Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արժանի հակահարված չենք տալիս»

Ապրիլ 26,2011 00:00

Թուրքական քարոզչամեքենայի մասին նման կարծիք ունեն երիտասարդները

Երեկ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի պրակտիկ ժուռնալիստիկայի ամբիոնի նախաձեռնությամբ մեկնարկեց «Հայ-թուրքական փոխհարաբերությունների ազդեցությունը տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացման վրա եւ դրանց արտացոլումը մամուլում» թեմայով միջազգային համաժողով:
ԱԺ Եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գտնում է, որ հայ-թուրքական հարաբերությունները ազդել են տարածաշրջանային զարգացումների վրա եւ շարունակում են ազդել: «Երբ նույնիսկ հպանցիկ մոնիթորինգ ենք անում ՀՀ նախագահի կողմից հայ-թուրքական հարաբերությունները բնականոն ընթացքի մեջ դնելու վերջին շրջանի գործընթացը, մեկ բան հստակ երեւում է՝ Հայոց ցեղասպանության մասին նույն թուրքական, ինչպես նաեւ միջազգային մամուլում շատ ավելի է ասվել եւ խոսվել, քան անցած տարիների ընթացքում: Թուրքական մամուլում թեման ավելի «բաց» է: Ապրիլի 24-ին, երբ դիտում էի Ստամբուլի Թաքսիմ հրապարակից ուղիղ հեռարձակումը, թե ինչպես էր թուրք հասարակության 100-150 հոգանոց խումբը բաց խոսում՝ հայերից ներողություն խնդրելու մասին, հասկանում էի, որ, ինչպես ասում են՝ ջինը շշից բաց է թողնված: Մինչդեռ թուրք իշխանության քաղաքական էլիտայում մտածելակերպի փոփոխության նշույլ անգամ չկա: Մյուս կողմից՝ վստահ եմ, որ Ստամբուլի հրապարակում վաղը բաց խոսող մարդկանց թիվը կրկնապատկվելու է եւ դրանում իրենց մեծ լուման են ունենալու լրատվամիջոցները: 21-րդ դարը տեղեկատվական քարոզչական պատերազմի դար է: Մենք պետք է կարողանանք առավելագույնս օգտագործել մեր տեղեկատվական գործիքները»:
ՀՀ սփյուռքի փոխնախարար, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոս Ստեփան Պետրոսյանը կարեւորեց համաժողովը՝ վերջին օրերին երկու կարեւորագույն իրադարձությունների համատեքստում. «Նախորդող Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցն ու ՀՀ նախագահի՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող պետական հանձնաժողովի ստեղծման հրամանը հող նախապատրաստեցին տարածաշրջանում հայ-թուրքական հարաբերությունների ազդեցության եւ մամուլի անելիքների մասին բաց քննարկելու»:
Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի 3-րդ կուրսի ասպիրանտ Ռաֆայել Ավետիսյանը նշում է, որ տեղեկատվական դաշտում ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Հայաստանը երկկողմանի աշխատանքներ են տանում, սակայն. «Թուրքիայում ավելի մեծ տեղ է տրվում տեղեկատվական դաշտին: Մենք Թուրքիայի կողմից մեծ հարձակումների ենք ենթարկվում տեղեկատվական պատերազմի տեսքով, բայց առանց համապատասխան հակահարվածի: Այս հարցում մեծ անելիք ունի պետությունը: Միայն իշխանությունների միահամուռ համախմբվածության դեպքում հայկական լրատվական քարոզչամեքենան կսկսի լավ եւ արդյունավետ աշխատել»:
Թե ո՞ր «մասով» է հայկական լրատվական դաշտը զիջում թուրքականին, երիտասարդ ասպիրանտը նշեց. «Խնդիրը հայ լրագրողների վատ աշխատելու մեջ չէ: Թուրք լրագրողները, օրինակ, պետության կողմից շատ են ֆինանսավորվում, իսկ մասնավոր լրատվական գործակալությունները ֆինանսավորման կարիք չունեն: Թուրքիայում ակտիվ պրոպագանդվում է թուրքական ամեն ինչը՝ դրոշից սկսած: Ամբողջ աշխարհին նրանք ուզում են ասել, որ ավելի հզոր են, ու ամենավատն այն է, որ այդ հզոր ուժի հետ ամբողջ աշխարհը հաշվի է նստում: Այս ամենին նպաստում է նաեւ թուրքական ԶԼՄ-ներում հատուկ պետական քաղաքականությունը»:
Սլավոնական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Սուսաննա Հարությունյանը, որպես ապագա լրագրող, կարծում է, որ հայ-թուրքական թեմաներով մի փոքր զիջում ենք թուրքերին. «Ճիշտ է, ԶԼՄ-ները գրում են, շատ են խոսում հայ-թուրքական հարաբերությունների, Հայոց ցեղասպանության մասին, բայց արդյունքը մի տեսակ չի երեւում: Մեր հոդվածներում չենք կարողանում հասկացնել, թե ինչ ոճրագործություն է կատարվել մեր նախնիների հանդեպ: Թուրքական քարոզչամեքենային արժանի հակահարված չենք տալիս»: Ապագա լրագրողը անկեղծացավ, որ հայ-թուրքական հարաբերությունների մասին դեռեւս ոչ մի հոդված չի գրել, բայց որոշել է մասնագիտանալ այդ ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել