Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՈՐԵՎԷ ԱԿՆԿԱԼԻՔ ՉՈՒՆԵՄ»

Ապրիլ 26,2011 00:00

\"\"Lragir.am-ը տպագրել է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ–ում գտնվող թուրքագետ, լրագրող Մուրադ Բոջոլյանի նամակը՝ ուղղված արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Նամակում ասված է. «Թեպետ այս նամակի շարադրման համար առիթ հանդիսացած Ձեր ելույթից բավական ժամանակ է անցել, սակայն իմ պարտքն եմ համարում դրան անդրադառնալ, թեկուզ եւ ուշացումով, քանի որ ԶԼՄ-ներում հնչեցրած Ձեր պնդումներն անմիջականորեն առնչվում են նաեւ իմ ճակատագրին: Այսպես, Դուք հավաստիացնում էիք, թե իբր ՀՀ կալանավայրերում գտնվող դատապարտյալների մեջ չկա գեթ մեկը, ով օրինակելի պահվածք է դրսեւորել, չունի որեւէ տույժ եւ չի օգտվել վաղաժամկետ ազատ արձակվելու իրավունքից: Մի կողմ թողնենք ՀՀ արդարադատության համակարգում տիրող աղաղակող անարդարությունների շարանը, որոնց մասին ոչ վաղ անցյալում բարձրաձայնում էիք նաեւ Դուք, եւ որոնց զոհ գնացի նաեւ ես՝ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների քաղաքական եւ շահադիտական ամբիցիաներին ու նրանց կեղծ հայրենասիրական “մղումներին” հագուրդ տալու մղումներից դրդված:
Միջգերատեսչական վաղաժամկետ ազատման ապօրինի հանձնաժողովը, որն ստեղծվել էր հակասահմանադրական ճանապարհով եւ իր չարաբաստիկ առաքելությունը առ այսօր չի դադարեցրել, շարունակում է բանտերում պահել հազարավոր կալանավորների, որոնց վաղաժամկետ ազատման ժամկետը վաղուց է լրացել, եւ որոնցից շատերը որեւէ տույժ չեն ունեցել: Թեեւ այդ հանձնաժողովը ստեղծվել է իմ դատավճռի կայացումից երեք տարի անց եւ իմ վաղաժամկետ ազատման հարցը քննելու իրավունք չուներ (ըստ օրենքի, եթե նոր օրենքն ու որոշումները վատացնում են մինչ այդ դատապարտվածների վիճակը, ապա այն հետադարձ ուժ չունի եւ հակառակը), սակայն անձամբ իմ գործը նրա դատին է ներկայացվել հինգ անգամ, այն էլ՝ երկու տարի ուշացումով, եւ միշտ էլ մերժվել է՝ առանց որեւէ հիմնավորման: Իսկ կալանավայրի հանձնաժողովը, որտեղ ինձ պահում են, միշտ էլ ամենադրական բնութագիրն է տվել ինձ: Այնպես որ, վերջին կես տարում արդեն ես ինքս եմ հրաժարվել նրանց դիմելու իրավունքից, քանի որ վաղաժամկետ ազատում հասկացությունն ինձ համար արդեն կորցրել է իր իմաստը, եւ շուտով լրանում է իմ ազատազրկման վերջնական ժամկետը: Սույն նամակով ես որեւէ ակնկալիք չունեմ, պարզապես արձանագրում եմ գոյություն ունեցող փաստը, եւ լավ կլիներ, որ այդ համակարգն ի պաշտոնե ղեկավարող անձինք հայտարարություններ անելիս հաշվի նստեին ռեալ իրականության հետ եւ թյուրիմացության մեջ չգցեին հասարակությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել