Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անդրեասյանի նոր սկանդալը

Ապրիլ 26,2011 00:00

News.am-ը տեղեկացնում է, որ Արկադի Անդրեասյանը «Արարատ»-«Փյունիկ» հանդիպման ընդմիջմանն իր համախոհների հետ ծեծի է ենթարկել Totalfootball.am կայքի ֆոտոթղթակից Աշոտ Առուշանյանին: Մշտապես սկանդալային պատմությունների կիզակետում հայտնվող Անդրեասյանին եւ նրա շրջապատի մարդկանց դուր չի եկել, որ ֆոտոլրագրողն իր մասնագիտական պարտականություններն է կատարում:
Հյուրընկալվողներն ավելի հաջողակ գտնվեցին
Շաբաթ օրը կայացած ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության վեցերորդ տուրում հաջողությունն ուղեկցեց հյուրընկալվող թիմերին: Չորս խաղից երկուսում դաշտի տերերը պարտություն կրեցին, երկու հանդիպում էլ ավարտվեց ոչ-ոքի: Հանրապետության բազմակի չեմպիոն «Փյունիկը» 4:1 խոշոր հաշվով հաղթեց մրցաշարային աղյուսակի ետնապահ «Արարատին», առաջատար «Ուլիսը» համառ պայքարում երեք միավոր կորզեց «Միկայից», իսկ «Բանանց»-«Շիրակ» եւ «Իմպուլս»-«Գանձասար» հանդիպումներում կողմերը երկուական գոլ փոխանակեցին: Վեցերորդ տուրից հետո, որն ամենագոլառատը եղավ այս մրցաշրջանում (ընդհանուր առմամբ արձանագրվեց դարպասի 18 գրավում), մրցաշարային աղյուսակում թիմերը դասավորվեցին այսպիսի հաջորդականությամբ:

1. Ուլիս 6 5 1 0 13-4 16
2. Փյունիկ 6 4 1 1 11-6 13
3. Գանձաս. 6 3 3 0  6-3 12
4. Միկա 6 2 2 2  8-6  8
5. Իմպուլս 6 2 1 3  8-8  7
6. Շիրակ 6 1 2 3  5-8  5
7. Բանանց 6 0 3 3 7-11  3
8. Արարատ 6 0 1 5 2-14  1
Նախապատրաստվում են առաջնությանը
Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի չորս անդամներ՝ գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Նելլի Աղինյանը ուսումնամարզական հավաք են սկսել Ծաղկաձորում: Նրանք նախապատրաստվում են մայիսի 6-ին Թբիլիսիում մեկնարկող կանանց Եվրոպայի 12-րդ անհատական առաջնությանը: Armchess.am-ի տեղեկացմամբ, նրանց այդ հավաքում օգնում է գրոսմայստեր Արա Մինասյանը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, Վրաստանի մայրաքաղաքում մեր հանրապետությունից հանդես գալու են նաեւ ՖԻԴԵ-ի վարպետներ Աննա Հայրապետյանը, Լիա Մարտիրոսյանը, Անահիտ Խառատյանը, Հայաստանի 18 տարեկանների չեմպիոնուհի Մարիա Գեւորգյանը:
Լրացուցիչ պարտիաներ
Շախմատի ԱՄՆ-ի կանանց առաջնության կիսաեզրափակչում ՖԻԴԵ-ի վարպետ Տաթեւ Աբրահամյանի եւ գրոսմայստեր Քամիլա Բագինսկայտեի միջեւ հաշիվը հավասար է: Հիմնական հանդիպումների առաջին պարտիայում Տաթեւը պարտվել էր, իսկ երկրորդում վերականգնել հավասարակշռությունը: Երեկ շախմատիստուհիները պետք է լրացուցիչ պարտիաներ անցկացնեին:
Հերթական
փոփոխություններն «Արարատում»
Սամվել Դարբինյանը՝
մարզչական շտաբում
Փոփոխվելն ու բարելավվելը շատ նման, բայց միաժամանակ՝ տարբեր բաներ են: Տարբերությունն էլ որոշում է բովանդակությունը: Երեւանի «Արարատում» փոփոխությունները որպես ապրելակերպ ու գործելաոճ են կարգել՝ մոռանալով, որ իրենց տրամադրության տակ եղած դեկորների փոփոխությունից ներկայացումն ավելի լավը չի դառնա:
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 20-րդ առաջնության մեկնարկից հաշված օրեր առաջ հրաժարական տվեց թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը: Անկախ ձեւակերպումներից, պատճառը մեկն էր. ակումբի ղեկավարության անլուրջ մոտեցումը թիմին: Նախապատրաստական շրջանում «Արարատն», ի տարբերություն մեր մյուս թիմերի, անգամ հայաստանյան որեւէ հավաք չանցկացրեց, անհրաժեշտ համալրում չստացավ, թիմի ղեկավարության անսկզբունք սկզբունքները, թե «մեկ է՝ հայկական ֆուտբոլում երկակի ստանդարտներ են գործում», վեր դասվեցին ֆուտբոլից ու արդար խաղից… Բնականաբար, Եսայանի հեռանալուց հետո «Արարատում» հույս ունեին՝ նոր մարզիչ գտնել, բայց արդյունքում թիմը ստիպված գլխավորեց ակումբի փոխնախագահ Արկադի Անդրեասյանը: Իհարկե, դրանից առանձնապես ոչինչ չփոխվեց: Ինչպես եւ ենթադրվում էր նախապատրաստական շրջանի բովանդակությունից, հինգ տուրից հետո թիմը հանգրվանել է մրցաշարային աղյուսակի հատակում: Ընդամենը մեկ ոչ-ոքին մեկնարկային խաղում Արարատին պարգեւել է միակ միավորը ու խփած-բաց թողած գնդակների 1:10 ոչ հուսադրող վիճակագրությունը: Այս վիճակի համար մեղավորներին ակումբի ղեկավարությունը թիմի կազմում է փնտրում՝ դարպասապահն է հեռացվում, նոր մարզիչ հրավիրվում, բայց… Համակարգը, բուրգի հիմքը, միեւնույն է, մնում է նույնը՝ նույնքան խարխուլ ու վերանորոգման համար անպիտանի: Սամվել Դարբինյանի կամ մեկ այլ մարզչի գալուստով «Արարատը» որպես օրգանիզմ չի բուժվի: Ավելին, Դարբինյանն աշխատելու է որպես մարզիչ, ավելի ճիշտ՝ մարզչություն է անելու, իսկ «Արարատը» շարունակելու է գլխավորել Արկադի Անդրեասյանը: Ասել է թե, խոսքը ոչ թե բարելավման, այլ ձեւական փոփոխության մասին է, ինչը ոչինչ չի նշանակում: Հիվանդ բջիջներն այլ «օրգաններում» են ու «Արարատի» խնդիրների լուծման ճանապարհը այլ հարթության մեջ է փոփոխություններ ու բարելավումներ ենթադրում:
Քանի դեռ ակումբը գտնվում է ֆուտբոլային առումով անպատասխանատու մարդկանց ձեռքերում, քանի դեռ այն միայն բրենդ է, որը, պարզապես, ցանկանում են մսխել, ու քանի դեռ սպառողական հոգեբանությունը վեր է ստեղծագործականից, «Արարատում» դրական տեղաշարժեր տեղի չեն ունենա: Կամ էլ կկրեն այսվայրկենական բնույթ: Իսկ դա նշանակում է, որ հեռու չէ այն օրը, երբ հայկական ֆուտբոլը, Աստված չանի, իսպառ կզրկվի «Արարատից»: Դրա նախադրյալները օրեցօր ավելանում են:
ԳԱՅԱՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել