Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդային մոտեցումները շարունակվում են

Ապրիլ 23,2011 00:00

Մարտնչող ուսանողներ եւ անպաշտպան դասախոսներ

\"\"

Մոտենում է ուսումնական տարվա ավարտը, գիտելիքների եւ ստեղծագործական հաջողությունների ամփոփման ժամանակաշրջանը: Ցավոք, վերջին տարիներին այն ուղեկցվում է ինչպես ուսումնական գործընթացում ընդգրկվածների, այնպես էլ ողջ հասարակության անդամների տարատեսակ մտահոգություններով:
Դարեր շարունակ բոլոր ազգերի համար ավանդույթ է ձեւավորվել նոր սերնդի դաստիարակության գործում ուսուցանողի անաղարտ կերպարի քարոզչությունը:
Մինչդեռ Հայաստանում 1970 թվականի սկզբից խախտելով ավանդույթը, կարծեք արշավ է կազմակերպվում մանկավարժի, բուհի դասախոսի նկատմամբ: Հիշենք, որ խորհրդային ժամանակաշրջանում հասարակական պարսավանքի էին ենթարկվում եւ անգամ դատի էին տրվում ոչ թե կուսակցական եւ խորհրդային չափազանց կոռումպացված պաշտոնյաները, այլ մանկավարժները, բուհի դասախոսները եւ բժիշկները: Խորհրդային մոտեցումները շարունակվում են եւ մեր օրերում: Հասարակական պարսավանքի են արժանանում ոչ թե կոռումպացված չինովնիկները եւ բոլոր, այդ թվում՝ անօրինական միջոցներով հարստանալ տենչացող օլիգարխները, այլ իր եւ ընտանիքի օրվա ապրուստը վաստակող մանկավարժները, բժիշկները, բուհի դասախոսները:
Մերժելի է այն երեւույթը, երբ որոշ շրջանակներ դասախոսների դեմ արշավում փորձում են ընդգրկել ուսանողությանը: Եթե առկա է հակամարտություն, ապա տվյալ դեպքում այն պետք է ընթանա մի դեպքում թույլ եւ ջանասեր ուսանողների, իսկ մյուս դեպքում՝ գիտակ եւ պատշաճ պատրաստականություն չունեցող դասախոսների միջեւ:
Հարց է առաջանում, թե ներկայումս ինչպիսի՞ նկարագիր ունեն հանրապետության բուհերի ուսանողները եւ դասախոսները:
Տեսանելի է ուսանողության շրջանում առաջացած շերտավորումը: Զգալի քանակ են կազմում ջանասեր, արդի տեխնոլոգիաների տիրապետմանը ձգտող, տարբեր օլիմպիադաների մասնակցող եւ անգամ մրցույթներում հաղթանակի հասած ուսանողները:
Առանձին խումբ են կազմում այն ուսանողները, ովքեր գիտելիքների պակասը փորձում են լրացնել հասարակական կազմակերպություններում ակտիվ ներգրավմամբ: Եվ, վերջապես, ուսանողության մի հատվածն էլ, անտարբերություն դրսեւորելով գիտելիքների ձեռքբերման նկատմամբ, սողանցք է որոնում անօրինական ճանապարհով ավարտական վկայական ստանալու համար:
Ինչ վերաբերում է դասախոսների գործունեությանը, ապա նրանց բացարձակ մեծամասնությունը հիմնավոր գիտելիքների եւ անբասիր վարքագծի տեր է: Սակայն ինչպես ցույց է տալիս իրականությունը, դրանք բավարար չեն գիտնական մանկավարժի արժանավայել ապրելակերպի ապահովման համար: Դասախոսը իր ընտանիքի հոգսերը թեթեւացնելու նպատակով հարկադրված է ազատ ժամանակը օգտագործել ոչ թե հանգստի եւ սեփական գիտելիքները հարստացնելով, այլ մի քանի տեղ աշխատանք կատարելով:
Այս ֆոնի վրա զավեշտական են հնչում այն հայտարարությունները, թե բարձրացվում են իրավապահ մարմինների, առանձին հիմնարկների աշխատողների աշխատավարձերը, որպեսզի նրանք զերծ մնան կոռուպցիոն ռիսկերից: Նման տրամաբանությամբ կարելի է մոտենալ ցանկացած ոլորտի աշխատողներին:
Իրականում բուհի դասախոսները ոչ միայն ունեն սոցիալական, այլեւ բարոյահոգեբանական խնդիրներ: Ընդամենը երկու տասնամյակ առաջ բուհի դասախոսը ընտրվում էր հինգ տարով եւ պատշաճ մակարդակով աշխատելու դեպքում զերծ էր մնում իր նկատմամբ կամայական մոտեցումից: Ներկայումս բուհի դասախոսը հայտնվել է միանգամայն անպաշտպան վիճակում եւ, փաստորեն, հանձնված է տվյալ հաստատության ղեկավարության ողորմածությանը: Ամենատարբեր, երբեմն անհիմն պատճառաբանությամբ, բուհի ռեկտորը կարող է դադարեցնել դասախոսի հետ գործող պայմանագիրը: Կամայականության զոհ կարող են դառնալ ինչպես խոստումնալից երիտասարդ, այնպես էլ բարձր համարում ունեցող բազմափորձ դասախոսները: Ըստ որում, կամայականության զոհ դարձած դասախոսների սեփական շահերը պաշտպանելու դիմումները՝ տարբեր ատյաններ եւ անգամ դատարան, որպես կանոն, մնում են անհետեւանք: Յուրատեսակ դիրքորոշում է որդեգրել ԿԳ նախարարությունը, որը, փաստորեն, ձերբազատվել է հանրապետության բուհերի ներքին կյանքի կանոնակարգմանը մասնակից լինելուց: Բարեբախտաբար, ներկայումս հանրապետության առանձին բուհեր ղեկավարում են այնպիսի ճանաչված գիտնական մանկավարժներ, ինչպես Ա. Սիմոնյանը, Ս. Զոլյանը, Կ. Աթոյանը, Ռ. Միրզախանյանը, Ա. Իսաբեկյանը: Հարց է առաջանում՝ իսկ ո՞ւմ ապավինեն մյուս բուհերի դասախոսները:
Մանկավարժների, բժիշկների նկատմամբ խտրականությունը դրսեւորվում է նաեւ կենսաթոշակի չափաբաժինը որոշելիս: Բավական է ասել, որ անգամ գիտության դոկտոր, պրոֆեսորի կենսաթոշակը տասը եւ ավելի անգամ զիջում է դատախազին սահմանված գումարից:
Միգուցե անհրաժեշտություն կա վերացնե՞լ այս անարդարությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել