«Առավոտի» ապրիլի 16-ի «Ինչ է մտածում ԿԳ նախարարությունը» հրապարակման կապակցությամբ, ուր խոսվում է Երեւանի թիվ 68 դպրոցի իրավախախտումների մասին, երեկ պարզաբանման նպատակով դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի պատասխանատու Շահեն Տոնոյանին: «Երեւան քաղաքի թիվ 68 դպրոցի նախկին աշխատակիցների բողոքների հիման վրա, փաստի առթիվ, ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում սույն թվականի հունվարի 26-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում նշանակվել են փորձաքննություններ, կատարվել քննչական գործողություններ, քաղաքացիների բողոքներում նշված՝ թիվ 68 դպրոցի տնօրենի կողմից թույլ տրված խախտումների իսկության ստուգման ուղղությամբ: Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի ցուցումով քննության առարկա են դարձել նաեւ սույն քրեական գործի վերաբերյալ մամուլի հրապարակումները»,- հայտնեց նա՝ հավելելով, որ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Շ. Տոնոյանի խոսքով. «Նախկին աշխատակիցների կողմից հրապարակայնորեն արվող միանշանակ պնդումները, որ բոլոր փաստերը ակնհայտորեն ապացուցված են, իսկ քրեական գործի ավարտին խանգարում են միջնորդություններով, ապա, մեղմ ասած, նման պնդումները կոռեկտ չեն, եւ սուբյեկտիվ մեկնաբանություններով, սեփական շահը առաջ տանելու պարզ ցանկությամբ առաջնորդվելով կանխակալ կարծիք ստեղծելը երբեւէ չեն նպաստում օբյեկտիվ իրականության վերհանմանը: Նախաքննությունը շարունակվում է»: