Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դեղատոմս՝ կրթօջախներին

Ապրիլ 26,2011 00:00

Բուհական ուսուցման հոգեբանական հիմնախնդիրները օրերս Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հարկի տակ էին համախմբել հանրապետության մի շարք բուհերի եւ հոգեբանական ծառայությունների կենտրոնների մասնագետների: Գիտաժողովի կազմակերպիչները նշում են, որ հոդվածները կիրառական մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Դրանց մեծ մասը հետազոտությունների արդյունք են: Որո՞նք են մանկավարժների ազդեցիկության եւ իրավասության սահմանները, կամ ի՞նչ դեր ունի անձնային ճկունությունը բուհում ուսանողների հոգեբանական հարմարման գործընթացում. այս եւ այլ հարցերի պատասխանները հնչեցին, քննարկվեցին գիտաժողովի լիագումար նիստում եւ երկու մասնաճյուղերում: Ազատական արժեքների արմատավորման պայմաններում ձեւավորվել են ուսանող-դասախոս հարաբերությունների նոր որակներ, որի հիմնախնդիրները նույնպես արժանացել են հոգեբանների ուշադրությանը: «Հոգեբանական կրթությունը, հոգեբանական սպասարկումը մեզանում զարգացած չէ»,- ասում է ԵՊՀ պրոֆեսոր Մելս Մկրտումյանը: Բուհական համակարգում հոգեբանական հիմնախնդիրների առկայության մի մասը, ըստ նրա, գալիս է մանկապարտեզից, դպրոցից, որտեղ մասնագետների մեծ կարիք կա: Նույնիսկ շատ բուհերում, որոնք ունեն հոգեբանության ամբիոններ, չկան հոգեբանական ծառայություններ: Սրան ավելանում են սոցիալ-տնտեսական պայմանները, համացանցը, որում առկա շատ տեղեկատվության հավաստիությունը կասկածելի է: Այս ամենի հետեւանքով երիտասարդները դառնում են խոցելի: Առիթից օգտվում են աղանդավորական, ազգայնամոլական եւ նմանատիպ այլ կազմակերպությունները: Արդյունքում՝ պետությունն է կանգնում դժվարին կացության առջեւ: «Ճապոնիայում երեխան անգամ գիտի՝ ինչ պետք է անել աղետի դեպքում: Մենք անպատրաստ ենք, եւ դա այն դեպքում, երբ տեսել ենք երկրաշարժ, որի հոգեբանական հետեւանքները դեռ զգացվում են»,- ասում է պրոֆեսորը: Դեղատոմսը մեկն է՝ մանկապարտեզում, դպրոցում, բուհում, արտալսարանային ու արտադասարանային միջոցառումներում խոսել, մեկնաբանել, քննարկել այն սպառնալիքները, որոնք գոյություն ունեն, եւ դա անել մասնագետների հետ ու համակարգված. մի խոսքով՝ ձեւավորել հոգեբանական մշակույթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել