Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ»՝ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

Ապրիլ 26,2011 00:00

Գերմանիայի թուրքերը վերջին 50 տարում մտել են պետական տարբեր կառույցներ եւ խոչընդոտում են հայանպաստ քայլերի իրականացմանը:

Գերմանիայի հայերը ինչպես ամեն տարի, այս տարի էլ ապրիլի 24-ին երկրի մի քանի կենտրոնական քաղաքներում անցկացրել են հուշ-երեկոներ, գլխավոր միջոցառումը, ինչպես միշտ՝ Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի Պաուլս եկեղեցում է եղել:
Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս տարի առաջին անգամ թուրք մտավորական Դովլան Ագանլին է մասնակցել հավաքին: Ագանլին հայտնի գրող է եւ ցեղասպանության մասին խոսելու համար հինգ ամիս թուրքական բանտում էր: Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը ներկա է եղել նաեւ Բունդեսթագի պատգամավոր, Քրիստոնեա- դեմոկրատական կուսակցության խմբակցության անդամ Էրիկա Շտայնբախը, ով հայ դատի ամենահամառ պաշտպաններից է:
20-րդ դարի սկզբին Գերմանիան ակտիվ մասնակցություն է ունեցել Հայոց ցեղասպանության իրականացման գործում, նաեւ ջարդերի մասին տեղյակ լինելով՝ լռել է: Գերմանիայի հայ համայնքի հայանպաստ գործունեությունն էլ այսօր բախվում է Գերմանիայի թուրքերի հակազդեցությանը: Այս տարի Գերմանիայի թուրքերը նշում են որպես հրավիրյալ աշխատողներ՝ Գերմանիայի հետ պայմանագրի կնքման 50-ամյակը: «Այս տարիների ընթացքում թուրքերը հասցրել են երկրամասային պառլամենտներ, իշխանական տարբեր կառույցներ մուտք գործել: Նրանք մեր դեմ պայքարում են նաեւ կառավարական շրջանակներից: Բարեբախտաբար, վերջին շրջանում հայ երիտասարդությունը նույնպես ընդգրկվում է գերմանական տարբեր կուսակցություններում, ինչը երեւի մի քանի տարի հետո հնարավորություն կտա այս վիճակը շտկել: Հայկական համայնքը աչալուրջ է, ուշի ուշով հետեւում ենք նրանց բոլոր քայլերին: Բացի դա, մեր հնարավորությունների սահմաններում փորձում ենք կանխել կամ կանգնեցնել թուրքական ակցիաները, որոնք շատ են: Կարողանում ենք հնարավորին չափ դիմակայել»,- նշում է Ազատ Օրդուխանյանը:
Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նոր վարչությունը իր գործնեության դաշտում ընդգրկել է նաեւ Լեռնային Ղարաբաղի թեման, համոզված լինելով, որ սա ուղղակի կամ անուղղակի ազդում է համայնքի համախմբման գործի վրա: Խորհրդի նպատակներից են. երկրամասային պառլամենտների մակարդակով ցեղասպանության ճանաչում, երկրամասային մակարդակով դասագրքերի մեջ Հայոց ցեղասպանության մասին թեմաների ընդգրկում, Գերմանիայի քաղաքներից մեկում Հայոց ցեղասպանության հուշարձանի տեղադրում: Գերմանահայերը վստահ են, որ այս աշխատանքների շնորհիվ մարդիկ ծանոթանում են ճշմարիտ պատմությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել