Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՍՏԱՄԲՈՒԼԸ՝ ՀԱՅ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ»

Ապրիլ 26,2011 00:00

\"\"Ցուցահանդես՝ Ստամբուլի Սուրբ Երրորդություն եկեղեցում

«Առավոտի» շաբաթ օրվա՝ «Ստամբուլը՝ հայ լուսանկարիչների աչքերով» լուրում տեղեկացրել էինք, որ Ստամբուլի Բեյօղլիի առաքելական Սուրբ Երրորդություն եկեղեցու սրահներից մեկում ապրիլի 15-ից բացվել է «Քեզ գի սիրեմ, Իստանբուլ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Ստամբուլում գործող «Իստանբուլահայ» կազմակերպության եւ Թուրքիայի հայոց պատրիարքարանի կողմից եւ կգործի մինչեւ մայիսի 8-ը: Ներկայացված են տասնիններորդ դարից մինչ այսօր Ստամբուլում ապրած շուրջ երկու տասնյակ հայ լուսանկարիչների աշխատանքները: «Առավոտը» օրերս այցելեց Սուրբ Երրորդություն եկեղեցի, որտեղ հանդիպեցինք ցուցահանդեսի կազմակերպիչ, «Իստանբուլահայ» կազմակերպության ծրագրերը համակարգող հայազգի լրագրող Աննա Թուրայի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ լուսանկարչական ցուցահանդեսը նախատեսված էր կազմակերպել դեռ նախորդ տարի, երբ Ստամբուլը եվրոպական երկու քաղաքների հետ միասին մշակութային մայրաքաղաք էր հայտարարվել, եւ ներկայացվելիք տասը ծրագրերից մեկն էլ այդ ցուցահանդեսն էր: Ա. Թուրայի խոսքով, մշակութային մայրաքաղաքի շրջանակում զանազան ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ, այլ միջոցառումներ կազմակերպվեցին, որին մասնակցություն ունեցան նաեւ հայ համայնքի ներկայացուցիչները:
Նախորդ տարի իրականացրած ծրագրերից նա առանձնացրեց Կոմիտասին նվիրված շարքը: Մշակութային տարվա շրջանակում Ստամբուլում կազմակերպվել են համերգներ, եկեղեցիներում պատարագներ են կատարվել, որտեղ Կոմիտասի աշխարհիկ երգերն են ներկայացվել, Կոմիտասի մասին գիրք է տպագրվել, որտեղ առաջին անգամ նա թուրքերեն է ներկայացվել:
«Հիսուն տարի ընդմիջումից հետո միայն տղամարդկանց ձայնով Ստամբուլում կոմիտասյան պատարագ մատուցվեց: Հոս հիմնականում Եկմալյանը կարտասանվի: 1500 հոգանոց սրահը լեցուն էր, մեծ մասը թուրքեր էին: Նրանք առաջին անգամ էին Կոմիտաս լսում, նաեւ ալբոմ պատրաստվեց: Համբարձում Լիմոնջյանն ալ նոտայի սիստեմ էր հնարել, որի միջոցով Կոմիտասը ժողովրդական երգեր գրի առած էր»,-նշեց Աննան:
Ինչ վերաբերում է տասնիններորդ դարից մինչ այսօր հայ լուսանկարիչների գործերը մեկտեղած լուսանկարչական ցուցահանդեսին, այստեղ լուսանկարներում Ստամբուլն է՝ զանազան տեսարաններով: Ներկայացված էին աշխատանքներ Արա Գյուլերից, Պողոս Թարխուլյանից, Ասիլ Շամանջից, Միհրան Իրանյանից, Պասկալ Սեբահից, Աբդուլլահ եղբայրներից եւ այլն: Վերջիններս եղել են պալատական լուսանկարիչներ: Օսմանյան կայսրության զանազան քաղաքներ այցելելով՝ նրանք լուսանկարել են բազմաթիվ տեսարաններ: Արա Գյուլերի փոխանցմամբ. «1850-1920-ական թվականներին հայերը շատ քիմիական լաբորատորիաներ ունեին: Եվրոպայի մեջ եղած այս նորությունը՝ լուսանկարչությունը, շուտով Օսմանյան կայսրության սահմանները բերին, եւ առաջին ստուդիաները հոս՝ Բերայի մեջ բացվեցան, մենք ալ առիթը բաց չթողեցինք, որ Բերայի մեջ հարյուր հիսուն տարի վերջ այս լուսանկարները մեկտեղ բերինք եւ Իստանբուլին մեջ աշխատող եւ շատ կարեւոր լուսանկարիչների անունները հոս հիշեցինք»: 1950 թվականից Թուրքիայի եւ Եվրոպայի մեջ հանդես եկած հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը ցուցահանդեսին ներկայացված էր քսանից ավելի լուսանկարներով: «Այս աշխատանքները շատ կարեւոր են, որովհետեւ Իստանբուլն այսօր շատ փոփոխությունների ենթարկված քաղաք է: Այս լուսանկարներով հին Իստանբուլը, փողոցները, անձերը կհիշվին»,- ասաց հայազգի Թուրայը: Նա տեղեկացրեց, որ ցուցահանդեսի բացումը ակտիվ կերպով լուսաբանել է նաեւ թուրքական մամուլը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել