Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՄԻՏԱՑԻԱ՞, ԹԵ՞ ԱՆԿԵՂԾ ՄՂՈՒՄ

Ապրիլ 26,2011 00:00

Օմբուդսմենը «վագրային թռիչքի» է պատրաստվում

«Կարեւորելով մարդու իրավունքների կանխարգելումը հնարավոր ներքաղաքական լարված իրավիճակներում, ինչպես նաեւ անկեղծորեն հավատալով, որ մեր հասարակության զարգացման եւ պետության հզորացման համար իսկապես անհրաժեշտ է քաղաքական ուժերի երկխոսություն եւ առողջ համագործակցություն՝ ես ցանկանում եմ հանդես գալ ՀԱԿ-ի եւ իշխող կոալիցիայի միջեւ միջնորդ դառնալու առաջարկությամբ»,- երեկ շատերի համար թերեւս անսպասելի նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Անսպասելի, քանի որ օմբուդսմենի՝ նման նախաձեռնության ինֆորմացիոն առիթը կարծես չկա: Ավելին, առանց օմբուդսմենի նկրտումների էլ վերջին շրջանում իշխանություն-ՀԱԿ համագործակցությունն առավել քան նկատելի է՝ վերջին երեք տարիների՝ իրար հոշոտելու եւ ոչնչացնելու բացահայտ դրսեւորումներից հետո: Այնուհանդերձ, Կարեն Անդրեասյանը որոշել է: Որոշել է ու հայտարարել՝ ինքն էլ լավ իմանալով, որ հակասական մեկնաբանությունների առիթ է տալու իր քայլը. «Գիտեմ, որ որպես միջնորդ հանդես գալու իմ այս նախաձեռնությունը հնարավոր է քննադատեն տարբեր ճամբարներից, կխոսեն նաեւ դրա անկարելիության մասին, վերջում էլ կհեգնեն»: Այնուհանդերձ, ՀՀ օմբուդսմենը վստահ է, որ մեր ընդդիմության եւ իշխանության մեջ կան հայրենասեր, ինտելեկտուալ, պետական մտածողությանն ու քրիստոնեական եղբայրասիրությանը հավատարիմ գործիչներ, որոնց համար կառուցողական քաղաքական երկխոսության եւ ազգային համերաշխության ամեն մի հնարավորություն չափազանց կարեւոր է: Դրական արձագանքի ակնկալիքով եւ կոնկրետ քայլեր նախաձեռնելու վճռականությամբ օմբուդսմենն իր առաջարկը հենց այս շաբաթ գրավոր կուղղի խորհրդարանական իշխող կոալիցիային եւ ՀԱԿ-ին: Մինչ օմբուդսմենն իր առաջարկը պաշտոնական տեսքի կբերի եւ կներկայացնի քաղաքական ուժերին, երեկ փորձեցինք ճշտել սույն հայտարարության առիթով առաջացած տրամադրությունները: Կոալիցիոն մեծամասնություն հանրապետականները ձեռնպահ մնացին մեկնաբանություններից: Նրանց օրինակին հետեւեցին ՕԵԿ-ականները: Մեկնաբանություններում ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի համեմատ բավականին շռայլ էին ԲՀԿ-ականները: Մասնավորաբար, «Առավոտի» հետ զրույցում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը թեեւ զարմացավ՝ «իսկ դուք կարծում եք՝ միջնորդության կարիք կա՞», այնուհանդերձ, մարդկային եւ քաղաքացիական իմաստով օմբուդսմենի նախաձեռնությունն ազնիվ որակեց: Ասաց, որ պատրաստ չէ հրապարակային մեկնաբանություններ անելու, քանի որ գտնում է, որ այս հարցի վերաբերյալ կոալիցիայի մոտեցումը մեկը պետք է լինի. «Խորհրդարանում, կարծում եմ, կքննարկվի եւ միասնական կարծիք կհրապարակվի»:
«Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն օմբուդսմենի նախաձեռնության առիթով մեզ հետ զրույցում հիշեց, որ նման մի ձախողված փորձ մենք արդեն ունենք. «Նախորդ օմբուդսմենը հայտարարություններով հանդես եկավ, եւ նախագահի հրամանագրով ստեղծվեց Փաստահավաք խումբը, իր գրասենյակից էլ ներկայացուցիչ գործուղվեց: Բայց Փաստահավաք խումբը չկարողացավ ծավալել իր գործունեությունը: Ես չեմ ցանկանում հերթական անգամ շեշտել՝ ո՞վ էր մեղավորը, ո՞վ չէր ցանկանում աշխատել, ո՞վ էր քաղաքականացնում Փաստահավաք խմբի աշխատանքները եւ այլն»: Սակայն տիկին Փոստանջյանի կարծիքով, Փաստահավաք խումբը շատ լավ աշխատում էր, բացահայտումների ճանապարհի վրա էր, եւ խմբի կողմից հավաքված նյութերը շատ կարեւոր կլինեն՝ բացահայտելու եւ 10 մարդկանց սպանությունները, եւ, ընդհանուր առմամբ, լույս կսփռեն այդ օրը կատարված իրադարձությունների վրա: «Սակայն իրադարձությունները հանգեցրին նրան, որ բոլորի համար էլ ակնհայտ դարձավ՝ օմբուդսմենի գրասենյակի եւ իշխող կոալիցիայի կողմից ներգրավված անձինք հնարավորություն չունեցան ավարտելու իրենց աշխատանքը: Ինչո՞ւ: Որովհետեւ դրա համար գործադիր իշխանության ղեկավարության կողմից քաղաքական կամք չկար: Սերժ Սարգսյանը չցանկացավ, որպեսզի այդ բացահայտումներն իրապես տեղի ունենային, եւ իր իսկ հրամանով Փաստահավաք խումբը ցրվեց»,- նախկին իրադարձությունները վերհիշում է մեր զրուցակիցն ու հավելում. «Հիմա մեկ այլ իմիտացիա է տեղի ունենում: Ես սա այլ կերպ չեմ կարող գնահատել: Ներկայիս օմբուդսմենը լինելով երիտասարդ, անփորձ՝ նման քաղաքական վեճերում միջնորդ հանդիսանալու առումով, ես կարծում եմ, որ գործադիր իշխանության կողմից նախաձեռնած իմիտացիան է իրականացնում, ինչը փորձելու են միջազգային կառույցներին ներկայացնել որպես փակուղուց դուրս գալուն ուղղված կառուցողական քայլ»: Տիկին Փոստանջյանը նման մոտեցումն էլ պայմանավորում է օմբուդսմենի երիտասարդ եւ անփորձ, միաժամանակ հավակնոտ լինելու փաստով. «Հայությունն այսօր բազմաթիվ խնդիրներ ունի, եթե այդ միջնորդությունն այսօր վերցվում է նման փոքր կոնտեքստի մեջ՝ արդեն իսկ սխալ հուն է: Բախումն այսօր ոչ թե իշխանություն-ՀԱԿ սահմանում է, այլ հասարակության եւ գործադիր իշխանության մի քանի ներկայացուցիչների, ում ձեռքին են երկրի կառավարման թե արտաքին, թե ներքին լծակները: Մի քաղաքական ուժի հետ երկխոսելով՝ հարց չի լուծվի»:
Գյումրիի «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն էլ նկատեց, որ չի կարելի գերագնահատել մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը. «Անկախ այն հանգամանքից, թե ո՞վ է մարդու իրավունքների պաշտպանը, մեր երկրի օրենսդրությամբ դա բավականաչափ թույլ հաստատություն է: Այն նման է մի շատ խոշոր հասարակական կազմակերպության, որը ֆինանսավորում է ստանում պետական բյուջեից: Այսքան բան: Մի երեւելի ակնկալիքներ չունեմ: Մարդ է, իր կարծիքը գրել է: Այդ հարաբերությունների վրա օմբուդսմենը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ, եթե, իհարկե, մանիպուլյացիաների չի ենթարկվում: Լավագույն դեպքում կարող են իրեն մանիպուլացնել՝ ձեռնածություններ անել օմբուդսմենի ինստիտուտի հետ»: Լեւոն Բարսեղյանի այս մեղադրանքները անձնապես Կարեն Անդրեասյանին չեն վերաբերվում, քանի որ խոսքն օմբուդսմենի ինստիտուտի մասին է: «Առավոտի» հարցին՝ նախորդ օմբուդսմենների փորձից ելնելով՝ ի՞նչ տպավորություն եք ստանում, ՀՀ օմբուդսմենը խաղալի՞ք է իշխանության ձեռքին, մեր զրուցակիցն ասաց՝ «աշխատում եմ չտպավորվել», ու հիշեց 2004 թվականի ապրիլյան դեպքերից հետո, երբ ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանից փորձել էր ճշտել՝ մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումներ համարո՞ւմ է Բաղրամյան փողոցում գիշերը մարդկանց ծեծելը, վերջինս այդպես էլ հստակ չէր կարողացել ձեւակերպում տալ: «Երկրորդ օմբուդսմենը նույնպես մի երեւելի տպավորություն չի թողել: Ես խուսափում եմ ուսումնասիրել օմբուդսմենների գործունեությունը: Կարենի երեք նամակներն էլ նայել եմ, նրան վաղուց, մոտ 10 տարի է՝ ճանաչում եմ. ժրաջան, ճկուն անձնավորություն է, եւ սա կարող է քաղաքական կամքի դրսեւորումից եւ իր մանիպուլյացվելու տրամադրություններից կախված՝ տարբեր ազդեցություն ունենալ: Ես օմբուդսմենին պատկերացրել եմ շատ ագրեսիվ՝ մարդու իրավունքի համար կռվելու պատրաստ, ինչը ոչ ՀՀ առաջին, ոչ երկրորդ, ոչ էլ երրորդ օմբուդսմենների դեպքում չեմ տեսնում»,- ասաց Լեւոն Բարսեղյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել