Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՅԼԵՎՍ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀՆԱՐԻՆ Է

Ապրիլ 27,2011 00:00

Ասում է հրապարակախոս Մարինե Պետրոսյանը՝ նկատի ունենալով ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը

\"\"«ՀԱԿ-ն արդեն վաղուց, գիտակցաբար թե ոչ՝ էական չէ (չնայած խիստ կասկածելի պետք է դիտվի նման երեւույթի շարունակականության պատահականությունը), օգնում է ռեժիմի հարատեւմանը: ՀԱԿ-ը որդեգրել է այնպիսի «ստրատեգիա», որ դարձել է այսօրվա համակարգի համար ինտերնալիզացված մի գործոն, որին համակարգն արդեն վաղուց ադապտացվել է, որն իր «հեչ պետքն էլ չէ», եւ որին լավ էլ օգտագործում է՝ մեկ կետում բեւեռելով հնարավոր ամբողջ «բողոքականությունն» ու մտցնելով այն փակուղի: ՀԱԿ-ի դոմինանտությունն ընդդիմադիր ճամբարում միայն ձեռնտու է իշխանություններին, քանզի այն ավելի շատ «զսպում է» լայն մասսաներին, քան իշխանություններին…»: Սա մեջբերում է Facebook սոցիալական ցանցում արված՝ Հայ ազգային կոնգրես-իշխանություն կամ՝ ավելի պատկերավոր ասած, Լեւոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան հեռակա «արժանապատիվ գործարքի» համատեքստում արված մի գրառումից: Ու եթե մինչեւ հիմա հայ հասարակության եւ ընդդիմության ճամբարում կային լավատեսներ կամ հոռետեսներ, որոնք հույս ունեին, թե մարտիմեկյան բովով անցած ավազակապետության ու այն կազմաքանդողների միջեւ նման երկխոսությունը սկզբունքորեն բացառվում է (բացառությամբ արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների շուրջ երկխոսության- Ն. Մ.), ապա հիմա ստիպված են իրենց աչքերն ավելի լայն բացել ու արձանագրել, ինչպես դա արել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, որ «ընդդիմությունն առաջարկել է կոնկրետ քաղաքական գործընթաց, որը իրագործելու դեպքում հնարավորություն կտա երկրում ստեղծված ճգնաժամը կառավարելի պահել եւ այն կարգավորել բանակցությունների միջոցով», կամ ինչպես ժամանակին ասում էր Կոնգրեսի մեկ այլ հայտնի գործիչ Դավիթ Շահնազարյանը՝ «ՀԱԿ-ը Հայաստանի ներքաղաքական կայունության երաշխավորն է»:

Դե, քանի որ իշխանությունները հասկացան, որ Կոնգրեսն այլեւս հրաժարվում է իրենց որպես ավազակապետեր որակելուց, «Հիմա» կարգախոսը հնչեցնելու իր մարտավարությունից եւ Սերժի «մուբարաքացումն» ու երկրի «թունիսելը» փոխարինել է շախմատային քաղաքականությամբ ու «արժանապատիվ գործարքով», սկսեցին կառուցողական ընդդիմությանն ընդառաջ քայլեր անել. նախ՝ «պաշտոնական հավաստիացում արեցին», թե «Մարտի 1»-ը պատրաստ են բացահայտել, հետո՝ արդեն երեկ, Երեւանի քաղաքապետարանն էլ վերանայեց ավելի վաղ կայացրած իր արգելքի որոշումն ու ՀԱԿ-ին թույլ տվեց ապրիլի 28-ի «ջրբաժանային» հանրահավաքն անցկացնել Ազատության հրապարակում:

Այսպիսով՝ ինչպե՞ս է պետք գնահատել այս անզիջում հակառակորդ ուժերի միջեւ իրար ընդառաջ քայլերը, եթե ոչ՝ ՀԱԿ-իշխանություն երկխոսություն, փորձեցինք ճշտել հրապարակախոս Մարինե Պետրոսյանից, որն, ի դեպ, առաջիններից մեկն էր, որ բարձրաձայնել էր այսպիսի՝ համաժողովրդական շարժման մասնակիցների թիկունքում ընթացող երկխոսության մասին:

Արդյոք սա դասական իմաստով երկխոսությո՞ւն, գործա՞րք է Կոնգրեսի առաջնորդների ու իշխանությունների միջեւ, թե՞ երկուստեք շահերի համընկնման գիտակցված քայլ ու քաղաքական պրագմատիզմի դրսեւորում:

«Ես խոհանոցին տեղյակ չեմ ու չեմ կարող ասել՝ ուղղակի բանակցություններ կա՞ն այս պահին, թե՞ ոչ: Մանրամասները չեմ կարող ասել, բայց ինձ համար հստակ է, որ այս պահին ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ գոյություն ունի շահերի որոշակի համընկնում: Այսինքն՝ ստեղծվել է համաձայնության որոշակի հիմք: Եթե ընդհանուր ասեմ՝ վերջին հաշվով, կարծում եմ, ՀԱԿ-ը Սերժ Սարգսյանին տալու է լեգիտիմություն եւ երկրորդ ժամկետում ընտրվելու երաշխիք, իսկ մյուս կողմից՝ ՀԱԿ-ը ստանալու է որոշակի ոչ շատ քիչ, բայց նաեւ ոչ շատ ձայներ խորհրդարանում: Այսինքն՝ տեղի է ունենալու Սերժ Սարգսյան-ՀԱԿ փոխադարձ լեգիտիմացում, որն ինձ համար՝ որպես Համաժողովրդական շարժման մասնակցի, բացարձակապես ընդունելի չէ, որովհետեւ դրա արդյունքում ես չեմ տեսնում Հայաստանում համակարգային փոփոխությունների հեռանկար»,- ասաց հրապարակախոսը:

Նրա համար հիմա այլեւս էական էլ չէ, թե հետագայում՝ նախագահական ընտրություններում Ս. Սարգսյանն ու Լ. Տեր-Պետրոսյանը կկարողանա՞ն կիսել կամ բաժանել իշխանությունը, թե՞ ոչ. «Ինձ համար դա չէ հետաքրքիրը: Ինձ համար էականն այն է, որ իմ ուզածը՝ համակարգային փոփոխությունների հնարավորությունը, երբ մի կողմից՝ Սերժն է, մյուս կողմից՝ Լեւոնը, որոնք արդեն գնում են երկխոսության, ես արդեն չեմ տեսնում: Ես համաժողովրդական շարժմանը միացել էի արմատական փոփոխությունների ակնկալիքով: Հիմա դրա հեռանկարն արդեն չեմ տեսնում»:

Իսկ այն ժամանակ, մինչեւ ՀԱԿ-իշխանություն փոխըմբռնումը, կա՞ր նման՝ համակարգային փոփոխությունների ռեսուրս: Ընդդիմությունն ունե՞ր այդ փոփոխությունների հնարավորությունն ու ռեսուրսը. «Եթե 2008-ի ալիքի վրա, երբ իրավիճակն ու մթնոլորտը միանգամայն այլ էին, ամեն ինչ արագ կատարվեր… Ես հետին թվով չեմ կարող ասել, որովհետեւ, միգուցե, ես եմ սխալ հույսեր ունեցել: Բայց այն ժամանակ ես այդ փոփոխություններին հավատում էի, եթե այդ վերելքի ու զարթոնքի ալիքի վրա երկրում փոփոխություններ լինեին, ե՛ւ ՀԱԿ-ում կլիներ գաղափարական բաժանում, ե՛ւ մեր երկրում քաղաքական նորմալ պրոցեսը կվերականգնվեր»:

Հիմա ՀԱԿ-իշխանություն երկխոսության հեռանկարով փակվո՞ւմ է մյուս ընդդիմադիր ուժերի պայքարի ճանապարհը:

Ըստ Մ. Պետրոսյանի՝ այդպիսի փորձ արվում է, «բայց կարծում եմ, պատասխանատվության զգացումն այնքան մեծ կլինի, որ մարդիկ կհասկանան, որ պետք են գործողություններ: Ես էլի լավատես եմ: Գոնե ես իմ խնդիրն այդպես եմ պատկերացնում: Չպետք է թույլ տալ էդ տարբերակը»:

Ապրիլի 28-ը ջրբաժանի օր կլինի՞, եթե նույնիսկ չկատարվի կամ մասամբ կատարվի ՀԱԿ-ի երրորդ պահանջը՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը:

«Չէ: Ջրբաժանի օր չի լինի: Կլինի հերթական ձգձգման օր: Ջրբաժանի օր հաստատ չի լինի, որովհետեւ պարզ է, որ ՀԱԿ-ի երեք պայմանները, համարյա բոլորը, կատարվում են, եւ դա հիմք է տալիս, որ Տեր-Պետրոսյանն ասի, որ ջրբաժանի կարիք չկա»,- արձանագրեց Մ. Պետրոսյանը:

Վերլուծաբաններից շատերն են ասում, թե ՀԱԿ-ն այլեւս պայքարի ռեսուրս չունի, ինքդ էլ ես ասել, որ Տեր-Պետրոսյանն էլ հեղափոխական չի, ուստի՝ այս տարբերակը, որով ընթանում են ՀԱԿ-ն ու իշխանությունները, Կոնգրեսին, թերեւս, ձեռնտու է ու լավագույն տարբերակն է՝ դեմքը փրկելու համար: Բայց Ս. Սարգսյանի ինչի՞ն է պետք դա:

«Ես նրան այդքան լավ չեմ ճանաչում, չգիտեմ նրա հոգեբանությունը, որ կարողանամ ասել, բայց կարծում եմ՝ իշխանությունների եւ Ս. Սարգսյանի վրա կա արտաքին ուժերի կողմից որոշակի ճնշում, եւ ընդհանրապես՝ ապակայունացում կա ողջ տարածաշրջանում, եւ այդ իրավիճակում Սերժը երեւի համարել է, որ ՀԱԿ-ին ընդառաջ ինչ-որ, գոնե ձեւական, քայլ անելն իր համար ավելի անվտանգ է: Գուցե նա համարում է, որ կարելի է գոնե ձեւ անել, թե ընդդիմությանն ընդառաջ է գնում, եւ ընդդիմության հետ պայմանավորվածության գալ, որովհետեւ դա ավելի ռացիոնալ է համարել»,- փորձեց վերլուծել հրապարակախոսը՝ կարծիք հայտնելով, որ արդյունքում հերթական խորհրդարանական ընտրություններ են լինելու, «թեեւ ինձ համար շատ մեծ չի դրանց տարբերությունը, որովհետեւ գիտենք, թե ինչպես են լինում այդ ընտրությունները»: Ու ամենակարեւորը, Մ. Պետրոսյանի համոզմամբ, այդ ընտրություններն այլեւս չեն էլ կարող համակարգային փոփոխությունների բերել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել