Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախագահի խոսքի կշիռը

Ապրիլ 26,2011 00:00

\"\"Այն կախված է այն բանից, թե արդյոք կբացահայտվի՞ «Մարտի 1»-ը

Ապրիլի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դատաիրավական ոլորտում բարեփոխումների շուրջ խորհրդակցության ժամանակ կարեւորել էր մարտի 1-ի բացահայտումը եւ այդ ուղղությամբ որոշակի հանձնարարականներ էր տվել պատկան մարմիններին, որոնցից մեկը՝ մարտի 1-ի վարույթն իրականացնող ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հենց հաջորդ օրն արձագանքելով այդ հանձնարարականին՝ հերթական անգամ պնդել էր. այդ գործով նախաքննությունը շարունակվում է, եւ կոչ էր արել ականատեսներին մարտի 1-ի վերաբերյալ տեղեկությունները փոխանցել ՀՔԾ-ին՝ երաշխավորելով նրանց գաղտնիությունը: Երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյանի հանձնարարականին՝ մարտի 1-ի զոհերից մեկի՝ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, պնդել է, որ առնվազն հայտնի են «Չերյոմուխա-7» հատուկ միջոցից զոհվածների մահվան հանգամանքները, դրանք վաղուց արդեն բացահայտված են, հայտնի են այդ հատուկ միջոցները կիրառած ոստիկանները, եւ նրանք անհապաղ պետք է ձերբակալվեն: «Այդ չորսի անուն-ազգանունը գիտենք, երկուսը՝ 1033 զորամասից, երկուսն էլ՝ հատուկջոկատայիններից՝ Դավիթաշենի զորամասից: Չէ՞ որ մենք գիտենք՝ ինչ կոչում ունեն դրանք, հիմա որտեղ են գտնվում, քանի մետր հեռավորությունից են գնդակահարել մեր երեխաներին: Գնացեք, ձերբակալեք: Եթե ցանկություն ունեք, ինձ հրավիրեք նախագահական, ես կգամ, կօգնեմ»: Ս. Քլոյանը նաեւ ասել է, թե քննչական մարմիններին ինքն այլեւս ոչինչ չունի ասելու, քանի որ ամեն ինչ արդեն վաղուց ասել է:
Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, մտավախություն է հայտնել, որ իշխանությունները հերթական անգամ իմիտացիա են անում, «որովհետեւ մի անգամ արդեն ականատես ենք եղել Փաստահավաք խմբի ստեղծմանը, որը նույնպես նախագահի հրամանով ստեղծվեց, իր հրամանով էլ այն լուծարվեց»: Այդուհանդերձ, տիկին Հովհաննիսյանին դուր է եկել այն հանգամանքը, որ նախագահն անձամբ է հայտարարել, որ մարտի 1-ի էջը փակված չէ, սպանությունները բացահայտված չեն: «Այսինքն՝ եթե մարտի 1-ը չբացահայտվի մինչեւ վերջ, դրանով կերեւա նախագահի խոսքի կշիռը»,- հայտարարել է զոհվածի մայրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել