Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՂԱԶԱԽ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՓՈՐՁԵԼ Է ՓԱԽՑՆԵԼ ԻՏԱԼԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԸ

Ապրիլ 26,2011 00:00

Alitalia ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմի անդամները կասեցրել են Փարիզ-Հռոմ չվերթի ինքնաթիռը զավթելու փորձը: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Հաղորդվում է, որ ինքնաթիռի չհաջողված «փախցնողը», որը Ղազախստանի քաղաքացի է, պահանջել է օդանավի ուղղությունը փոխել դեպի Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի:
Ականատեսների ասելով, հանցագործը բորտուղեկցորդուհուն թիկունքից բռնել, կոկորդին դեմ է տվել մի փոքրիկ դանակ կամ եղունգի խարտոց եւ մի քանի րոպե այդ դիրքով պահել: Հաղորդվում է, որ հանցագործին վնասազերծել են անձնակազմի անդամները, որից հետո ինքնաթիռում եղած բժիշկը նրան հանգստացնող հաբեր է տվել: Հանցագործին չեզոքացնելու ընթացքում բորտուղեկցորդուհին թեթեւ վնասվածքներ է ստացել: Իտալական ոստիկանության տվյալներով, ինքնաթիռը փախցնելու մեջ կասկածվող անձը նախկինում չդատված 48-ամյա Վալերի Տոլմաչովն է: Ըստ որոշ տեղեկությունների, նա Փարիզում տեղակայված ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Ղազախստանի մշտական ներկայացուցչի խորհրդականն է: Աղբյուրի մատուցմամբ, կասկածյալը Հռոմում հյուրանոց պատվիրած չի եղել ու չի կարողացեք ասել, թե հատկապես որ հասցեում էր պատրաստվում Իտալիայի մայրաքաղաքում ապրել:
«Ինտերֆաքսի» փոխանցմամբ, Ղազախստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե մինչեւ տեղի ունեցածի բոլոր հանգամանքների պարզաբանումը չի կարող հաստատել հանցագործի ո՛չ ինքնությունը, ո՛չ քաղաքացիությունը: Հռոմի օդանավակայանում բարեհաջող վայրէջքից հետո հանցագործը կալանավորվել եւ հանձնվել է ոստիկանությանը: Alitalia ավիաընկերության հայտարարության համաձայն, հարձակվողը գտնվել է «ծայրաստիճան դյուրագրգիռ վիճակում»: Ինքնաթիռում միջադեպի պահին եղել է 131 ուղեւոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել