Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառը թերեւս ամենաղքատ քաղաքներից է: ԽՍՀՄ փլուզումից հետո տեղի գործարաններն անմիջապես սեփականաշնորհվել են, այնուհետեւ՝ մաս-մաս արվել ու վաճառվել, գավառցին՝ քյավառցին այսօր հեռանում է քաղաքից: Ռուսաստանում եւ Ուկրաինայում կան գյուղեր, որոնք ամբողջովին բնակեցված են գավառցիներով: Իսկ Գավառի կենտրոնում հազիվ 100 մետր քայլելուց հետո հասկանում ես, թե որոնք են արտագաղթ ծնող պատճառները: Լուսանկարում պատկերված անմխիթար ու ավերակ վիճակում են ոչ միայն քաղաքի կենտրոնական փողոցները, այլեւ կենտրոնը ծայրամասերին կապող ճանապարհներն ու, օրինակ, տաքսիները Արծվաքար չեն տանում՝ «ընդե ճամփա չկա, որ տանեմ, իմա՞լ ետ պիտի գամ» կուռ տրամաբանության համաձայն:
Արծվաքարցիները չեն հիշում, թե վերջին անգամ երբ է պետական որեւէ այր իրենցով հետաքրքրվել, բայց պատմում էին, որ «էսա մե քանի շաբաթ հառեջ էկան, բայց գիդո՞ւմ ես՝ ինչի, վարչապետը էս կողմերով էր անցնում, գեղացիք հելան, որ տրասը փակեն, խառնվուկ էկան, որ գործ չունեք, մենք մեր հարցերը կլուծենք, խաբին, թե ճամփեն կսարքեն ու հելան փախան»:
Արծվաքարցիները ցանկանում են գալ Երեւան՝ կառավարության շենքի առջեւ բողոքելու: