Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊՐԵՍԻԱ ԷԼ Է ՄՆԱՑԵԼ

Ապրիլ 26,2011 00:00

Այն փոխանցվել է սերնդեսերունդ՝ հայկական գենի միջոցով

«Հայ ժողովուրդը դեռ կրում է Հայոց ցեղասպանության հետեւանքները: 1910-15 թվականներին մարդկանց ապրած դեպրեսիան, սթրեսը այսօր էլ գենետիկ հիշողությամբ փոխանցվում է սերնդեսերունդ: Եվ ցավալի է, որ մեր կառավարությունը ավելի շատ մտահոգված է՝ միջազգայնորեն ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը հասնելով: Այսօր էլ ցեղասպանություն է մեր երկրի ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակը: Ավելի կարեւոր է՝ ոչ թե սպասենք, թե երբ կճանաչեն Մեծ եղեռնը, այլ պետք է բուժելու լուծումներ գտնենք մեր ժողովրդին ցեղասպանության հետեւանքներից զերծ պահելու համար»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ֆրանսաբնակ հոգեբան Հերոլդ Ալեքսանյանը: Ծագումով մշեցի հոգեբանը խոստովանում է՝ ինքը հանցագործ չէ ու դատապարտում է ցանկացած հանցագործություն, բայց. «Երբ տարիներ առաջ լսեցինք թուրք դեսպանի սպանության մասին, մեզ համար մեծ ուրախություն էր, ավելի շատ՝ ազատություն: Ազգայնամոլ չեմ, ատելություն չունեմ թուրքերի նկատմամբ եւ չեմ ուզում թուրք երեխային սպանել, մորթել, ուղղակի չեմ կարող»:
Նա եւ հոգեբույժ, Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Հակոբ Ակիսկալը եկել են այն համոզման, որ աշխարհում եւ հատկապես Հայաստանում հոգեբուժությունն անտեսված ոլորտ է: Հայ հասարակության մեջ դեռ չի ձեւավորվել հոգեբանի, հոգեբույժի մոտ այցելելու կուլտուրան ու գիտակցությունը: Հ. Ակիսկալի խոսքերով, Հայաստանում մտավոր ու հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ շրջապատում համարվում են անկարեւոր ու շատ դեպքերում դուրս են մղվում նաեւ բժշկական անհրաժեշտ խնամքից.
«Մտավոր ու հոգեկան հիվանդությունները այլ ֆիզիկական հիվանդություններից ոչնչով չեն տարբերվում, որովհետեւ ցանկացած հիվանդություն նույնքան, երբեմն ավելի շատ ուղեղային պատճառներ է ունենում»: Գործնական այցով Հայաստան այցելության ընթացքում պարոն Ակիսկալը հասցրել է պարզել, որ սթրեսային վիճակում հայտնված անձը, փոխանակ դիմի հոգեբանի կամ հոգեբույժի, առաջինը թակում է նյարդաբանի դուռը. «Մարդիկ ամաչում են հոգեբանին դիմել, որովհետեւ կարծրատիպ կա, եթե դիմեն, կասեն՝ հոգեկանը խանգարված է: Հոգեբաններն էլ իրենց հերթին են ամաչում ու խուսափում են մտավոր հիվանդին հիվանդ անվանել, պարզապես այցելու են ասում»: Պարոն Ակիսկալի խոսքերով, աշխարհում ամենաշատը հենց մտավոր ու հոգեկան խնդիրներ ունեցող անձանց իրավունքներն են խախտվում, եւ Հայաստանում այս առումով իրավիճակն ավելի վատ է. «Այս հիվանդները ճշգրիտ ախտորոշման, բուժման ու խնամքի կարիք ունեն: Աշխարհում ընդունված պրակտիկա է, որ կառավարության բյուջեներում այս մարդկանց համար բավարար գումար չեն հատկացնում կամ էլ ընդհանրապես չեն հատկացնում: Մտավոր ու հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ ամբողջ աշխարհում անտեսված են»: Հոգեբույժը նկատեց, որ միջազգային տնտեսական ճգնաժամը ամբողջ աշխարհում կրկնապատկեց հոգեկան խնդիրներ ունեցողների թիվը. «Ճգնաժամերի ժամանակ միշտ ավելանում են թե՛ դեպրեսիան, թե՛ անձկությունը, թե՛ ինքնասպանությունների թիվը: Պատերազմների ժամանակ այս երեւույթները, ընդհակառակը, նվազում են, որովհետեւ այդ ընթացքում ժողովուրդն ավելի համերաշխ է»: Հոգեբույժի խոսքերով, դեպրեսիան այսօր մահացու հիվանդություն է համարվում, որովհետեւ այն մարդկության առողջությանը մեծ վտանգ ու տարածում սպառնացող առաջատար հիվանդությունների սկզբնաղբյուր է դարձել: Ըստ նրա, համաշխարհային առողջապահական կազմակերպության վերջին տվյալների համաձայն, մեր օրերում քաղցկեղը, սրտանոթային հիվանդությունները, շաքարախտն ու մի շարք այլ հիվանդություններ առաջանում են հենց դեպրեսիայից:
«Ամերիկայում, եթե ազգությամբ հային շտապօգնությունը տեղափոխում է հիվանդանոց, առաջինը հարցնում են՝ Հայաստանի՞ց ես, թե՞ արտասահմանում բնակվող հայ ես: Հայաստանից լինելու դեպքում օրերով քննությունների են ենթարկում: Այստեղ դեպրեսիան շատ տարածված է, ու երիտասարդների շրջանում մահացության դեպքերի մեծ խթան է դարձել»,- ասաց պարոն Ակիսկալը: Անդրադառնալով վերջին շրջանում Հայաստանում երիտասարդների ինքնասպանությունների աննախադեպ աճին, հոգեբույժն ասաց. «Երիտասարդ տարիքում դեպրեսիայի մեջ հայտնվելուն նպաստում է գենետիկան, իսկ ավելի մեծ տարիքում՝ նվազ գենետիկ է: Կանանց շրջանում դեպրեսիան հորմոնալ պատճառներ ունի, տղամարդկանց շրջանում ուղեղի հետ է կապված: Պարզվել է, որ գենետիկ դեպրեսիան ի հայտ է գալիս միջավայրի ազդեցությունից, ճնշումից: Երիտասարդները ինքնասպանության դիմելիս շատ դեպքերում արդեն հոգեկան խանգարված վիճակում են ու իրենց քայլը առանց երկար մտածելու, վայրկենական են անում»: Կրոնական հողի վրա կատարված ինքնասպանություններին անդրադառնալով, պարոն Ակիսկալը նշեց, որ թեեւ ուսումնասիրություն չունի, բայց գիտականորեն ապացուցված է, որ հավատքը Աստծո նկատմամբ պաշտպանում է ինքնասպանություններից. «Կաթոլիկները, հրեաներն ու մահմեդականները ամենաքիչն են դիմում ինքնասպանությունների»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել