Սամվել Դարբինյանը՝ մարզչական շտաբում
Փոփոխվելն ու բարելավվելը շատ նման, բայց միաժամանակ՝ տարբեր բաներ են: Տարբերությունն էլ որոշում է բովանդակությունը: Երեւանի «Արարատում» փոփոխությունները որպես ապրելակերպ ու գործելաոճ են կարգել՝ մոռանալով, որ իրենց տրամադրության տակ եղած դեկորների փոփոխությունից ներկայացումն ավելի լավը չի դառնա:
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 20-րդ առաջնության մեկնարկից հաշված օրեր առաջ հրաժարական տվեց թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը: Անկախ ձեւակերպումներից, պատճառը մեկն էր. ակումբի ղեկավարության անլուրջ մոտեցումը թիմին: Նախապատրաստական շրջանում «Արարատն», ի տարբերություն մեր մյուս թիմերի, անգամ հայաստանյան որեւէ հավաք չանցկացրեց, անհրաժեշտ համալրում չստացավ, թիմի ղեկավարության անսկզբունք սկզբունքները, թե «մեկ է՝ հայկական ֆուտբոլում երկակի ստանդարտներ են գործում», վեր դասվեցին ֆուտբոլից ու արդար խաղից… Բնականաբար, Եսայանի հեռանալուց հետո «Արարատում» հույս ունեին՝ նոր մարզիչ գտնել, բայց արդյունքում թիմը ստիպված գլխավորեց ակումբի փոխնախագահ Արկադի Անդրեասյանը: Իհարկե, դրանից առանձնապես ոչինչ չփոխվեց: Ինչպես եւ ենթադրվում էր նախապատրաստական շրջանի բովանդակությունից, հինգ տուրից հետո թիմը հանգրվանել է մրցաշարային աղյուսակի հատակում: Ընդամենը մեկ ոչ-ոքին մեկնարկային խաղում Արարատին պարգեւել է միակ միավորը ու խփած-բաց թողած գնդակների 1:10 ոչ հուսադրող վիճակագրությունը: Այս վիճակի համար մեղավորներին ակումբի ղեկավարությունը թիմի կազմում է փնտրում՝ դարպասապահն է հեռացվում, նոր մարզիչ հրավիրվում, բայց… Համակարգը, բուրգի հիմքը, միեւնույն է, մնում է նույնը՝ նույնքան խարխուլ ու վերանորոգման համար անպիտանի: Սամվել Դարբինյանի կամ մեկ այլ մարզչի գալուստով «Արարատը» որպես օրգանիզմ չի բուժվի: Ավելին, Դարբինյանն աշխատելու է որպես մարզիչ, ավելի ճիշտ՝ մարզչություն է անելու, իսկ «Արարատը» շարունակելու է գլխավորել Արկադի Անդրեասյանը: Ասել է թե, խոսքը ոչ թե բարելավման, այլ ձեւական փոփոխության մասին է, ինչը ոչինչ չի նշանակում: Հիվանդ բջիջներն այլ «օրգաններում» են ու «Արարատի» խնդիրների լուծման ճանապարհը այլ հարթության մեջ է փոփոխություններ ու բարելավումներ ենթադրում:
Քանի դեռ ակումբը գտնվում է ֆուտբոլային առումով անպատասխանատու մարդկանց ձեռքերում, քանի դեռ այն միայն բրենդ է, որը, պարզապես, ցանկանում են մսխել, ու քանի դեռ սպառողական հոգեբանությունը վեր է ստեղծագործականից, «Արարատում» դրական տեղաշարժեր տեղի չեն ունենա: Կամ էլ կկրեն այսվայրկենական բնույթ: Իսկ դա նշանակում է, որ հեռու չէ այն օրը, երբ հայկական ֆուտբոլը, Աստված չանի, իսպառ կզրկվի «Արարատից»: Դրա նախադրյալները օրեցօր ավելանում են: