ու, չգիտես ինչու, հանցակազմն ի հայտ էր եկել գլխավոր դատախազություն բողոքարկելուց հետո: Չի բացառվում, որ տիկին տնօրենին որոշել են պատժել նաեւ այն պատճառով, որ նրանից դժգոհ մնացած ուսուցիչները բողոքով դիմել էին երկրի նախագահին:

Հիշեցնենք, որ վերջերս Շիրակի մարզում մեկը մյուսի հետեւից քրեական գործեր են հարուցվում պաշտոնյա կանանց դեմ՝ հիվանդանոցների ու դպրոցի տնօրենների, որոնք տառացիորեն մեղադրվում են քրեական օրենսգրքի նույն հոդվածներով: Տպավորությունն այնպիսին է, որ նախկին մարզպետ Լիդա Նանյանը պաշտոնեական կեղծիքներ կատարելու, աջ-ձախ «լեւի» փողեր աշխատելու արտոնություն է տվել կանանց, որը, սակայն, դուր չի գալիս նորանշանակ մարզպետ, մասնագիտությամբ ոստիկան Աշոտ Գիզիրյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել