Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ժողովրդավարությունը երկար պրոցես է

Ապրիլ 27,2011 00:00

Հանրապետական պատգամավորը կարծում է, որ ամերիկյան կովբոյական ֆիլմերը անցած դարի 20-30-ական թվականների մասին են

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց, թե անկախ ընդդիմության այս կամ այն պահանջից՝ իշխանությունները իրենց գործն են անում, գուցե մի քիչ դանդաղ, բայց անում են. «Բնականաբար, առանց ընդդիմության պահանջների էլ մենք մեր գործը անում ենք, մի փուլում՝ մի քիչ դանդաղ, մի փուլում՝ մի քիչ արագ: Հիմա ընդդիմության կողմից մի քիչ իմիտացիա է, տեսնում են՝ գնում ենք փոփոխությունների, ասում են՝ մեր պահանջներն են կատարում: Դա այդքան էլ այդպես չի եւ այդքան էլ կարեւոր չի, կարեւորը, որ պրոցեսը գնում է»:

ՀՀԿ փոխնախագահը վստահ է, որ այսօր այն, ինչ կատարվում է մեր երկրում, քաղաքացիական հասարակության ձեւավորման դանդաղ պրոցես է, եւ դա կարող է շատ երկար տեւել. «Մինչեւ ընտրություններ, ընտրություններից հետո էլ: Այ, Միացյալ Նահանգները շատ է սիրում հայտարարել, որ պետք է այս կամ այն երկրում քաղաքացիական հասարակություն ձեւավորել, իսկ հարց տանք՝ իրենց մոտ միանգամի՞ց դա ձեւավորվեց, թե՞ դեռեւս 20-30-ական թվականներին իրենց մոտ ոչ մի քաղաքացիական հասարակարգ էլ չկար, կովբոյների ֆիլմերը լավ եք տեսել՝ ոնց էին իրար դեմ պայքարում, բայց եկավ, հասավ մի ժամանակահատված, երբ այսօր իսկապես կա քաղաքացիական հասարակություն, չնայած ամեն երկիր յուրովի է պատկերացնում: Մենք էլ ենք գնում դրան, հասարակության վստահությունն է հարկավոր, ի վերջո՝ հասարակությունն է ընտրում իշխանություն, հասարակությունն է այդ քվեն տալիս, եւ պետք է հաշվի նստել հասարակության հետ»:

«Առավոտը» նկատեց, որ Ռազմիկ Զոհրաբյանը արդեն ավանդույթ է դարձրել ՀԱԿ հերթական հանրահավաքից առաջ մամուլի ասուլիսով հանդես գալ, եւ դատելով այն քայլերից, որ կատարեցին իշխանությունը եւ ՀԱԿ-ը, կարելի է ենթադրել, որ նախորդ հանրահավաքում հայտարարված՝ ապրիլի 28-ը ջրբաժանի օր, այլեւս ուշացած կարգախոս է: Ընդդիմության երկու պահանջները կատարվեցին՝ հնչեց հավաստիացում, որ մարտի 1-ը պետք է անհապաղ բացահայտվի, քաղբանտարկյալներ ազատ արձակվեցին, եւ արդեն վաղը Ազատության հրապարակում օրենքով սահմանված կարգով կանցկացվի ՀԱԿ հանրահավաքը: Հարցրինք՝ ուրեմն, ջրբաժանի հարցը փակվե՞ց, թե՞ սպասելու են ընդդիմության նոր պահանջներին: Ի պատասխան՝ պարոն Զոհրաբյանն ասաց. «Էդ ջրբաժան հասկացությունը չգիտեմ՝ ընդդիմության մոտ ինչպես է ընկալվում, մեզ մոտ ընկալվում է սովորական, նորմալ: Իսկ ջրբաժանը այնպես չի, որ նշանակում է պառակտումներ, ընդհարումներ, ճնշումներ եւ այլն, դա իրենց խնդիրն է, կա ոստիկանություն, կա օրենք, կա կարգապահություն: Բայց, կարծում եմ, իրենք չեն հայտարարել, որ դրանից հետո պետք է լինեն ավելի ինտենսիվ պրոցեսներ՝ հակազդելու եւ այլն: Սա պարզապես ասվում է՝ ասելու համար, ընդհարումների համար չի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել