Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՂԹԱՆԱԿ՝ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ

Ապրիլ 26,2011 00:00

Ապրիլի 24-ի առավոտը բարի լուրով բացվեց հայ մարզասերների համար: Երկրորդ թեթեւագույն քաշային կարգում IBF/WBC/WBA վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանը թեթեւագույն քաշայինների կարգում աշխարհի չորս ուժեղագույն բռնցքամարտիկների միջեւ կազմակերպված մրցաշարում երրորդ տեղի համար պայքարում, որ կայացավ Լոս Անջելեսում, 5-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթեց աշխարհի նախկին չեմպիոն կոլումբիացի Իոննի Պերեսին եւ տիրեց IBO-ի չեմպիոնական գոտուն:
Վանաձորցի մարզիկը, ինչպես խոստացել էր ռինգ մտնելուց դեռ շատ առաջ, այս անգամ չթողեց, որպեսզի միավորների հաշվարկով մրցավարները հաղթողին որոշեն: Հենց առաջին ռաունդից նա այնպիսի տեմպ թելադրեց մրցակցին, հուժկու հարվածների այնպիսի տարափ տեղաց նրա վրա, որ մեկնարկային չորս ռաունդներում կոլումբիացու մտահոգությունը միայն ինչ-որ ձեւով դրանց դիմանալն էր: Սակայն արդեն երկրորդ ռաունդում Պերեսն, այնուամենայնիվ, հայտնվեց ռինգի հատակին: Նոկդաուն: Դրանից հետո Վիկն ավելի մեծացրեց ճնշումը: Բայց, ի պատիվ կոլումբիացու, նա, թեեւ որոշ դրվագներում ճոճվելով, զարմանալիորեն կարողանում էր ոտքի վրա մնալ: Որոշ լրատվամիջոցներ շտապեցին կասկածի տակ առնել նոկդաունը: Սակայն Պերեսն ինքը հաստատեց, որ, դա, իրոք, նոկդաուն էր: «Երկրորդ ռաունդում ես իսկապես նոկդաունում հայտնվեցի: Վիկին հաջողվեց ցնցել ինձ», – մարտից հետո խոստովանել է նա լրագրողներին: Իսկ հանդիպումը դադարեցվեց հինգերորդ ռաունդում, երբ Վախթանգի հերթական գրոհի ժամանակ մերձամարտում բռնցքամարտիկները գլխով բախվեցին եւ Պերեսի հոնքի վերին մասում արտերյալ արնահոսություն սկսվեց: Վնասվածքը խորն էր, վտանգավոր եւ ռինգի բժիշկ Փոլ Ուոլլեսը նրան պայքարը շարունակել թույլ չտվեց: Տեխնիկական նոկաուտով հաղթանակը միաձայն շնորհվեց հայ բռնցքամարտիկին:
Սա պրոֆեսիոնալ ռինգում Վախթանգ Դարչինյանի անցկացրած 40 մարտերում 36-րդ հաղթանակն էր եւ 27-րդը՝ ժամանակից շուտ: Սակայն այս մեկն առանձնակի խորհուրդ ունի, քանի որ ձեռք բերվեց ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի նահատակների հիշատակի օրը: Մարզասերներն անպայման տեսած կլինեն, որ մարտի ժամանակ Վիկի գոտու վրա գրված էր 1915: Ափսոս, որ հաջորդ օրը չկարողացանք հեռախոսակապ հաստատել Վիկի հետ՝ նա, անկասկած, ասելու շատ բան կունենար: Սակայն նրա անձնական մարզիչ Վազգեն Բադալյանը, որ այս անգամ իր սանի կողքին չէր եւ մարտին հետեւել է Վանաձորում, պատմեց. «Ամեն օր հեռախոսով զրուցել ենք: Տեղյակ եմ եղել Վախթանգի ամերիկյան նախապատրաստության ամբողջ ընթացքին եւ խորհուրդներով օգնել: Վերջին անգամ խոսել ենք մենամարտից երկու ժամ առաջ: Տրամադրությունը բարձր էր: Խոստացավ, որ անպայման հաղթելու է նոկաուտով եւ հաղթանակը նվիրելու է Ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակին: Ճիշտ է, մարտը չավարտվեց մրցակցի ստացած վնասվածքի պատճառով, բայց կասկած չունեմ, որ եթե նման բան չլիներ, Վախթանգն իր խոստումն անպայման կկատարեր հաջորդ երկու ռաունդների ընթացքում»:
Հիմա Վիկի առաջնային նպատակը Աբներ Մարեսի եւ Նոնիտո Դոների հետ ռեւանշ մրցամարտն է: «Ես ներում եմ մրցակիցներիս, երբ նրանք ռինգում իրենց անազնիվ են պահում եւ հաջորդ մենամարտերում ապացուցում, որ ավելի ուժեղ եմ: Բայց երբ մրցավարներն են կեղտոտ խաղերի մեջ մտնում… Սրանից հետո այլեւս չեմ հանդուրժելու: Հիմա ես տարեվերջին ռեւանշ մրցամարտ եմ ուզում Աբներ Մարեսի կամ Նոնիտո Դոների հետ: Իսկ եթե նրանք հրաժարվեն ինձ հանդիպել, հաջորդ քաշային կարգ կբարձրանամ», – ասում է Վախթանգ Դարչինյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել