Սիրիայի զինված ուժերը գործողություններ են սկսել երկրի հարավում գտնվող Դարաա քաղաքում, ուր մեկ ամիս առաջ սկսվեցին հակակառավարական բողոքի ակցիաները: Reuters գործակալության փոխանցմամբ, քաղաք են մտցվել տանկեր եւ զրահամեքենաներ եւ նրանց ուղեկցությամբ նաեւ «հատուկ ծառայության հարյուրավոր ստորաբաժանումներ»: Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, Դարաա մտցված շուրջ 3000 զինծառայողները գրավել են քաղաքի կենտրոնը, շենքերի տանիքներին դիպուկահարներ են տեղակայվել, ովքեր կրակ են բացում խաղաղ բնակչության վրա: Կան զոհեր: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Քաղաքում անջատված է էլեկտրականությունը եւ հեռախոսակապը:
Սիրիական մեկ այլ քաղաքում՝ Ջեբլայում, անվտանգության ուժերը դարձյալ կրակ են բացել ցուցարարների վրա. առնվազն մեկ մարդ է զոհվել:
Իշխանությունները շարունակում են տեղի ունեցածի մեղքը բարդել հանցագործների «զինված խմբավորումների վրա»:
Հիշեցնենք, որ Սիրիայում հակակառավարական ցույցերը սկսվեցին մարտի 18-ին, այն բանից հետո, երբ Հորդանանին սահմանակից Դարաա քաղաքում ձերբակալվեցին մի խումբ աշակերտներ, որոնք պատերի վրա գրել էին հակակառավարական կարգախոսներ: Մարդիկ դուրս եկան փողոց՝ պահանջելով ազատ արձակել նրանց: Ավելի ուշ հուզումներ սկսվեցին երկրի այլ շրջաններում:
Չնայած Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն արդեն որոշակի զիջումների գնացել է, մասնավորապես հանել է երկրում 1963թ.-ից գործող արտակարգ դրությունը, այնուամենայնիվ, երկրում հակակառավարական բողոքի ցույցերը չեն դադարում: Տեղի իրավապահների տվյալներով՝ ցույցերի սկզբից մինչ այժմ ոստիկանների եւ բողոքի ակցիայի մասնակիցների միջեւ տեղի ունեցած բախումներին զոհ է գնացել առնվազն 240 մարդ:
BBC-ի տվյալներով էլ՝ Հորդանանի կառավարությունը հաղորդել է, թե Սիրիան որոշում է կայացրել երկու երկրների միջեւ սահմանակից անցակետերը փակելու մասին:
Թե ինչո՞վ է բացատրում Դամասկոսն իր այդ որոշումը՝ չի հաղորդվում: Հայտնի է միայն այն, որ երկուշաբթի օրը սիրիական բանակը երկրի հարավում խոշորամասշտաբ ռազմական գործողություն է սկսել ընդդիմության դեմ: