Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմենը դեռ անտուն է

Ապրիլ 26,2011 00:00

Մանկատանը մեծացած տղան այժմ փողոցներում է. նա առանց բնակարանի է մնացել միայն այն պատճառով, որ տարիներ առաջ
նրան մանկատնից տեղափոխել են գիշերօթիկ դպրոց:

26-ամյա Արմեն Ստեփանյանն արդեն մի քանի տարի է՝ Երեւանի տարբեր թաղամասերում բնակվում է այնտեղ, որտեղ բարեգութ մարդիկ խղճում են եւ ժամանակավոր օթեւան տալիս: Երկկողմանի ծնողազուրկ Արմենը պետությունից պետք է բնակարան ստանար, եթե մանկատնից տղային չտեղափոխեին Նուբարաշենի գիշերօթիկ դպրոց: Այսօր արդեն, երբ Արմենը չափահաս է եւ փորձում է բացատրել, որ ինքը ծնողազուրկ է եւ օրենքով նրան բնակարան է հասնում, սոցիալական ոլորտի պատասխանատուները շատ հանգիստ հակադարձում են՝ «Դու ոչ թե մանկատան, այլ գիշերօթիկի շրջանավարտ ես, այդ պատճառով էլ ձեզ բնակարան չի հասնում»:
Գուցե պետությունն իր հոգսը թեթեւացնելու նպատակով է մանկատան երեխաներին ցրել այս ու այն կողմ, որպեսզի բնակարանի հարցն էլ «մեխանիկորեն» մեջտեղից դուրս գա, սակայն այսօր այդ երեխաները շատ լուրջ խնդիրների առաջ են կանգնել:
Արմենի՝ անտուն լինելու եւ գիշերօթիկն ավարտելուց հետո նրա կրած տանջանքների մասին «Առավոտն» արդեն մի քանի հրապարակում ունեցել է (05.02.2010 եւ 10.02.2010): Մեր հրապարակումներից հետո որոշ պաշտոնյաներ, ինչպես նաեւ բարեգործական կազմակերպություններ խոստացան, որ Արմենին ինչ-որ չափով կօգնեն, սակայն մինչ օրս էլ նա անօթեւան է: Նախագահ Սերժ Սարգսյանին դիմելուց հետո էլ, նրա նամակն ուղարկվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին, քանի որ նա հաշվառված է այս թաղամասի թիվ 22 ուսումնարանում, սակայն այնտեղից Արմենին դեռեւս 2008 թվականին են մերժել գոնե ինչ-որ հանրակացարանում սենյակ տրամադրել, այն դեպքում, երբ համայնքի հաշվեկշռում կան նման մարդկանց համար նախատեսված օթեւաններ: Մալաթիայի թաղապետարանից Արմենին պատճառաբանել էին, որ բնակարանային շինարարության ծավալները Երեւանում կտրուկ կրճատվել են, եւ բնակֆոնդն էլ նվազել է: Հիմա Արմենը բեռնակրի աշխատանք է անում սուպերմարկետներից մեկում: «Դա բավականացնում է որոշակի ծախսերի, բայց վարձով ապրելու համար շատ քիչ է: Հարազատ էլ չունեմ, որ նրանց տանը մնամ, մինչեւ հարցս լուծվի»,- պատմում է Արմենը: Մինչեւ բեռնակրի աշխատանքին անցնելը՝ Արմենը քնում էր նույնիսկ այս կամ այն խանութի պահեստում: Իր հագուստից բացի, նրա ունեցած միակ հարստությունը Աստվածաշունչն էր, որն ամեն օր կարդում է եւ հավատում, որ մի օր իր երազանքը կկատարվի՝ մորը կգտնի: Նա որոշակի փորձեր արել է հարազատներին գտնելու համար, սակայն կրկնակի ցավ է ապրել, երբ Արտաշատի գուղերից մեկում ապրող մորական տատը չի ցանկացել լսել Արմենի մասին եւ հայտնել է, որ որեւէ տեղեկություն չունի նրա մոր մասին: Որոշ ժամանակ անց նրա տատն էլ թողել-հեռացել է Հայաստանից:
Արմենը երկկողմանի ծնողազուրկ է, 12 օրական է եղել, երբ մայրը հրաժարվել է նրանից՝ թողնելով ծննդատանը, որտեղից էլ նրան տեղափոխել են սկզբում Խարբերդի, հետո՝ Քանաքեռի մանկատուն: Մի քանի տարի հետո ինչ-ինչ պատճառաբանությամբ Արմենը տեղափոխվում է Նուբարաշենի գիշերօթիկ դպրոց եւ այն ավարտելուց հետո մնում անտուն:
Նշենք, որ վերջին 2 տարիներին մանկատան շրջանավարտներին էլ պետականորեն բնակարան չի տրվում, պետբյուջեում գումար չլինելու պատճառաբանությամբ: Այսինքն՝ դեռ շատ ծնողազուրկ երեխաներ են դռնեդուռ ընկնելու՝ գիշերակացի վայր փնտրելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել