Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՋՐԲԱԺԱՆԻ ՕՐԸ» ԿՀԵՏԱՁԳՎԻ՞

Ապրիլ 26,2011 00:00

\"\"Թերեւս՝ այո, եթե իշխանությունները մինչեւ ապրիլի 28-ի հանրահավաքը մի երկու քաղբանտարկյալի էլ ազատ արձակեն, իսկ Կոնգրեսը ոստիկանության հետ բանակցելուց հետո հնարավորություն ստանա Ազատության հրապարակ մտնել:

Հայ ազգային կոնգրես-իշխանություն փոխադարձ ռեւերանսները, որոնք արդեն մի քանի ամսվա պատմություն ունեն, միմյանց թիմերում հաջող զոնդաժավորումից հետո մտան գործնական փուլ: Դա ենթադրաբար հենց ՀԱԿ-իշխանություն երկխոսությունն է, որի ջատագովը հենց Կոնգրեսն է՝ ի դեմս իր առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի, եւ որը, հակառակ շարքային կոնգրեսականների կողմից դեռ առ ժամանակ առաջ արվող հուսահատ հերքումների, սկսում է բյուրեղանալ եւ կոնկրետ արդյունք արձանագրել: ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը լա՞վ է, թե՞ վատ, ա՞յդ էր ՀԱԿ-ի վերնախավի եւ նրա համակիրների ուզածը, երբ Տեր-Պետրոսյանը խոսում էր Եղիազար Այնթափցու մասին, թե՞ ոչ, ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը հեռակա ու ենթագիտակցակա՞ն մակարդակով շահերի համընկնման,  թե՞ դրանում ռեալ միջնորդներ ներգրաված լինելու արդյունք է՝ քննարկման այլ հարց է: Այսօր անհերքելի փաստն այն է, ինչի մասին հայտարարել է Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ արձագանքելով մարտի 20-ին դատաիրավական ոլորտում բարեփոխումների մասին խոսելիս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իջեցված հրահանգին՝ նոր թափ եւ ընդգծված ակտիվացում հաղորդել 2008 թ. մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը: Հիշեցնենք, որ այդ առնչությամբ Լ. Զուրաբյանը «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե՝ «իշխանության կողմից Մարտի 1-ի բացահայտման պաշտոնական հավաստիացման մեր պահանջը կատարված է, եւ մենք ընկալում ենք դա որպես ազդանշան, որ իշխանությունները դիտարկում են մեր այդ մինիմալ փաթեթի այլ պահանջների կատարումը նույնպես»: Զուրաբյանի  ասելով, կան ազդանշաններ, որոնք թույլ են տալիս մտածել, որ «իշխանությունները, կարծես թե, մտադրություն ունեն կատարելու ընդդիմության մինիմալ պահանջները՝ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, թույլատրել ընդդիմությանը Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնել», որոնց կատարումը՝ որպես «Հայաստանի քաղաքական միջավայրը թունավորող հիմնական գործոնների», կարող է  միջավայրի առողջացման ու իշխանությունների հետ երկխոսություն սկսելու հիմք դառնալ:
Հանուն արդարության պետք է, թերեւս, նշել նաեւ, որ Լ. Զուրաբյանի ասելով, ՀԱԿ-ը վճռական է տրամադրված, եւ իր երեք պահանջները պետք է կատարվեն մինչեւ «ջրբաժանի օրը»՝ ապրիլի 28-ի հանրահավաքը: Ըստ նրա, ընդդիմությունն առաջարկել է կոնկրետ քաղաքական գործընթաց, որն իրագործելու դեպքում հնարավորություն կտա երկրում ստեղծված ճգնաժամը կառավարելի պահել եւ այն կարգավորել բանակցությունների միջոցով:
Այն, որ Կոնգրեսի երեք պահանջներից այս մեկը՝ «Մարտի 1»-ը բացահայտելու պաշտոնական հավաստիացման մասին ամենաանտրամաբանականն ու ձեւականն էր՝ հեշտ փաստարկելի է. բանն այն է, որ 2008-ի մարտյան դեպքերից հետո ոչ մի իշխանավոր՝ Սերժ Սարգսյան կամ Աղվան Հովսեփյան ու ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյան, ոչ միայն պաշտոնապես չի հրաժարվել այդ գործը բացահայտելուց, այլեւ բազմաթիվ անգամ ասվել է, թե գործը նախաքննության փուլում է, եւ ամեն ջանք գործադրվում է բացահայտման համար: Այս մի՝ ՀՀ նախագահի պաշտոնական հավաստիացումն էլ նույն կարգի էր՝ առանց բացահայտման հստակ ժամկետ նշելու, բայց տեսեք, թե Ս. Սարգսյանի մի խոսքը որքան ոգեւորիչ եղավ ՀԱԿ-ի համար: Սա այն դեպքում, երբ ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնի ղեկավար, նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանն էլ այդ հավաստիացումից, իր ասելով՝ «լավատեսական սպասելիքներ չունի» եւ, մեղմ ասած, այնքան էլ վստահ չէ, թե «Մարտի 1»-ը լիարժեքորեն կբացահայտվի, եւ մեղավորները կպատժվեն, որովհետեւ երեք տարի մարտիմեկյան փաստերը կոծկած պաշտոնյաները չեն կարող իրենց կոծկածը բացահայտել, օբյեկտիվ, անաչառ գնահատականներ տալ այդ դեպքերին ու փաստերին: «Եթե հաջորդական ճնշումներն ավելի ուժեղանան եւ շարունակվեն, չի բացառվում, որ մեկ-երկու սպանություն կատարողի ենթարկեն քրեական պատասխանատվության, այն էլ, չեմ կարծում, որ սպանության մեղադրանքով»,- երեկ ասել է նա «Ազատություն» ռ/կ-ին:
Բայց եթե ՀԱԿ-ի վերնախավն ուզում է իշխանությունների կողմից իր պահանջների կատարման հարցում դրական տեղաշարժ տեսնել՝ տեսնում է անգամ իր համար անվստահելի այնպիսի տարրի միջոցով, ինչպիսին ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն է իր երեկ արած հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ վերջինս երեկ «կարեւորելով մարդու իրավունքների ոտնահարման կանխարգելումը հնարավոր ներքաղաքական լարված իրավիճակներում, ինչպես նաեւ անկեղծորեն հավատալով, որ մեր հասարակության զարգացման եւ պետության հզորացման համար իսկապես անհրաժեշտ է քաղաքական ուժերի երկխոսություն եւ առողջ համագործակցություն»՝ հանդես է եկել «Հայ ազգային կոնգրեսի եւ խորհրդարանական իշխող կոալիցիայի միջեւ միջնորդ դառնալու առաջարկությամբ» եւ «դրական արձագանքի ակնկալիքով եւ կոնկրետ քայլեր նախաձեռնելու վճռականությամբ» պատրաստակամություն է հայտնել այս շաբաթ իր առաջարկը գրավոր ուղարկել խորհրդարանական իշխող կոալիցիային եւ Հայ ազգային կոնգրեսին: ՀԱԿ համակարգող Լ. Զուրաբյանը նախ այս հայտարարությունն էլ է ընկալել որպես իշխանությունների կողմից ազդանշան՝ առ այն, որ նրանք դիտարկում են ՀԱԿ-ի մինիմալ փաթեթի այլ պահանջների կատարումը նույնպես, ապա հավելել է, թե  իշխանությունների հռետորաբանության «մեջ էլ զգացվում է մտահոգություն եւ գիտակցում, թե ինչքան լարված է վիճակը երկրում, եւ ինչքան սուր է քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամը»:
Տպավորությունն այնպիսին է, որ ՀԱԿ-իշխանություն հեռակա բանավեճը երկխոսության հուն տեղափոխելու Կոնգրեսի համար նախընտրելի ճանապարհին Սերժ Սարգսյանի կողմից ապրիլի 20-ին «Մարտի 1»-ի մասով տրված հանձնարարականները, ըստ էության, ՀԱԿ-ի համար դարձան այն փրկօղակը, որը Կոնգրեսին հիմք է տալու ապրիլի 28-ի հանրահավաքում հայտարարելու ընդդիմության ճնշման տակ արձանագրված եւս մի առաջընթացի ու ձեռքբերման, ուստիեւ՝ «ջրբաժանի օրը» հետաձգելու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել