Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պայմանների դեպքում՝ ավելի խիստ գնահատական

Ապրիլ 26,2011 00:00

Մարզային թատրոնները մեծամասնաբար անմխիթար վիճակում են

ԹԳՄ-ն եւ ԱԹՍՄ-ն (Ազգային թատերական ստեղծագործական միավորումը) մշտապես մասնագիտական աջակցություն են հանդես բերում մարզային թատրոններին, օգնում բեմադրիչների գործուղմանը, ներկայացումների դիտումները մայրաքաղաքում կազմակերպելուն եւ այլն: Ուշադրության կենտրոնում է Արցախի՝ Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը: Օրինակ, ԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը մարտին հանդիպել է ԼՂՀ մշակույթի նախարար Նաիրա Աղաբալյանի հետ, քննարկվել են Ստեփանակերտի թատրոնի խնդիրները, որից հետո նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է թատրոնի կոլեկտիվին, խոստացել 2012թ. սկսել թատրոնի շենքի հիմնանորոգումը եւ այլն: Վերջերս էլ թատերագետներ, ԹԳՄ վարչության քարտուղար Լեւոն Մութաֆյանը եւ ԱԹՍՄ նախագահ Արա Խզմալյանը տիկին Աղաբալյանի հետ զրույց են ունեցել թատրոնը պրոֆեսիոնալ բեմադրիչներով ապահովելու, ինչպես նաեւ 2012թ. թատրոնի հիմնադրման 80-ամյակին նվիրված գիրքը պատրաստելու առիթով: Առաջարկվել է Ստեփանակերտի պետական թատրոնի կողմից դիմում հղել ՀՀ ԿԳ նախարարությանը՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղում այս տարի Ստեփանակերտի թատրոնի համար նպատակային կուրս ձեւավորելու համար:
Տեղեկացված լինելով, որ մարտի 21-ին ԱԹՍՄ-ի ձեռնարկած «Թատրոն X» փառատոնի մասնագիտական հանձնախումբը օրերս վերադարձել է Լեռնային Ղարաբաղ, Կապան, Գորիս կատարած շրջագայությունից, «Առավոտը» հանդիպեց հանձնախմբի անդամ, թատերագետ Տիգրան Մարտիրոսյանի հետ, խնդրելով ուրվագծել Հայաստանի հեռավոր մարզերում թատերական համայնապատկերը: Մեր զրուցակիցը նախ նշեց, որ մեկ բեմադրություն դիտելով՝ կարծիք կազմելը ճիշտ չէ, կարելի է ընդամենը ենթադրություններ անել, սակայն 4-րդ տարին անցկացվող «Թատրոն X»-ի քննարկումներից հետո, ներկայացված աշխատանքներում նկատելի են ժամանակին հանձնախմբի կողմից արված մասնագիտական դիտարկումները: «Արցախյան ուղեւորության լուսավոր կետերից էր Շուշիի «Նարեկացի» արվեստի միավորման թատերախմբի ներկայացրած՝ Է. Զոհրաբյանի «Ախ, այդ վհուկը» հեքիաթի թեմաներով բեմադրությունը (ռեժիսոր՝ Վ. Գեւորգյան): Դերասանները 4-10 տարեկան երեխաներ են: Այս թատրոնը իր գոյությամբ հասարակական լուրջ խնդիր է լուծում: Երիտասարդ սերունդը ընդգրկվելով թատերախմբում, անաղարտ է պահում մանկական ներաշխարհը: Ներկայացումը դիտելիս պարզապես հորդում էր մանկական մաքրությունը… Փոխարենը, դիտելով Ստեփանակերտի պետական թատրոնի՝ Կ. Դանիելյանի «Լաճ տնավեր» ողբերգությունը (բեմադրիչ՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ս. Ղուկասյան), հանձնախումբը անողոք քննադատություն հնչեցրեց. ռեժիսուրան բացահայտ կաղում էր, դերասանական խաղում էլ նկատելի էր 1970-80-ականների, պատկերավոր ասած՝ հնաոճ խաղը»: Տ. Մարտիրոսյանը խոսելով Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական թատրոնի ներկայացրած Հ. Թումանյանի «Տերն ու ծառան» հեքիաթի մոտիվներով մյուզիքլի մասին (բեմադրիչ՝ Վ. Ստեփանյան), նշեց, որ այն անհամեմատ բարձրակարգ էր, քան անցյալ տարվա ներկայացրած բեմադրությունը: Մեր զրուցակիցը նաեւ փաստեց, որ մյուս կողմից, այդ ներկայացումը կարծես Պատանի հանդիսատեսի թատրոնի նույն ռեժիսորի նույն ներկայացման պատճենը լիներ: Ամեն դեպքում, ըստ, Մարտիրոսյանի, գորիսցիներն իրենց խաղով չէին զիջում մայրաքաղաքի իրենց գործընկերներին: Թատերագետը հավաստիացրեց, որ, չնչին բացառություններով, հանձնախմբին գոհացրել է Կապանի Շիրվանզադեի անվան պետական թատրոնի ներկայացրած Գ. Տեր-Գրիգորյանի «Եկեք անկեղծ խոսենք» կատակերգությունը (բեմադրիչ՝ Ռ. Մատիաշվիլի). «Ռեժիսորական աշխատանքը բարձր որակի էր, բեմում կար անսամբլային խաղ…»: Թատերագետը նկատեց, որ եթե մարզային թատրոններում ստեղծագործական աշխատանքի համար ապահովված լինեն նվազագույն պայմաններ, ապա թատերագետները իրենց գնահատականներում շատ ավելի խստապահանջ կլինեին. «Օրինակ, Գավառի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում այնքան ցուրտ էր, որ վառարան էր դրված, ինչը թույլ չէր տալիս կենտրոնանալ ներկայացման վրա…»:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել